Նյարդաբանության ձմեռային դպրոց

2014թ. փետրվարի 14-16, Ծաղկաձորի Ռոսիա հյուրանոցում, տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած «Նյարդաբանությունը մանկաբուժների համար» ձմեռային դպրոցը: Այն արդեն կազմակերպվում է չորրորդ տարին, Արաբկիր բժշկական համալիրի մանկական նյարդաբանության բաժանմունքի կողմից՝ հանձինս Բիայնա Սուխուդյանի: Այն նպատակ ունի երիտասարդ մանկաբույժներին ավելի լավ ծանոթացնել նյարդաբանության հիմունքներին և կատարելագործել մասնագիտական ունակությունները: Միջոցառմանը մասնակցում էին մոտ 30 բժիշկներ և կլինիկական օրդինատորներ: Այս տարվա միջոցառման հովանավորներն էին ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ, EVER Neuro Pharma, prof. Eugen Boltshauser-ը:

Դասախոսություններով հանդես եկան բժիշկ-նյարդաբան Բիայնա Սուխուդյանը, ՄԻԲՍ-ԵՐԵՎԱՆ ՄՌՏ-ախտորոշման բաժանմունքի վարիչ՝ բժիշկ-ռադիոլոգ Նարեկ Մատինյանը, Սբ. Աստվածամայր ԲԿ բժիշկ-նյարդաբան Նունե Կույումջյանը, «Մուրացան» համալսարանական պոլիկլինիկայի բժիշկ-նյարդաբան Թամարա Ավետիսյանը և նյարդաբանության ու մանկաբուժության կլինիկական օրդինատորներ Լյուդմիլա Եպիսկոպոսյանը և Արփինե Աբրահամյանը: Ի դեպ կլինիկական օրդինատորները ստացան դրամական պարգևատրում ցուցաբերված բարձր մասնագիտական ունակությունների համար, մրցանակը հատկացրել էր պրոֆ. Արա Բաբլոյանը:

Նախորդ տարիներին դպրոցը հովանավորվել է հայ-շվեյցարական համատեղ համագործակցության ծրագրի կողմից, որի հիմքում ընկած էր շվեյցարական համանման դպրոցների սխեման, երբ բուն մասնագիտական դասընթացներից զատ մասնակիցները հնարավորություն ունեն նաև սովորելու նոր ունակություններ՝ այս դեպքում դահուկասահք: Այս տարի մեր բժշկական ոլորտի առաջատարները գիտակցելով կրթական դպրոցի կարևորությունը մասնագետների որակավորման հարցում, իրենց վրա վերցրեցին հովանավորությունը, դրանով ցուցադրելով իրենց պատրաստակամությունը հայկական բժշկական դպրոցի զարգացման գործում: Հուսանք այն կլինի շարունակական: