ՄԻԲՍ Երեւան բժշկական կենտրոնը մտադիր է ընդլայնվել

ՄԻԲՍ Երեւան բժշկական կենտրոնը հինգ տարի առաջ է բացվել Հայաստանում, որպեսզի լրացնի բացը բարձրտեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում։ Անցած տարիներին այն հասցրել է այդ ոլորտում սահմանել բարձր նշաձող, ու այսօր մտադիր է ընդլայնվել։ Անցած ուղու ու հետագա ծրագրերի մասին NEWS.am Medicine –ին պատմել է կենտրոնի տնօրեն Արսեն Թորոսյանը։

Ինչպե՞ս է որոշվել բացել ՄԻԲՍ-ի (Սերգեյ Բերեզինի անվան բժշկական ինստիտուտ) մասնաճյուղը Երեւանում

Վեց տարի առաջ ես հանդիպեցի ՄԻԲՍ-ի ղեկավարության հետ ու մենք քննարկեցինք Հայաստանում հնարավոր ներդրումները։ Ես ուսումնասիրություն էի անցկացրել ու պարզել, որ Հայաստանը բարձտեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում շատ է հետ մնում ոչ միայն արեւմտյան, այլեւ նախկին ԽՍՀՄ երկրներից։ Այդ ժամանակ ՄԻԲՍ-ի ղեկավարության հետ միասին որոշեցինք Երեւանում տեղադրել առաջին բարձրդաշտային ՄՌ տոմոգրաֆը։ Նախապատրաստական աշխատանքները մոտ մեկ տարի տեւեցին, իսկ 2012-ի հուլիսի 2-ին մենք առաջին պացիենտներին ընդունեցինք։

2014-ին մենք ձեռք բերեցինք նաեւ համակարգչային տոմոգրաֆ, որպեսզի այդ ոլորտում ծառայությունների ամբողջական սպեկտրը մատուցենք։ Մենք չունենք միայն ՈՒՁՀ, բայց դրա անհրաժեշտությունը դեռ չենք տեսնում, քանի որ Հայաստանում ՈՒՁ հետազոտություններ շատ տեղերում են արվում ու որակյալ։ Այնպես որ ՈՒՁՀ-ի հարցում բացի լրացման խնդիր չկա, իսկ ՄՌՏ ու ՀՏ հետազոտություններ մենք ներդրեցինք, որպեսզի լրացնենք ակնհայտ բացը։

Ի՞նչ է փոխվել բարձրտեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում ՄԻԲՍ Երեւանի բացումից հետո

Սկզբում մենք մտանք հետազոտությունների բազային փաթեթով, իսկ հետո սկսեցինք ընդլայնել սպեկտրը։ Սկսեցինք իրականացնել գլխի, կրծքագեղձերի բարդ հետազոտություններ, հետո ներդրեցինք էպիլեպսիայի, սրտի հետազոտության ծրագրերը։ Այդ ամենը մենք առաջինն ենք արել Հայաստանում։

Մենք լուծել ենք տվյալ հետազոտությունների հասանելիության հարցը, ոչ միայն գնի, այլեւ ժամանակի առումով։ Մինչեւ մեր գալը Հայաստանում սարսափելի հերթեր էին ՄՌՏ-ի ու ՀՏ-ի համար։ Մարդիկ մի քանի շաբաթ ստիպված էին սպասել։ Մասամբ այդ հերթերը արհեստականորեն էին ստեղծում, որպեսզի ցույց տան իրենց կարեւորությունը։ Եւս մեկ հանգամանք կա՝ գոյություն ունեցող կենտրոնները քիչ ժամ էին աշխատում, ասես բոլորը հարմարավետության գոտում լինեին, քանի որ գումար միեւնույն է աշխատում էին։ 3-4 ՄՌՏ սարք կար, դրանք օրական 5-10 հետազոտություն էին անում, այսինքն ամբողջ Հայաստանում՝ 50 հետազոտություն։ Բայց օրական 200 հետազոտության կարիք կար։

Մեր մոտեցումը արմատապես տարբերվում է։ Մենք աշխատում ենք ամեն օր՝ ժամը 07:00-ից 23:00-ը, առանց տոների ու հանգստյան օրերի։ Մենք միայն երեք օր էինք հանգստանում Նոր տարուն, բայց այս տարի այդ օրերին էլ հերթապահություն կսահմանենք։ Մենք չենք ստեղծում հերթեր ու դա շատ հարմար է աշխատող մարդկանց համար։ Մեր կոլեկտիվում 30 աշխատող է, նրանք հերթափոխով են աշխատում, բոլորը իրենց գործով են զբաղված՝ բժշկից մինչեւ ինժեներ, ու աշխատանքի այդ բաժանումը այնքան հստակ է, որ աշխատանքի արտադրողականոթյունը շատ բարձր է։ Դրա համար էլ մեզ հաջողվում է շատ պացիենտների ընդունել։

Հինգ տարվա աշխատանքի ընթացքում մենք 45 000 պացիենտների 55 000 տոմոգրաֆիա ենք արել։ Ու այդ բոլոր տվյալները մեզ մոտ արխիվացված են, այնպես որ մեր տվյալների բազայի հիման վրա կարելի է նաեւ լուրջ գիտական հետազոտություններ անցկացնել։

Ի՞նչ հետաքրքիր բան է ՄԻԲՍ Երեւանն առաջարկում  այսօր

Հիմա մենք համակցված հետազոտություների երեք նոր փաթեթ ունենք ու դրանք մեծ պահանջարկ են վայելում, քանի որ գնով շահավետ են։ Դրանցից մեկը՝ «Առողջ ողնաշարը», ներառում է ողնաշարի երեք հատվածների՝ գոտկասրբանային, կրծքային եւ պարանոցային, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտություն մեկ  այցով։ «Կյանք առանց գլխացավի» փաթեթի մեջ են մտնում գլխուղեղի ՄՌՏ-ն, գլխուղեղի անոթների ՄՌ անգիոգրաֆիան եւ ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ-ն, իսկ «Վերարտադրողական առողջություն» փաթեթը ներառում է փոքր կոնքի օրգանների ՄՌՏ ու հիպոֆիզի հատուկ ՄՌ հետազոտություն՝ կոնտրաստի գործածումով։ Մեկ ամսվա ընթացքում մենք մոտավորապես 100 նման հետազոտություններ ենք իրականացնում։

Այդ առաջարկով մենք ասես ավարտում ենք մեր աշխատանքի հնգամյա ցիկլը, թե ինչ կմտածենք դրանից հետո՝ ես դեռ չգիտեմ, բայց դա լավ աշխատեց որպես ծառայությունների օգտագործելիությունը բարձրացնող միջոցառում։

Ի՞նչ հետագա ծրագրեր ունի ՄԻԲՍ Երեւան բժշկական կենտրոնը

Մենք մտածում ենք ընդլայնվելու մասին։ Եթե ներդրումային միջավայրը լավը լինի, նոր կառավարության խոստումները խոսքից գործի անցնեն, մրցակցային դաշտը առողջացվի, նաեւ մեզ հնարավորություն տրվի ծառայություններ մատուցել նրանց, ում համար մյուսներն են վճարում՝ ապահովագրական ընկերությունները, պետությունը, հիմնադրամները՝ ապա մենք կբացենք երկրորդ նույնատիպ կենտրոնը։

Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ չնայած վերջին ժամանակներում շատ կենտրոններ են բարձրդաշտային ՄՌՏ-ներ ձեռք բերել, բայցեւայնպես նման հետազոտությունների պահանջարկը դեռ բավարարված չէ։ Եւ մենք բավականաչափ ներուժ ունենք երկրորդ նմանատիպ կենտրոն բացելու համար։

Բացի դրանից ՄԻԲՍ ղեկավարությունը հիմա բանակցում է Հայաստանի կառավարության հետ՝ Ռադիոիզոտոպերի արտադրության կենտրոնի շուրջ։ Եթե բանակցությունները հաջող լինեն, ապա գուցե մենք հենց այնտեղ էլ այդ ամենը բացենք։ Այդ կենտրոնում արդեն կան ՊԷՏ ու ՍՊԵԿՏ սարքեր, ու եթե նաեւ ՄՌՏ ու ՀՏ հավելենք, ապա այն կարող է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման լուրջ կենտրոն դառնալ։ Իսկ եթե պետությունը երաշխիքներ ու քվոտաներ տա՝ ապա ՄԻԲՍ-ը պատրաստ է կառուցել նաեւ ռադիոթերապիայի կենտրոն, ինչպես ի սկզբանե ծրագրվում էր։ Բայց դա արդեն միայն մեզնից չէ կախված։ Կարծում եմ՝ մինչեւ սեպտեմբեր այդ հարցերը կհստակեցվեն։