Մեր հաստատության հիմնումը բեկումնային էր Հայաստանի առողջապահական համակարգի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի Երևանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Թորոսյանը:

– Պարոն Թորոսյան, ի՞նչ ախտորոշիչ ծառայություններ է մատուցում Ձեր կենտրոնը:

– Մեր կենտրոնը մատուցում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) ախտորոշման ծառայություններ: ՄՌՏ-ն ախտորոշիչ պատկերների ստացման մեթոդ է, որը հիմնված է միջուկա-մագնիսային ռեզոնանսի երևույթի վրա: Դրա ժամանակ չեն օգտագործվում ռենտգենյան ճառագայթներ, և հետևաբար այն լիովին անվնաս է օրգանիզմի համար: Այն ցուցված է գլխի, ողնաշարի, ներքին օրգանների և հոդերի ախտահարումների ժամանակ:

– Արդյո՞ք մինչ Ձեր կենտրոնի հիմնումը Հայաստանում չկային նման ախտորոշիչ կենտրոններ և ո՞րն էր այն բացելու անհրաժեշտությունը:

–ՄԻԲՍ-ը ԱՊՀ տարածքում գործող ամենամեծ կազմակերպությունն է, որն ունի ՄՌՏ ախտորոշման 80 կենտրոններ ՌԴ և ԱՊՀ տարածքում, ինչպես նաև գերժամանակակից ուռուցքաբանական և ռադիովիրաբուժական կենտրոն Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Հայաստանում ՄՌՏ ախտորոշումը զարգացած չէր և գտնվում էր 90-ականների կեսերի մակարդակի վրա, քանի որ օգտագործվում էին շատ հին և թույլ սարքավորումներ, որոնք թույլ չէին տալիս կատարել ժամանակակից բժշկությանը համահունչ հետազոտություններ: Ինչպես նաև ՄՌՏ հետազոտություն անցնելու համար անհրաժեշտ էր լինում մոտ մեկ ամիս սպասել: Հաշվի առնելով այս հանգամանքները, որոշում կայացվեց հիմնել ՄԻԲՍ Երևանյան մասնաճյուղը, որը հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան, Հայաստանում միակ` 1,5 Տեսլա հզորությամբ ՄՌ տոմոգրաֆով և արտասահմանյան լավագույն կլինիկաներում վերապատրաստված մասնագետներով: Կենտրոնը իր առաջին պացիենտին ընդունել է 2012թ. հուլիսին և այսօր արդեն իսկ հանդիսանում է ոլորտի անվերապահ առաջատարը:

– Ստացվում է, որ արտասահմանյան ընկերությո՞ւնն է զարգացնում Հայաստանյան բժշկությունը:

– Այո, ՄԻԲՍ Երևանյան մասնաճյուղի հիմնումը կարելի Հայաստանի առողջապահական համակարգի համար դրական իմաստով բեկումնային համարել, քանի որ մինչ այդ նման բարձրորակ ախտորոշիչ հետազոտություններ անցնելու համար պացիենտները ստիպված էին լինում մեկնել մեր հարևան Թբիլիսի կամ ռուսական ու եվրոպական այլ քաղաքներ: Իսկ այժմ այդ ամենը նույն որակով հասանելի է հենց Երևանում:

– Իսկ ինչո՞ւ մինչ այժմ այդպիսի քայլ չէր կատարվել Հայաստանում արդեն գործող բուժհաստատությունների կողմից:

– Ճիշտն ասած, չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ տեղեկացված չեմ, բայց փաստն այն է, որ 90-ականների կեսերից այդ ոլորտում որևէ էական առաջընթաց չէր գրանցվել, և այստեղ խնդիրը միայն սարքավորումները չեն, այլ նաև աշխատանքի այլ սկզբունքներ, որոնք մեր կենտրոնում պահպանվում են` ինչպիսիք են հերթերի բացակայությունը, մատչելի գները, թափանցիկ աշխատանքը, պացիենտների հետ հարաբերությունները, հետազոտությունների արդյունքների որակը, կատարվող հետազոտությունների ընդլայնվող սպեկտրը: Շուտով օրինակ մենք սկսելու ենք կատարել այնպիսի հետազոտություններ, որոնք նույն Եվրոպայում և Ամերիկայում վերջերս են տարածում գտել, ինչպիսիք են ֆունկցիոնալ ՄՌՏ-ն, սրտի ՄՌՏ-ն և այլն:

– Իսկ ինչպե՞ս եք ապահովում հետազոտությունների արդյունքների որակական կողմը, չէ՞ որ միայն սարքավորումը բավարար չէ ճշգրիտ ախտորոշում ստանալու համար: Արդյո՞ք կարելի է վստահել Ձեր բժիշկներին:

– Ինչպես արդեն նշեցի մեր մասնագետները ստացել են համապատասխան բարձրակարգ կրթություն և վերապատրաստումներ: Գումարած դրան մեր բժիշկները հնարավորություն ունեն ՄԻԲՍ հեռաբժշկական ցանցի միջոցով ցանկացած բարդ դեպքի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու Սանկտ Պետերբուրգի իրենց ավելի փորձառու գործընկերներից: Կենտրոնում գործում են նաև որակի վերահսկման այլ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ապահովել հետազոտության արդյունքների ամենաբարձր որակը Հայաստանում, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

– Իսկ պացիենտները հիմնականում ուղղակիորե՞ն են դիմում Ձեզ հետազոտություն անցնելու համար, թե՞ դա անում են, երբ բուժող բժիշկն է ուղեգրում նման հետազոտություն անցնելու համար:

– Քանի որ մեթոդը ինքնին լիովին անվնաս է, ապա շատ են լինում դեպքեր, երբ պացիենտները սեփական նախաձեռնությամբ գալիս և հետազոտվում են մեր կենտրոնում, և այսպես ասած` «առաջինն են տեղեկացված լինում իրենց առողջության մասին»: Պացիենտների մյուս մասը հետազոտվում է բուժող բժիշկների ուղեգրումից հետո: Իհարկե, կան նաև սակավաթիվ բժիշկներ, ովքեր անբարեխղճորեն ուղեգրումները կատարում են ելնելով իրենց նեղ անձնական շահերից, բայց բժշկական տեղեկատվության հասանելիության շնորհիվ այդ հարցը նույնպես լուծվում է, քանի որ պացիենտները շատ լավ հասկանում են, թե ինչու են իրենց ուղեգրում միմիայն ինչ-որ մի կենտրոն, որտեղ և՛ գներն են բարձր, և՛ որակը ցածր, և պացիենտները պարզապես չեն վերադառնում այդպիսի բժիշկների մոտ, քանի որ վերջիններս կորցնում են իրենց հեղինակությունը:

– Պարոն Թորոսյան, ինչո՞ւ են մեր օրերում այդքան մեծ ուշադրություն դարձնում ախտորոշման գործընթացին, որը շատ հաճախ ավելի թանկարժեք է լինում, քան ինքնին բուժումը:

– Ախտորոշումը միշտ էլ հանդիսացել է բժշկության առավել դժվար մասը, քանի որ կան հազարավոր հիվանդություններ, որոնք ունեն տարբեր բուժման մեթոդներ և մինչև բժիշկը հստակ չիմանա, թե ինչ հիվանդության հետ գործ ունի, նա չի կարող արդյունավետ բուժում նշանակել: Բացի այդ, սխալ ախտորոշման հետևանքով պացիենտը կարող է կրկնակի, երբեմն եռակի ավել գումար ծախսել՝ սխալ բուժման համար, իսկ այնուհետև նաև ճիշտ բուժման վրա: Էլ չեմ նշում, թե առողջությանը ինչ վնաս կարող է հասցնել սխալ բուժումը: Այդ պատճառով էլ կարելի է ասել, որ վերջին տասնամյակների ընթացքում ախտորոշիչ բժշկությունը շատ ավելի լայն թափով է զարգացել, քան բուժական բժշկությունը: Ինչ վերաբերում է ախտորոշման թանկարժեքությունը, ապա մեր կենտրոնում գները առավել մատչելի են, քան այլ ախտորոշիչ կենտրոններում, չնայած որ մեր մոտ որակը ամենաբարձրն է: Մեր ընկերությունը իր կորպորատիվ արժեքների համաձայն չունի գերշահույթներ ստանալու նպատակ, իսկ նրա առաքելությունը Հայաստանի բնակչությանը հասանելի բարձր-տեխնոլոգիական բժշկա-ախտորոշիչ օգնությամբ ապահովելն է, որի շնորհիվ հնարավոր կլինի վաղ շրջանում ախտորոշել հիվանդությունները և բուժել դրանք: