Գիտաժողով «Լեղուղիների հիվանդությունների ախտորոշում և վարում» թեմայով

ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի պարբերական դարձած գիտա-կրթական միջոցառումների ցանկը համալրվեց ևս մեկով: 2014թ. մարտի 14-ին Էրեբունի բիզնես պլազայում տեղի ունեցավ «Լեղուղիների հիվանդությունների ախտորոշումն ու վարումը» խորագրով գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի և Quantum S դեղագործական ընկերության հետ համատեղ: 

Միջոցառման ղեկավարն էր բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտորոլոգ Է.Հ. Գրիգորյանը: Գ.Խաչատրյան-ը (ԵՊԲՀ թերապիայի թիվ 3 ամբիոնի դոցենտ) ներկայացրեց «Լյամբլիոզ – կարևոր բժշկական և սոցիալական խնդիր» վերնագրով զեկույցը: Ներկայացվեց այս հիվանդության էթիոպաթոգենեզը, էպիդեմիոլոգիան, ախտորոշումը և բուժումը:

Հաջորդը ելույթ ունեցավ Ն.Գևորգյանը (ԵՊԲՀ թերապիայի թիվ 4 ամբիոն, «Արմենիա» ՀԲԿ բազա) ներկայացնելով խոլեստազով պացիենտների վարման նրբությունները և կարևոր ասպեկտները, հատկապես կապված ժամանակակից ախտորոշիչ մեթոդների ընտրության հետ:

Եզրափակիչ ելույթի ընթացքում ՄԻԲՍ բժիշկ-ռադիոլոգները ներկայացրեցին լյարդի և լեղուղիների վիզուալիզացիայի արդի մեթոդները` շեշտը դնելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի վրա: Հատկանշական է, որ վերջին զեկույցում առաջարկվող բոլոր մեթոդները հասանելի են Հայաստանում շնորհիվ ՄԻԲՍ 1,5 տեսլա հզորությամբ տոմոգրաֆի: Կոնֆերանսի բոլոր թեմաները ակտիվ քննարկվեցին մասնակիցների կողմից, որոնց քանակը հասնում էր 70 հոգու, կարևորվեցին բարձրաձայնված խնդիրները: Մասնակից գաստրոէնտերոլոգները և վարակաբանները նշեցին ձեռք բերված գիտելիքների կարևորությունն ու անհրաժեշտությունը պրակտիկ գործունեությունում: Հուսանք նման միջոցառումները կլինեն շարունակական և կնպաստեն հայկական բժշկագիտության զարգացմանը: