Միջողային աճառային ճողվածք

Միջողային աճառային սկավառակում տեղի են ունենում դեգեներատիվ-դեստրուկտիվ փոփոխություններ, ինչի հետևանքով վնասվում է աճառային սկավառակի ֆիբրոզ օղը և պուլպոզ կորիզը տեղաշարժվում է:

Պետք է նշել, որ ֆիբրոզ օղը կազմված է բազմաթիվ միահյուսված օղերից և բավական ամուր է, սակայն ենթարկվելով միկրոտրավմաների կորցնում է ամրությունը:

Կլինիկորեն միջողային աճառային ճողվածքները արտահայտվում են մի շարք ախտանիշներով, որոնցից ամենահաճախ հանդիպում են:

  • Ցավեր վնասված սկավառակի պրոեկցիայով

  • Ցավեր, որոնք տարածվում են ձեռքեր, ոտքեր կամ միջկողային ցավեր

  • Թուլություն վերջույթներում

  • Թմրածության, ծակծկոցի կամ այրոցի զգացողություն ձեռքերում և ոտքերում

  • Միզարձակության խանգարումներ

Ճողվածքների առաջացման հիմնական պատճառներն են տարիքային փոփոխությունները, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, տրավմաները և այլն:

Շատ կարևոր է առաջին հերթին ճիշտ ախտորոշումը: Այդ նպատակով կատարվում է հիվանդի գանգատների վերլուծում և նյարդաբանական զննում: Սակայն լիարժեք ախտորոշում կատարվում է ՄՌՏ-ով, որը բացարձակ անվնաս է և տալիս է տվյալներ ոչ միայն ճողվածքի առկայության մասին, այլ նաև նրա տեղակայման, չափերի, ուղեկցող այլ փոփոխությունների մասին:

Բուժման հիմնական նպատակներն են՝

  • Ցավային համախտանիշի վերացում

  • Բորբոքային պրոցեսի և տեղային այտուցի վերացում

  • Վերջույթներում թուլության և թմրածության վերացում, որը պայմանավորված է նյարդարմատի սեղմումով

  • Հիվանդի կյանքի որակի բարձրացում

  •  Նոր ճողվածքների առաջացման պրոֆիլակտիկա 

Բուժումը կատարվում է երկու ճանապարհով` կոնսերվատիվ (դեղորայքային) և վիրահատական: Ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր հիվանդի համար անհատական: