Բարձրադաշտ ՄՌՏ-ի կիրառումը ուրոլոգիայում

Հայաստանում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման մեջ դեռևս ավելի փոքր դեր ունի, քան ուլտրաձայնային հետազոտությունը և համակարգչային տոմոգրաֆիան: Սակայն աստիճանաբար այն ավելի մեծ կիրառում է գտնում նորագոյացությունների և այլ ախտահարումների ախտորոշման մեջ (ուռուցքային պրոցեսի փուլի և տարածվածության հստակ ախտորոշում ըստ TNM դասակարգման): ՄՌՏ-ն լայնորեն կիրառվում է նաև անոթային ախտահարումների ժամանակ` հեմոդինամիկ պրոցեսների գնահատման նպատակով (հունի արագություն, հյուսվածքներում արյան պերֆուզիա և դիֆուզիա):

ՄՌՏ-Շագանակագեղձի  քաղցկեղի աճ դեպի միզապարկ

Ուրոլոգիական պրակտիկայում ՄՌՏ-ի միջոցով հստակ կարելի է ախտորոշել և դասակարգել.

  • Շագանակագեղձի ախտահարումները (բորբոքում, ուռուցքներ)
  • Երիկամի ախտահարումները (ուռուցքներ, բորբոքումներ, կիստաներ, բնածին արատներ, վնասվածքներ, ավազանի ախտահարումեր)
  • Միզուղիների զարգացման արատները, նեղացումները և խցանումները
  • Կատարել երիկամային զարկերակների անգիոգրաֆիա

ՄՌՏ-ի կիրառումը ուրոլոգ-վիրաբույժներին հնարավորություն է տալիս հաջողությամբ պլանավորել և անցկացնել երիկամների և միզուղիների բնածին օբստրուկտիվ և ոչ օբստրուկտիվ զարգացման արատների, ուռուցքների և վնասվածքների վիրահատություններ` խուսափելով վիրահատության ընթացքում թեր-ախտորոշման պատճառով առաջացող չնախատեսված բարդություններից:

ՄՌՏ հետազոտությունը ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի անցկացվում է առանց որևէ ճառագայթների կիրառման, հետևաբար կարելի է կրկնել հետազոտությունը չվախենալով ճառագայթային ախտահարումներից, որը հատկապես կարևորվում է փոքր կոնքի հետազոտման ժամանակ: Մեթոդի հիմքում ընկած է մագնիսական դաշտում ատոմների միջուկների ռեզոնանսի գրանցումը: Միակ հակացուցումը մագնիսական դաշտի կողմից ձգվող մետաղների առկայությունն է օրգանիզմում` բեկորներ, էլեկտրական սարքեր, կարդիոստիմուլատորներ, լսողական իմպլանտներ: Ատամնատեխնիկայում կիրառվող մետաղների, ինչպես նաև անոթային կլիպսների և ներանոթային ստենտերի առկայությունը հիմնականում հակացուցում չեն հանդիսանում: Մինչ այժմ չկա ՄՌ հետազոտությունից արձանագրված հավաստի վնաս կամ բացասական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա:

ՄՌՏ-ն, ունենալով ամենաբարձր միջհյուսվածքային կոնտրաստը, հնարավորություն է տալիս հստակ տարբերակել անատոմիական կառուցվածքների սահմանները, փոխհարաբերությունը միմյանց նկատմամբ: Դա վիրահատող բժշկին շնորհում է բացառիկ հնարավորություն նախապես` մինչ վիրահատությունը, հստակ կանխատեսել սպասվող բարդությունները, մշակել վիրահատության տակտիկան, կամ ծայրահեղ դեպքում խուսափել որևէ միջամտությունից, որն էլ թույլ է տալիս կտրուկ նվազեցնել բժշկական սխալների քանակը: Ճիշտ ախտորոշման շնորհիվ կրճատվում է վիրահատության ժամանակը հետևաբար և տրավմատիզացիան:

Համաշխարհային ստանդարտներով ուրոլոգիական ախտահարումների ախտորոշման համար արժեքավոր են այնպիսի ՄՌՏ հետազոտությունները, որոնք կատարվել են 1,5 և 3 Տեսլա հզորությամբ ՄՌ տոմոգրաֆների միջոցով: