Ադապտիվ ճառագայթային թերապիան ՄՌՏ հսկողության տակ նվազեցնում է կարճաժամկետ կողմնակի ազդեցությունները շագանակագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ

 

Հետազոտողներն ուսումնասիրել են մեթոդիկայի բոլոր կլինիկական փորձարկումների հրապարակումները` «մարմնի ամենօրյա ադապտիվ ստերեոտաքսիկ ճառագայթային թերապիան` մագնիսա-ռեզոնանսային վիզուալիզացիայով» (MRg-A-SBRT) անվանմամբ: Ըստ հետազոտության արդյունքների, որոնք հրապարակվել են «Cancer» ամսագրում` գիտնականներն եկել են այն եզրակացության, որ ՄՌՏ-ն կարող է դարձնել ճառագայթային թերապիան ավելի անվտանգ՝ շագանակագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների համար: Այն օգնում է բժիշկներին առավել ճշգրիտ ուղղորդել  ճառագայթման չափաբաժինը շագանակագեղձի վրա` միաժամանակ խուսափելով դրանց ազդեցությունից հարակից հյուսվածնքերի` միզապարկի, միզածորանների և ուղիղ աղիքի վրա:

Մարմնի ամենօրյա ադապտիվ ստերեոտաքսիկ ճառագայթային թերապիան` մագնիսա-ռեզոնանսային վիզուալիզացիայով (MRg-A-SBRT) թույլ է տալիս ստանալ առավել մանրակրկիտ պատկերներ և կարող է օգտագործվել պացիենտի ամենօրյա ճառագայթման պլանը կարգավորելու համար՝ հաշվի առնելով անատոմիական փոփոխությունները: Ինչպես նաև  ապահովում է ճառագայթման ժամանակ շագանակագեղձի դիրքի հսկողությունը իրական ժամանակում:

MRg-A-SBRT-ն դառնում է ավելի ու ավելի հայտնի` անցնելով  բազմաթիվ կլինիկական հետազոտություններ: Նույն ժամանակ գիտնականները նշում են, որ չկա հստակ պատասխան` ինչքանով է այս մեթոդիկան, որը պահանջում է ավելի շատ ժամանակ և ռեսուրսներ, ազդում բուժման արդյունքի և կողմնակի հետևանքների վրա` ի համեմատ ճառագայթման չափաբաժինների ապահովման այլ աղբյուրների:

Հետազոտության անցկացման համար Դանա-Ֆարբեր քաղցկեղի ինստիտուտի և Ուիմենս էնդ Բրիգհեմ հիվանդանոցի բժիշկ Ջոնաթան Լիմանը և նրա կոլեգաները ուսումնասիրել են բժշկական գրականության այն օրինակները, որոնցում նշվել է MRg-A-SBRT-ի արդյունավետությունը: Գիտնականները հավաքագրել են շուրջ 29 կլինիկական հետազոտությունների տվյալներ, ընդհանուր առմամբ անցկացված 2547 պացիենտների վրա՝ գնահատելու կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են առաջանալ շագանակագեղձի քաղցկեղի MRg-A-SBRT-ով բուժումից հետո: MRg-A-SBRT-ն համեմատվել է բուժման ավելի ավանդական մեթոդի հետ` համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով, որը չի կորեկցվում ամեն օր:

Ըստ ստացված տվյալների` ճառագայթումից հետո կարճ ժամկետում MRg-A-SBRT ունեցել է զգալիորեն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ, որոնք կապված են միզուղիների և աղիների հետ: Մասնավորապես, կողմնակի ազդեցությունը միզուղիների վրա նվազել է 44%-ով, իսկ աղիների դեպքում՝ 60%-ով: