Սրտի ՄՌՏ․ այն ամենը, ինչ պացիենտին անհրաժեշտ է իմանալ

Ի՞նչ է սրտի ՄՌՏ-ն

Սրտի ՄՌՏ-ն (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ՄՌՇ) ոչ ինվազիվ հետազոտության տեսակ է, որի միջոցով գնահատվում է սրտի կառուցվածքաֆունկցիոնալ վիճակը։ Ի տարբերություն ռենտգեն-հետազոտության և համակարգչային շերտագրության, որոնց աշխատանքի հիմքում ընկած է իոնիզացնող ճառագայթումը, ՄՌՏ-ի  հիմքում հզոր մագնիսական դաշտն է, որը լիովին անվտանգ է։ ՄՌՏ-ի արդյունքում ստացվում են սրտի շատ մանրակրկիտ պատկերներ։ Այս հետազոտությունը օգնում է բժիշկ-սրտաբաններին՝ պացիենտների սրտային հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերում։

Ե՞րբ են նշանակում սրտի ՄՌՏ-ն

Սրտի ՄՌՏ-ն նշանակվում է, երբ բժշկին անհրաժեշտ է սրտի առավել դետալային պատկերում և գնահատում։ Ո՞ր դեպքերում է դա կատարվում

     1. Սրտի ֆունկցիոնալ գնահատում

  • եթե կա սրտամկանի թուլության կասկած կամ արյան մղելու ունակության նվազում 
  • սրտի խցիկների ծավալը, կծկումների ուժը և պատերի հաստությունը չափելու համար։

     2. Սպիների կամ վնասվածքների գնահատում

  • սրտամկանի ինֆարկտից հետո ստուգել՝ արդյոք առաջացել է սպիական հյուսվածք, որը կարող է վատացնել սրտի աշխատանքը։

     3. Բորբոքման ախտորոշում

  • միոկարդիտի(սրտամկանի բորբոքում) կասկածի դեպքում

     4. Կարդիոմիոպաթիաներ (սրտամկանի հիվանդություններ)

  • հիպերտրոֆիկ, դիլատացված կամ ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիա հայտնաբերման համար
  • եթե կա սրտի ժառանգական հիվանդության կասկած 

     5. Արյան շրջանառության անոմալիաներ և սրտի բնածին արատներ

  • մեծահասակների և երեխաների մոտ սրտի բնածին արատների գնահատման համար
  • վիրահատությունից առաջ կամ հետո սրտի անատոմիան հասկանալու համար

     6. Պերիկարդի (սիրտը շրջապատող թաղանթ) հիվանդություններ

  • բորբոքման կամ հեղուկի կուտակման կասկածի ժամանակ
  • պերիկարդի ուռուցքների հերքման կամ հայտնաբերման համար

     7. Ուռուցքի կասկած

  • որպեսզի բացառենք հազվադեպ հանդիպող սրտի ուռուցքները  

     8. Անհասկանալի դեպքեր

  • եթե ​​այլ մեթոդները (օրինակ՝ ԷՍԳ, սրտի ուլտրաձայնային հետազոտություն) ամբողջական պատկեր չեն տալիս և բուժող բժշկի մոտ դեռևս կան հարցեր։

Եթե ​​ձեզ առաջարկվել է կատարել սրտի ՄՌՏ, դա նշանակում է, որ բժիշկը ցանկանում է հնարավորինս ճշգրիտ հասկանալ ձեր սրտի վիճակը, որպեսզի ընտրի բուժման  լավագույն մեթոդը:

Ինչպե՞ս է կատարվում սրտի ՄՌՏ-ն

Սրտի ՄՌՏ-ն անվտանգ և ոչ ինվազիվ պրոցեդուրա է: Ահա, թե ինչպես է այն սովորաբար ընթանում.

    1. Նախապատրաստում սկանավորումից առաջ

  • Հարցաթերթիկ - Ձեզ կհարցնեն մետաղական իմպլանտների, սրտի ռիթմավարների, ալերգիաների կամ կլաուստրոֆոբիայի առկայության մասին:
  • Կոնտրաստ - Եթե Ձեզ հետազոտությունը նշանակել են կոնտրաստ նյութի ներարկմամբ, ապա Ձեր երակում նախօրոք կտեղադրվի կաթետր` կոնտրաստ նյութի  ներարկման համար։
  • Կրծքավանդակի սափրում (տղամարդկանց դեպքում)։

     2 Հետազոտության ընթացքը 

  • Կրծքավանդակի վրա փակցվում են հատուկ էլեկտրոդները՝ սրտի ռիթմի գնահատման համար և դրվում է հատուկ սենսոր՝ սրտի հստակ պատկերներ ստանալու համար։
  • Կարևոր է անշարժ պառկել - նույնիսկ չնչին շարժումները կարող են նվազեցնել նկարների որակը:
  • Բժշկի հրամանները - Հետազոտության ընթացքում բժշկի կողմից կլինի հրահանգ պահել ձեր շունչը 5-15 վայրկյան։
  • Հետազոտության ընթացքում ՄՌՏ սարքը բարձր ձայներ է արձակում, ուստի ձեզ կտրամադրվեն ականջակալներ։

      3 Տևողություն - գործընթացը սովորաբար տևում է մոտ 60րոպե: 

      Արդյունքները պատրաստ են լինում մի քանի օրից, քանի որ բժիշկ-ռադիոլոգին ժամանակ է անհրաժեշտ նկարների մանրամասն վերլուծության             համար։ 

                               
Սրտի ՄՌՏ-ի առավելությունները

Կարևոր դիտարկումներ պացիենտների համար

  1. Կլաուստրոֆոբիա - Եթե դուք ունեք վախ փակ տարածություններից, ապա տեղեկացրեք դրա մասին ձեր բժշկին։ Նման դեպքում հնարավոր է կարիք լինի կիրառել թեթև հանգստացնող դեղորայք՝ հետազոտության հարթ ընթացքն ապահովելու համար(կլաուստրաֆոբիայի ծանր դեպքերում հետազոտությունը կատարում են դեղորայքային քնի`սեդացիայի միջոցով)։
  2. Մետաղական իմպլանտներ և սարքավորումներ - տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ունեք իմպլանտներ, սարքեր կամ մետաղական բեկորներ ձեր մարմնում, քանի որ դրանք զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ և դրանց որոշակի տեսակների առկայությունը հանդիսանում է ՄՌՏ հետազոտության հակացուցում։
  3. Ալերգիաներ և երիկամային անբավարարություն - Եթե ունեք երիկամների հետ կապված որևէ հիվանդություն կամ ալերգիկ եք, ապա անպայման տեղեկացրեք ձեր բժշկին դրա մասին։
  4. Հղիություն - ՄՌՏ հետազոտությունը լիովին անվտանգ է հղիների համար, սակայն սովորաբար խուսափում են այն հղիության առաջին եռամսյակում կատարելուց, եթե իհարկե չկա հսկող բժշկի ցուցում։

Սրտի ՄՌՏ-ն և հետազոտման այլ մեթոդները

  • Էխոսրտագրություն - Էխոսրտագրությունն ավելի արագ, մատչելի և լայն տարածում ունեցող հետազոտություն է, սակայն չունի այն ճշգրտությունը, որն ապահովում է սրտի ՄՌՏ-ն։
  • Սրտի համակարգչային շերտագրություն (Սրտի ԿՏ) - Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս ավելի արագ ստանալ սրտի պսակաձև անոթների պատկերները, սակայն այն կիրառում է ռենտգեն-ճառագայթում և չի տրամադրում սրտի հյուսվածքների այնպիսի ճշգրիտ տվյալներ, ինչպիսիք ստացվում են սրտի ՄՌՏ-ի դեպքում։


Ամփոփում

Սրտի ՄՌՏ-ն բացառիկ հետազոտություն է, որն անհրաժեշտ է սրտային հիվանդությունների ախտորոշման և բուժման ճիշտ մարտավարության ընտրության համար։ Այն հանդիսանում է անփոխարինելի միջոց սրտային բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման համար։