Վերապատրաստում Նիդերլանդներում

Մարտի 31-ից ապրիլի 2-ը ՄԻԲՍ բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Մարինե Գրիգորյանը հերթական վերապատրաստման կուրսն է անցել Նիդերլանդների Խրոնինգեն քաղաքի համալսարանական կլինիկայում: Վերեպատրաստումը ներառում էր 4 հիմնական ուղղություններ՝ օնկոլոգիական հիվանդություններ, նևրոլոգիական հիվանդություններ, սիրտ-անոթային հիվանդություններ և ոսկրա-մկանային համակարգի հիվանդություններ: Բժշկուհի Գրիգորյանը առավել մանրակրկիտ ուսունասիրել է թոքի, շագանակագեղձի և գլխուղեղի ուռուցքների և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների՝ Պարկինսոնի հիվանդության, պարկինսոնյան համախտանիշի, ատիպիկ պարկինսոնիզմի, Ալցհեյմերի հիվանդության և դեմենցիաների այլ տեսակների մոլեկուլյար ախտորոշման սկզբունքները: Կուրսի շրջանակներում քննարկվել են նշված հիվանդությունների կլինիկական դրսևորումները, ախտորոշման սկզբունքները և բուժման ժամանակակից մեթոդները: Առավել մանրամասն ուսումնասիրվել են նշված հիվանդությունների ախտորոշման սկզբունքները միջուկային բժշկության շրջանակներում՝ մասնավորապես պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված համակարգչային տոմոգրաֆիայի (ՊԷՏ/ՀՏ) շրջանակներում:

ՊԷՏ/ՀՏ-ն ժամանակակից ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է, որը մեկ հետազոտության սահմաններում տեղեկատվություն է տալիս օրգանիզմի կառուցվածքային և ֆունկցիոնալ առաձնահատկությունների մասին: Հետազոտությունից առաջ հիվանդին ներարկվում է համապատասխան չափաքանակով նյութ` ռադիոֆարմպրեպարատ, որը հիմանականում տարբեր ռադիոակտիվ տարրեր պարունակող նյութ է: Կախված օրգանիզմում ռադիոֆարմպրեպարատի կլանման առանձնահատկություններից տարբերակվում են ֆիզիոլոգիական և պաթոլոգիական վիճակներ: Մեթոդը օգտագործվում է տարբեր պաթոլոգիաների և առավելապես ուռուցքային հիվանդությունների ախտորոշման, տարածվածության և փուլի որոշման, բուժման արդյունավետության գնահատման, ռադիոթերապիայի պլանավորման և այլ պարագաներում:  Այն համարվում է քաղցկեղի վաղ ախտորոշման լավագույն մեթոդներից մեկը:

Վերապատրասման ընթացքում ուսումնասիրվել է ՊԷՏ/ՀՏ-ի դերը նշված հիվանդությունների ախտորոշման, տարածվածության գնահատման, փուլի որոշման, բուժման արդյունավետության գնահատման, ռադիոթերապիայի պլանավորման և բիոպսիայի իրականացման գործում: Յուրաքանչյուր թեմայի ավարտից հետո կատարվել է գործնական աշխատանք հիվանդների հետազոտությունների կատարման և ստացած արդյունքների քննարկման տեսքով:

Մոլեկուլյար ախտորոշման տեսակներից բացի, կուրսի շրջանակներում ուսումնասիրվել են նաև նշված հիվանդությունների ախտորոշման այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ, ՀՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) և պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետ (ՊԷՏ/ՄՌՏ): Քննարկվել են քաղցկեղի բուժման այնպիսի ժամանակակից մեթոդներ, ինչպիսիք են քիմիոթերապիան, թիրախ/նպատակաուղղված թերապիան, ռադիոթերապիան և իմունոթերապիան:

Դասավանդողների շարքում էին աշխարհի այնպիսի առաջատար կլինիկաների մասնագետներ, ինչպիսիք են Ժնևի, Ամստերդամի, Բոլոնիայի, Կոպենհագենի և այլ համալսարանական կլինիկաների միջուկային բժշկության բաժանմունքի մասնագետները:

Վերապատրաստման շրջանակներում կազմակերպվել է հանդիպում կուրսի մասնակիցների, Միջուկային բժշկության եվրոպական ասոցիացիայի աշխատակազմի և նախագահ Քրիստոֆֆ Մույլեի հետ, որի ընթացքում քննարկվել են հարցեր վերաբերող հետագա համագործակցությանը և Հայաստանում մոլեկուլյար ախտորոշման մեթոդների և միջուկային բժշկության զարգացմանը: