ՄԻԲՍ բժիշկները մասնակցեցին միջազգային սեմինարների

Համակցված տեսաարտածումը օնկոլոգիայում, Վիեննա, Ավստրիա

ՄԻԲՍ բժշկական կենտրոնի երևանյան մասնաճյուղի համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Մարինե Գրիգորյանը 2017թ-ի դեկտեմբերի 14-15-ը Վիեննայում մասնակցել է «Համակցված տեսաարտածումը օնկոլոգիայում» (Hybrid Imaging in Oncology) թեմայով դասընթացին:

Դասընթացը, որին մասնակցում էին 150 մասնակից աշխարհի բազմաթիվ երկրներից, կազմակերպվել էր Համակցված բժշկական տեսաարտածման եվրոպական միության (ESHI) կողմից և կազմված էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաժիններից, նվիրված տարբեր ախտորոշիչ մեթոդների, մասնավորապես` պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատմանը:

Դասընթացի շրջանակներում իրականացվել է այց Վիեննայի գլխավոր համալսարանական հիվանդանոց, որտեղ մասնակիցները տեղում ծանոթացել են միջուկային բժշկության և ռադիոլոգիայի բաժանմունքների աշխատանքներին, ուսումնասիրել տարբեր ռադիոնյութերի արտադրության մեխանիզմները, ծանոթացել ցիկլոտրոնի աշխատանքին և հիվանդների պատրաստման ու հետազոտման գործընթացներին:

Hepato-Bilio-Pancreatic Imaging Biomarkers, Վալենսիա, Իսպանիա

2017թ. դեկտեմբերի 11-12-ը Իսպանիայի Վալենսիա քաղաքում Ռադիոլոգիայի Եվրոպական դպրոցի (ESOR ASKLEPIOS) կողմից կազմակերպվել էր «Hepato-Bilio-Pancreatic Imaging Biomarkers» սեմինարը, որին մասնակցեց նաև ՄԻԲՍ բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Դիանա Սահակյանը: Սեմինարը նվիրված էր եվրոպական տարբեր երկրներում իրականացվող ժամանակակից մեթոդներին և հետազոտություններին, ռադիոլոգիայում կիրառվող հնարավորություններին՝ ուղղված լյարդի պաթոլոգիկ փոփոխությունների, լեղատար համակարգի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների ախտորոշմանը, ինչպես նաև այդ համակարգերի վրա բազմաթիվ պրեպարատների ազդեցության գնահատմանը:

Սեմինարի ընթացքում իրենց զեկույցներով հանդես եկան Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Մեծ Բրիտանիայի առաջատար մասնագետները, ովքեր ներկայացրեցին բազմաթիվ տեխնիկական միջոցներ, թե ինչպես առավելագույնս բարձրացնել վիզուալիզացիայի, հետազոտությունների արդյունքում ստացված պատկերների մշակման և տարբեր գործոնների ազդեցության համեմատական վերլուծության որակը: