Հայաստանում առաջին անգամ կատարվել է շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման նորագույն հետազոտություն

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ հանդիպող ամենատարածված չարորակ ուռուցքային հիվանդություններից է, որի վաղ ախտորոշումը ոչ միայն ուրոլոգների, այլ նաեւ ռադիոլոգների հիմնական խնդիրն է: Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում իր ուրույն տեղն է զբաղեցնում մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), որի մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է ՄԻԲՍ-Երեւան ՄՌՏ բաժանմունքի վարիչ, բժիշկ-ռադիոլոգ Նարեկ Մատինյանի հետ: 

Ի՞նչ է շագանակագեղձի ՄՌՏ հետազոտությունը: 

Շագանակագեղձի ՄՌՏ հետազոտությունը լիովին անվնաս, չափազանց ինֆորմատիվ հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս ստանալ շագանակագեղձի եռաչափ պատկերներ, մանրակրկիտ ուսումնասիրել օրգանի կառուցվածքը եւ հայտնաբերել նույնիսկ ամենափոքր փոփոխված օջախները: ՄԻԲՍ-Երեւան բժշկական կենտրոնում 2012թ-ին Հայաստանում առաջին անգամ իրականացվեց շագանակագեղձի բարձրադաշտ ՄՌՏ հետազոտություն: Տվյալ մեթոդի ներդրումը մեր երկրում նոր մակարդակի բարձրացրեց շագանակագեղձի տարբեր հիվանդությունների ախտորոշումը: Ժամանակակից բժշկության մեջ շագանակագեղձի ամենաինֆորմատիվ հետազոտությունը մուլտիպարամետրիկ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան է, որը տարեսկզբին առաջին անգամ Հայաստանում նույնպես իրականացվեց ՄԻԲՍ-Երեւան բժշկական կենտրոնում: Մեր կենտրոնը նաեւ առաջինն է հանրապետությունում, որտեղ շագանակագեղձի մուլտիպարամետրիկ ՄՌՏ հետազոտության եզրակացությունները ներկայացվում են միջազգային PI-RADS համակարգին համապատասխան: 

Ի՞նչ առավելություն ունի շագանակագեղձի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ուլտրաձայնային հետազոտության հետ համեմատած: 

ՄՌՏ մեթոդը հնարավորություն է տալիս կիրառել տարբեր ծրագրեր, ուսումնասիրել գեղձի կառուցվածքը տարբեր պրոյեկցիաներում, ստանալ հազարավոր պատկերներ եւ արդյունքում հայտնաբերել այնպիսի նուրբ եւ փոքր փոփոխություններ, որոնք ուղղակի չեն երեւում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: ՄՌՏ-ի միջոցով մենք կարող ենք հստակ տարբերակել նորմալ կառուցվածք ունեցող հատվածը ախտաբանական փոփոխության ենթարկված տեղամասից: Օգտագործելով հատուկ ռեժիմներ, անհրաժեշտության դեպքում ներարկելով նաեւ կոնտրաստային նյութ, մենք կարողանում ենք հայտնաբերել ոչ միայն քաղցկեղը, այլ նաեւ բարորակ հիպերպլազիան, որը մեր բնակչության մեջ առավել հայտնի է «ադենոմա» անվամբ: Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան նաեւ օգնում է ախտորոշել շագանակագեղձի ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական բորբոքումը` պրոստատիտը: Ուլտրաձայնային հետազոտությունը հաճախ կիրառվում է որպես առաջնային հետազոտման տեսակ, սակայն պացիենտների ճնշող մեծամասնության մոտ ուլտրաձայնային հետազոտությունից հետո հարկ է լինում կատարել նաեւ ՄՌՏ հետազոտություն` առավել հստակ եւ ճշգրիտ ախտորոշում ունենալու նպատակով: Շագանակագեղձի ՄՌՏ հետազոտության պատկերներում մենք մանրամասն ուսումնասիրում ենք նաեւ հարակից օրգանները (օրինակ` միզապարկը, սերմնաբշտերը, լիմֆատիկ հանգույցները, հաստ աղիքը,  ամորձիները եւ այլն),  որոշ դեպքերում ախտորոշելով նաեւ այլ հիվանդություններ: 

Ի՞նչ է ՄՌՏ-ի հսկողության տակ կատարվող շագանակագեղձի բիոպսիան եւ ի՞նչ առավելություններ ունի այն բիոպսիայի այլ տեսակների նկատմամբ: 

Շագանակագեղձի բիոպսիան բժշկական միջամտության տեսակ է, որի ժամանակ գեղձի որոշակի հատվածներից բժիշկը վերցնում է հյուսվածք, պարզելու համար քաղցկեղային բջիջների առկայությունը: Շագանակագեղձի բիոպսիայի առավել տարածված տեսակը կատարվում է ուլտրաձայնային հետազոտության հսկողության ներքո, որի ժամանակ գեղձի տարբեր հատվածներից վերցնում են բազմաթիվ կտորներ, որոնք հետագայում ուղարկվում են հյուսվածաբանական քննության: Տվյալ մեթոդն իր ուրույն դերն ունի քաղցկեղի ախտորոշման հարցում, սակայն լինում են դեպքեր, որոնց ժամանակ այն արդյունավետ չի լինում: Օրինակ` գեղձում կան որոշակի հատվածներ, որոնց հասնելը եւ որոնցից ուլտրաձայնային հետազոտության հսկողության տակ բիոպսիա կատարելը բավականին բարդ է, որոշ դեպքերում` նույնիսկ անհնար: Քաղցկեղի վաղ շրջանում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի պատկերներում կարող ենք հայտնաբերել այնպիսի փոքր օջախներ, որոնք ուղղակի չեն երեւում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, ուստի տվյալ օջախները նույնպես անհասանելի կարող են լինել ուլտրաձայնային հետազոտման հսկողության ներքո կատարված բիոպսիայի համար: Հաշվի առնելով վերը նշվածը` տարիներ առաջ աշխարհում ներդրվեց ՄՌՏ հետազոտության հսկողությամբ կատարվող շագանակագեղձի բիոպսիան: Այն շատ ավելի քիչ տրավմատիկ է, քանի որ ի տարբերություն ուլտրաձայնային հսկողության տակ կատարվող բիոպսիայի, հյուսվածքը վերցվում է միայն եզակի տեղերից, կոնկրետ այն օջախից կամ օջախներից, որոնք կասկածելի են ՄՌՏ-ի պատկերներում: Տվյալ մեթոդն անփոխարինելի է նաեւ այն դեպքերում, երբ գործ ունենք քաղցկեղի վաղ շրջանի, այսինքն` փոքր օջախների հետ: ՄՌՏ-ի հսկողության տակ շագանակագեղձի բիոպսիան ցուցված է նաեւ այն բոլոր պացիենտներին, որոնք ունեն պրոստատ-սպեցիֆիկ հակածնի (PSA) բարձր ցուցանիշ եւ որոնց նախկինում մեկ կամ մի քանի անգամ կատարվել է բիոպսիա` ուլտրաձայնային հետազոտության հսկողության տակ, սակայն քաղցկեղ չի հայտնաբերվել:

Վերջերս դուք Հայաստանում առաջին անգամ կատարեցիք շագանակագեղձի բիոպսիա` մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հսկողության ներքո: Ի՞նչպիսին էին արդյունքները: 


Ցանկանում եմ նշել, որ այն իր տեսակի մեջ եզակի էր ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մեր տարածաշրջանում: Աշխարհում եզակի երկրներում է կատարվում տվյալ միջամտությունը, եւ ես անչափ ուրախ եմ, որ այն այժմ արդեն հասանելի է նաեւ մեր երկրում: Արդյունքներն արդարացրեցին սպասումները: Տվյալ պացիենտին ամիսներ առաջ կատարվել էր շագանակագեղձի բիոպսիա`ուլտրաձայնային հետազոտության հսկողության տակ եւ քաղցկեղ չէր հայտնաբերվել:  Քանի որ  պրոստատ-սպեցիֆիկ հակածնի (PSA) ցուցանիշը գնալով բարձրանում էր, մնացած կլինիկո-լաբորատոր քննությունները նույնպես կասկածի տեղիք էին տալիս, բուժող բժիշկը կատարեց շատ ճիշտ ընտրություն` պացիենտին նշանակեց ՄՌՏ հետազոտություն: Արդյունքում շագանակագեղձի ձախ կողմում հայտնաբերվեց մի փոքր օջախ, որը նման էր քաղցկեղի: Հետագայում, մանրակրկիտ ուսումնասիրելով ստացված պատկերները եւ խորհրդակցելով բուժող բժշկի հետ, եկանք այն եզրահանգման, որ տվյալ օջախն անհասանելի է ուլտրաձայնային հետազոտման հսկողության տակ կատարվող բիոպսիայի համար, եւ հետեւաբար հստակ ցուցում կար ՄՌՏ-ի հսկողությամբ կատարվող շագանակագեղձի բիոպսիայի:

ՄՌՏ-ի հսկողությամբ, կատարելով անչափ բարդ ծրագրային եւ երկրաչափական հաշվարկներ, կարողացանք գեղձի վերը նշված կասկածելի օջախից վերցնել հյուսվածք, որում հետագայում հայտնաբերվեցին քաղցկեղային բջիջներ: Արդյունքում պացիենտը կստանա համապատասխան բուժում, որի արդյունավետությունը կլինի բարձր, քանզի քաղցկեղը հայտնաբերվել է վաղ շրջանում:

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին: 

Հաշվի առնելով այն փաստը, որ շագանակագեղձի քաղցկեղը  տղամարդկանց մոտ հանդիպող ամենատարածված հիվանդություններից մեկն է, խորհուրդ եմ տալիս բոլոր տղամարդկանց ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, եւ նույնիսկ գանգատների բացակայության դեպքում ժամանակ առ ժամանակ այցելել ուրոլոգին, հանձնել պրոստատ- սպեցիֆիկ հակածնի (PSA) անալիզ, հարկ եղած դեպքում անցնել ՄՌՏ հետազոտություն:  Իսկ հարգարժան ուրոլոգներին սերտ համագործակցության կոչ եմ անում, քանի որ շագանակագեղձի քաղցկեղի բուժման հարցում դրական արդյունքներ ստանալու հիմնական նախապայմաններից մեկը վաղաժամ ախտորոշումն է: