Ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա

Վերջին ժամանակներում Հայաստանը քայլ առ քայլ վերազինվում է բժշկագիտության վերջին նվաճումներով: Պարբերաբար տեղեկանում ենք նոր սարքավորումների ու մեթոդների ներդրման մասին (հիմնականում մասնավոր բուժհաստատությունների ջանքերով): Այդպիսի նորությունները արդեն օրինաչափ են դարձել ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի Երևանյան մասնաճյուղի համար: Մեկ ու կես տարի առաջ Հայաստանն ունեցավ առաջին 1,5 Տեսլա հզորությամբ բարձրադաշտ մագնիսա-ռեզոնանասային տոմոգրաֆը, որի շնորհիվ վերջապես կարիք չեղավ մեկնել հարևան երկրներ արդեն սովորական դարձած հետազոտությունների համար: Այնուհետև սկսվեց աստիճանաբար յուրացվել սարքի ամբողջ կարողությունները և հիմա բազմաթիվ, եզակի հետազոտությունների կողքին մեր բժշկությունը ունի ևս մեկ նորագույն ձեռքբերում՝ ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ֆՄՌՏ):

Ֆունկցիոնալ ՄՌՏ գնահատում է ուղեղի նեյրոնալ ակտիվության հետևանքով առաջացած հեմոդինամիկ փոփոխությունները, որի շնորհիվ հնարավոր է դառնում մեծ ճշգրտությամբ առանձնացնել ուղեղի կենտրոնները (խոսքի, տեսողության, շարժիչ և այլն): Չխորանալով մեթոդի ֆիզիկական սկզբունքների մեջ նշենք, որ ֆՄՌՏ-ի շնորհիվ կարելի է խուսափել կամ գոնե կանխատեսել հետվիրահատական նյարդաբանական դեֆիցիտները: Նախկինում նույնիսկ ամենաշնորհալի նյարդավիրաբույժները չէին կարողանում պատասխանել հիվանդների հարցերին, կապված հետվիրահատական բարդությունների հետ: Դա առաջին հերթին պայմանավորված է անատոմիական յուրահատկություններով, հարկ է նշել, որ պացիենտների գլխուղեղի ֆունկցիոնալ զոնաները լրջորեն կարող են տարբերվել բժշկական համալսարաններում օգտագործվող անատոմիական ատլասներում ներկայացված գլխուղեղի զոնաներից: Հետևաբար վիրաբույժի աչքի համար անտեսանելի կենտրոնները շատ հաճախ վնասվում էին և վիրահատությունից հետո պացիենտները դժվարանում էին ինքնուրույն տեղաշարժվել, կորցնում էին ինքնասպասարկման տարրական ունակությունները, խոսքի կարողությունը:

Այժմ նոր մեթոդի ներդրումով հնարավոր է նվազագույնի հասցնել նման ռիսկերը: Ինչպես նաև, ֆՄՌՏ մեթոդի ոչ ինվազիվության շնորհիվ հնարավոր է կատարել բազում գիտական աշխատանքներ, որպես փորձադաշտ օգտագործելով առողջ մարդկանց, չխախտելով որևէ էթիկական նորմատիվ: Այժմ ֆՄՌՏ մեծ գիտական կիրառություն ունի հոգեբուժության և հոգեբանության մեջ: «Փակված մարդու» համախտանիշի ժամանակ կատարված սենսացիոն գիտափորձերը հնարավոր դառձան միայն ֆՄՌՏ-ի շնորհիվ: Ստեղծվեց պարզագույն կապ այնպիսի պացիենտների հետ, ովքեր տարիներ շարունակ գտնվում էին կոմայի մեջ, և պարզ չէր արդյոք նրանք ընկալում են շրջապատող աշխարհը, լսում են իրենց հարազատների ձայները և վերջապես իմաստ ունի սարքերի միջոցով արհեստականորեն պահպանել նրանց կյանքը, թե` ոչ:

ՄԻԲՍ-Երևան ՄՌՏ ախտորոշման կենտրոնը շարունակելու է նորագույն հետազոտման մեթոդների ներդրումը իր պրակտիկայում, որոնց մասին լրացուցիչ կհաղորդվի:

Նկարներում պատկերված է ձախ ձեռքի շարժիչ կենտրոնը, այն գտնվում է աջ կիսագնդի առաջկենտրոնական գալարում: Նկարները օգտագործվում են հետազոտվողի համաձայնությամբ: