Ո՞րն է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի դերը կանանց առողջության պահպանման գործում

Վերջին տարիներին մեծ է ուշադրությունը կանանց առողջության հանդեպ եւ Հայաստանում նույնպես հատուկ ջանքեր են գործադրվում բժշկության այդ ուղղությունը առավել զարգացնելու համար: Կանանց առողջության պահպանումը հիմնականում ուղղված է ռեպրոդուկտիվ օրգան-համակարգերի հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը եւ արդյունավետ բուժմանը:

Ի՞նչ առավելություններ ունի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ի համեմատ ախտորոշման մյուս մեթոդների:

Բարձրադաշտ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ոչ ինվազիվ բարձր ինֆորմատիվությամբ օժտված  մեթոդ է, որի առավելություններն են` տարածական բարձր թողունակությունը, եռաչափ (3D) պատկերներ ստանալու հնարավորությունը, հյուսվածքային բարձր տարբերակման հնարավորությունը, կոնտրաստային նյութերի ներարկումից օրգանիզմի վրա բացասական ազդեցությունների բացակայությունը: Այն բացարձակ անվնաս մեթոդ է, որը կիրառելի է նույնիսկ երեխաների եւ հղիների նկատմամբ: Բարձրադաշտ ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս իրականացնել ոչ միայն կենտրոնական նյարդային համակարգի, այլ նաեւ փոքր կոնքի, որովայնի խոռոչի, սրտի, հոդերի հետազոտություններ:

Կանացի փոքր կոնքի օրգանների ո՞ր ախտաբանական վիճակների դեպքում է ցուցված ՄՌՏ հետազոտությունը:

ՄՌՏ –ն գոյություն ունեցող բոլոր ոչ ինվազիվ ախտորոշիչ մեթոդներից ամենաինֆորմատիվն է փոքր կոնքի կանացի օրգանների բոլոր ախտաբանական վիճակների ախտորոշման գործընթացում, իսկ ավելի կոնկրետ` արգանդի եւ ձվարանների բարորակ եւ չարորակ գոյացությունների, փոքր կոնքի օրգանների բորբոքային պրոցեսների,  զարգացման արատների ախտորոշման գործընթացում:

 

                  Երկեղջյուր արգանդ                                     Արգանդի ամբողջական երկատում

Հատկապես ե՞րբ պետք է բուժող բժիշկը հիվանդին ուղորդի ՄՌՏ հետազոտության:

Առավել հաճախ հարկ է լինում կատարել ՄՌՏ հետազոտություն այն հիվանդներին, որոնց մոտ կասկածվում է ուռուցքային գոյացություն (օր.` արգանդի մարմնի կամ վզիկի քաղցկեղ): Նշեմ, որ ՄՌՏ-ի միջոցով հնարավորություն է ստեղծվում առավել հստակ ախտորոշել ուռուցքի բարորակ կամ չարորակ լինելը, որոշել պրոցեսի տարածվածությունը, փուլայնությունը,  վիզուալիզացնել լիմֆատիկ հանգույցների վիճակը, հաստատել կամ հերքել վերջիններիս  երկրորդային (մետաստատիկ) փոփոխությունները:

Վերը նշված հանգամանքներն առանցքային են բուժման մարտավարության (վիրահատության, քիմիոթերապիայի, ճառագայթային թերապիայի) հարցը ճիշտ լուծելու համար: Հաճախ անգամ հասարակ միոմայի համար հարկ է լինում կատարել ՄՌՏ հետազոտություն, որովհետեւ լինում են այնպիսի միոմաներ, որոնք ենթարկվում են դեգեներատիվ փոփոխությունների, ունենում են արյունազեղման տեղամասեր եւ երբեմն կորցնում են իրենց դասական պատկերը, եւ հենց այսպիսի դեպքերում միայն ՄՌՏ-ի միջոցով է հնարավոր որոշել նրանց ճիշտ պատկանելիությունը:

Պետք է նշեմ, որ ՄՌՏ-ն առավել ինֆորմատիվ մեթոդ է էնդոմետրիոզ կոչվող ախտաբանական վիճակի ախտորոշման պարագայում, որը գինեկոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկնէ (բորբոքումներից եւ միոմայից հետո) եւ կարող է հանգեցնել անպտղության զարգացմանը: Տարբերում են սեռական (արգանդի, ձվարանների, հեշտոցի, արտաքին սեռական օրգանների) եւ արտասեռական էնդոմետրիոզի  տեսակներ: Այս հիվանդության ժամանակ զարգանում է արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիումի) աճ նրա նորմալ տեղակայման սահմաններից դուրս: Քանի որ տվյալ հիվանդության բուժումը հիմնականում վիրահատական է, ապա շատ կարեւոր է մինչվիրահատական ճշգրիտ ախտորոշումը, որն էլ իրականացվում է հենց ՄՌՏ-ի միջոցով: 

 

                           Սուբմուկոզ միոմա                                       Ադենոմիոզ

Ի՞նչ կասեք ձվարանների ախտաբանական վիճակների ախտորոշման մասին:

Գործնական բժշկության մեջ հաճախ հանդիպում են ձվարանների կիստաներ (ֆոլիկուլյար, դեղին մարմնի, էնդոմետրիոիդ կիստաներ), բարորակ գոյացություններ (ցիստադենոմաներ, ցիստադենոֆիբրոմաներ, ֆիբրոմաներ) եւ չարորակ գոյացություններ (էպիթելիալ, ստրոմալ եւ հերմինատիվ ծագման): Չարորակ գոյացություններից ամենահաճախ հանդիպողը ձվարանի ադենոկարցինոման է, որի պաթոմորֆոլոգիական ենթատիպերն են սերոզը, մուցինոզը, էնդոմետրիոիդը եւ այլ տեսակները: Նշեմ, որ ՄՌՏ-ի առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի առկայությունը, որի  կիրառման պարագայում էականորեն մեծանում են ՄՌՏ-ի հնարավորությունները բարորակ եւ չարորակ գոյացություների տարբերակիչ ախտորոշման հարցում:

Ձվարանի ֆոլիկուլյար կիստա          Ձվարանի քաղցկեղ              Մուցինոզ ցիստադենոկարցինոմա

Հայաստանում կատարվո՞ւմ է արդյոք պտղի ՄՌՏ հետազոտություն:

Ցավոք սրտի Հայաստանում դեռ չի կատարվում  նմանատիպ հետազոտություն, սակայն նշեմ, որ ամբողջ աշխարհում ախտորոշման այս ճյուղն ունի բավականին լայն կիրառություն մանկաբարձության մեջ, քանի որ թույլ է տալիս դեռ հղիության վաղ փուլերում հայտնաբերել պտղի զարգացման արատները, տարբեր հիվանդությունները, դրանց  բարդությունները եւ այլն: Հուսանք Հայսատանում էլ մոտ ապագայում  ախտորոշման այս ճյուղը լայն կիրառություն կգտնի եւ կնպաստի մեր ազգային առողջապահության զարգացմանը։  

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին:

Ընթերցողին խորհուրդ կտամ ժամանակին  դիմել մասնագիտացված բժշկական օգնության եւ հաշվի առնել այն փաստը, որ ճշգրիտ եւ հստակեցված ախտորոշումը ճիշտ բուժման հիմքն է:

ՄԻԲՍ Երեւան

Հասցե` ՀՀ, ք. Երեւան, Բագրատունյաց 1

Հեռ` 011 42-11-11, 010 42-83-11

Վեբ-կայք` www.mibs.am