Նորագույն տեխնոլոգիաներ. հանուն ճշգրիտ ախտորոշման

Ցանկացած հիվանդություն արդյունավետ բուժելու կարևորագույն նախապայմանը առավելագույն ճշգրիտ ախտորոշումն է: Երբեմնի անբուժելի հիվանդությունների հաջողակ բուժման կարևորագույն բաղադրիչը ախտորոշման ուղղությունների զարգացումներն ու նորանոր նվաճումներն են: Այս ոլորտի նշանակալի ձեռքբերումներից էր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ): Ախտորոշման այս ձևը թեև նորություն չէ մեր հասարակության համար, այնուամենայնիվ, բազմաթիվ են դրա վերաբերյալ հարցերն ու տարատեսակ մտավախությունները: Մեր հարցերին պատասխանում է ճառագայթաբան Գարիկ Հովհաննիսյանը:


Գարիկ Հովհաննիսյան ճառագայթաբան

-Բժիշկ Հովհաննիսյան, որո՞նք են այն դեպքերը, երբ ցուցված է մագնիսառեզոնանսային շերտագրում անցնել:

– ՄՌՏ հետազոտություն անցնելու համար ցուցումների շրջանակը բավական մեծ է: Այն բավական ինֆորմատիվ հետազոտության մեթոդ է գլխուղեղի, ողնուղեղի, փափուկ հյուսվածքների, հոդերի, որովայնի և փոքր կոնքի օրգանների, ինչպես նաև լեղուղիների հիվանդությունների հայտնաբերման համար: Կատարվում են նաև սրտի և կրծքագեղձերի ՄՌՏ հետազոտություններ, որոնք առանձնանում են իրենց սպեցիֆիկությամբ և բարձր ինֆորմատիվությամբ:


Հայտնի է, որ առաջադեմ բժշկությունը հրաժարվում է վերջնական ախտորոշում սահմանել և բուժում նշանակել առանց ՄՌՏ-ի, սակայն երբեմն պացիենտի կողմից սա չափազանցություն է դիտարկվում: Որքանո՞վ է պացինտի այս մոտեցումն արդարացված կամ անընդունելի:

 Այսօր, արդի բժշկության մեջ, բավական մեծ դերակատարում ունեն գործիքային հետազոտությունները, այդ թվում նաև ՄՌՏ հետազոտությունը,  և շատ դեպքերում հենց դրանք են  կլինիցիստներին (բուժող բժշկներին)  հիվանդության բացահայտման համար  հիմնական ուղղություն ցույց տվողը:  Առհասարակ, գործիքային հետազոտության նշանակումը առաջին հերթին բխում է հենց հիվանդի շահերից, քանի որ դրանով է պայմանավորված նրա բուժման հետագա ճիշտ ընթացքը: Այլ հարց է  հետազոտության տեսակի ճիշտ ընտրությունը, որը շատ կարևոր է, քանի որ ամեն մի հետազոտության մեթոդ ունի իր առանձնահատկությունները և  բժշկի խնդիրն է, ելնելով հիվանդի ներկայացրած գանգատներից, նշանակել այնպիսի հետազոտություն, որը առավել շատ ինֆորմացիա կտա տվյալ հիվանդության հայտնաբերման համար: Ոչ մի կոմպետենտ բժիշկ առանց հիմնավոր պատճառների չի նշանակի հետազոտություն, իսկ եթե նշանկավել է, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը:  Եվ այստեղ տեղին է հիշել այն խոսքը, որ վաղաժամ, և ճշգրիտ ախտորոշումը  արդյունավետ բուժման գրավականն է:

-Արդյո՞ք հնարավոր է ՄՌՏ-ի միջոցով ախտորոշել ամեն ինչ:

– Իհարկե ոչ: Ասեմ ավելին, կան օրգան համակարգեր, որոնք դեռևս չեն հետազոտվում ՄՌՏ մեթոդով, օրինակ թոքերը, ինչպես նաև քիչ ինֆորմատիվ է ոսկրային համակարգի հետազոտման համար: Լինում են դեպքեր երբ անհրաժեշտություն է առաջանում կատարել ոչ թե մեկ, այլ մի քանի տարբեր հետազոտություններ, որոնք, փոխլրացնելով մեկը մյուսին, ախտորոշումը դարձնում են ավելի հավաստի:  Հետևաբար, ժողովրդի մեջ հայտնի «ոտքից գլուխ ЯМР» հասկացությունը բացարձակ տեղին չէ: ՄՌՏ հետազոտությունը կատարվում է հատվածներով և ցանկալի է նեղ մասնագետի հետ խորհրդակցելուց հետո:

Շատ հաճախ մարդիկ ՄՌՏ-ն դիտարկում են որպես բացարձակ ճշգրիտ ախտորոշիչ մեթոդ և անակնկալի են գալիս` հանդիպեով «հարցականներով» գրված եզրակացություններ: Ինչո՞վ է սա բացատրվում:

-Աշխարհում չկա որևէ  հետազոտության մեթոդ, որը բացարձակ ճշգրտությամբ կարող է տալ բոլոր հարցերի պատասխանը: ՄՌՏ հետազոտությունը նույնպես բացառություն չէ: Ինչքան էլ  մեթոդը լինի կատարյալ, միևնույն է, լինում են բավական բարդ դեպքեր, որոնք ունեն հավելյալ դիագնոսիկ միջոցառումների (պունկցիոն բիոպսիա, լաբորատոր քննություններ) կամ դինամիկ հսկողության կարիք, որոնց մանրակրկիտ վերլուծումը և մյուս հետազոտությունների արդյունքների հետ  համադրումը  միայն կարող է բերել ճիշտ ախտորոշման:   Սա աշխարհում ընդունված պրակտիկա է, այստեղ չկա բժշկի կամ հետազոտության մեթոդի վատ կամ լավ լինելու գործոնը:

նգամ այդքան շատ կիրառվող ռենտգենյան հետազոտությունը համարվում է ճառագայթային ներգործության տեսանկյունից  ոչ անվտանգ: Եթե հաշվի առնենք ՄՌՏ-ի թափանցելիությունն ու կատարելագործված լինելը, որքանո՞վ է այն անվտանգ:

– ՄՌՏ հետազոտության առավելություններից մեկը բավական ինֆորմատիվ լինելուց բացի, նաև անվտանգությունն է: Այստեղ չկան ռենտգենյան ճառագայթներ, հետազոտությունը կատարվում է մագնիսական դաշտի ազդեցության տակ և որևէ վտանգ հետազոտվողի առողջության համար չի ներկայացնում:

Ի՞նչ է հետազոտություններում հաճախ կիրառվող կոնտրաստ նյութըինչ հնարավորություններ է տալիս հետազոտությանըև որոնք են օրգանիզմի վրա հնարավոր կողմնակի ազդեցությունները:

– Կոնտրաստը դիագնոստիկ նպատակով կիրառվող հեղուկ նյութ է, որը օգտագործում ենք հիմնականում ռենտգեն, ԿՏ (Համակարգչային շերտագրում) և ՄՌՏ հետազոտությունների ժամանակ:  Այն հիմնականում ներերակային եղանակով է ներարկվում (բացառությամբ ստամոքս աղիքային համակարգի հետազոտությունները և ֆիստուլոգրաֆիան),  երբ հետազոտվող օրգանում կամ համակարգում հայտնաբերվում է փոփոխություն, որը դեռևս որոշակի պարզաբանումների կարիք ունի: Այդ նյութը արյան միջոցով տարածվում է ամբողջ օրգանիզմով, կուտակվում է ախտահարված տեղամասում և բավական մեծ ինֆորմացիա է տալիս հիվանդության ձևի, բնույթի և նրա տարածվածության մասին: Առանձին դեպքերում կոնտրաստի ախտաբանական կուտակումեր կարող են չնկատվել, որը նույնպես կարևոր ախտորոշիչ նշանակություն ունի: Կոնտրաստ նյութերը ակտիվ կիրառվում են սիրտ անոթային խնդիրները հատնաբերելու համար (կորոնարոգրաֆիա, անգիոգրաֆիա), երիկամների ֆունկցիունալ վիճակը գնահատելու (ուրոգրաֆիա) և մի շարք այլ խնդիրներ պարզաբանելու համար: Ռենտգենյան հետազոտություննրի ժամանակ կիրառվող կոնտրաստները իրենց մեջ պարունակում են յոդ և ներարկումից առաջ բժիշկը պետք է  տեղեկացված լինի հիվանդի երիկամների ֆունկցիոնալ վիճակի և յոդի նկատմամբ ալերգիկ հակումների մասին, որի առկայության դեպքում ներարկված կոնտրաստը կարող է լուջ բարդությունների պատճառ դառնալ:

-Հղիություն և ՄՌՏ.  հակացուցում չկա՞:

-ՄՌՏ հետազոտությունը հակացուցված է հղիներին միայն առաջին եռամսյակում, մյուս ժամկետներում հակացուցումներ չկան: Ավելին, գոյություն ունի պտղի ՄՌՏ հետազոտություն, որի ժամանակ հայտնաբերվում են պտղի այս կամ այն հիվանդություններ՝ դեռևս ներարգանդային շրջանում, որոնք ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի եղել հայտնաբերել ուլտրաձայնային հետազոտության միջոցով:


Աղբյուր՝ «Առողջություն» ամսագիր