ՄՌՏ-ն վերացնում է շագանակագեղձի անհարկի բիոպսիա կատարելու անհրաժեշտությունը

Ըստ JAMA Network Open հրատարակությունում տպագրված նոր ուսումնասիրությունների` շագանակագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտներին խորհուրդ է տրվում նախքան ուլտրաձայնային հսկողությամբ բիոպսիայի ստանդարտ պրոցեդուրա անցնելը կատարել ՄՌՏ հետազոտություն։

Բրիտանացի և կանադացի գիտնականները պնդում են, որ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումը կլինի առավել ճշտգրիտ, երբ կատարվի ՄՌՏ հետազոտություն, այնուհետև՝ թիրախավորված բիոպսիա։

Բացի այդ, դա հնարավորություն կտա վերցնել բիոպսիայի առավել քիչ նմուշներ  պաթոմորֆոլոգիական վերլուծության համար։

 «Ակնհայտ է, որ շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար բիոպսիան ունի որոշակի առավելություններ, քանի որ այն թույլ է տալիս կատարել վերջնական ու ճշգրիտ ախտորոշում և սկսել ուռուցքի բուժումը։ Եթե կարողանանք նվազեցնել ինվազիվ պրոցեդուրայի կողմնակի հետևանքները և բարձրացնել սկզբնական բիոպսիայի ճշգրտությունը, ապա դա, միանշանակ, կլինի ի օգուտ պացիենտի», - գրում են հեղինակները:

Ուսումնասիրությունների մեջ ներառվել են 2582 պացիենտի տվյալներ։ Ընդ որում, հատուկ ուշադրության են արժանացել նախկինում շագանակագեղձի բիոպսիա չանցած տղամարդիկ։ Տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ ՄՌՏ-ն թույլ է տալիս բացահայտել անհապաղ բուժման կարիք ունեցող քաղցկեղները: Սակայն, գլխավորն այն է, որ այս փուլում մուլտիպարամետրիկ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի իրականացումը հնարավորություն կտա բացառել քաղցկեղը այն պացիենտների մոտ, որոնց արյան անալիզների մեջ փոփոխությունները պայմանավորված են եղել ոչ ուռուցքային գործընթացներով (պրոստատիտ, ադենոմա և այլն)։ Այն հնարավորություն կտա խուսափել բիոպսիա անելու ցավոտ պրոցեդուրաներից։

Մեծ Բրիտանիայի Առողջության Պահպանման և Բժշկական Օգնության Կատարելագործման Ազգային Ինստիտուտը իր աջակցությունն է հայտնել է այս մեթոդի կիրառմանը: Այն իր հերթին հանգեցրել է Մեծ Բրիտանիայում և Կանադայում շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար այդ մեթոդը կիրառող բժշկական ընկերությունների թվի աճին։

«Բիոպսիայից առաջ ախտորոշման ալգորիթմում ՄՌՏ-ի ընդգրկումը, մի կողմից, վերացնում է պացիենտների զգալի մասի համար ցավալի պրոցեդուրա անցնելու անհրաժեշտությունը, և մյուս կողմից հնարավորություն է տալիս սկզբնական փուլերում հայտնաբերել անտեսանելի փոքր օջախները» - ասում է Սերգեյ Բերեզինի անվան Բժշկական Ինստիտուտի (ՄԻԲՍ) բարձրագույն որակավորմամբ ճառագայթաբան/ ռենտգենաբան Վլադիմիր Կուպլեվացկին։

Ըստ նրա՝ շագանակագեղձի հետազոտումը ՄՌՏ-ի միջոցով հնարավորություն է տալիս ապահովել ճշտության 92-96% մակարդակ։

Հյուսիսային Ամերիկայի Ուռուցքաբանության Ասոցիացիայի վերջին տվյալների համաձայն՝ շագանակագեղձի քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը տղամարդկանց չարորակ ուռուցքների շարքում։