ՄՌՏ հետազոտության դերը լեղուղիների հիվանդություննրի ախտորոշման ժամանակ

Գիտության արագընթաց զարգացմանը զուգահեռ, անմասն չի մնում նաև բժշկությունը: Ժամանակակից բժշկության մեջ մեծ նշանակություն ունեն նոր տեխնոլոգիաների կիրառումը, որը նպատակ ունի բարձրացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը և, որ պակաս կարևոր չէ ավելի տեղեկատվական և դյուրին (հարմարավետ) դարձնել որոշ ախտորոշիչ միջամտություններ: Լեղուղիների հետազոտման ախտորոշիչ մեթոդների մեջ իր կարևորագույն տեղը և նշանակությունը ունի ՄՌՏ հետազոտությունը և ՄՌ-խոլանգիոգրաֆիա կոչվող մեթոդը: Առհասարակ, երբ խոսում ենք լեղուղիների մասին, հասկանում ենք անատոմիական և ֆիզիոլոգիական առումով բավական բարդ համակարգ, որում կատարվող ախտաբանական պրոցեսների հայտնաբերումը շատ հաճախ առաջացնում է դժվարություններ ախատորշման հետ առնչվող մասնագետների մոտ և դա հասկանալի է, որովհետև որոշ ախտորոշիչ մեթոդներ տեխնիկապես չեն կարողանում ապահովել բավականչափ տեսանելիություն այնպիսի բարդ համակարգում, ինչպիսին լեղուղիներն են: Լեղուղիների (և ոչ միայն) հետազոտման հիմնական մեթոդներն են սոնոգրաֆիան, համակարգչային տոմոգրաֆիան, հետադարձ (ռետրոգրադ) խոլանգիոպանկրեատոգրաֆիան և մաշկանցիկ-լյարդանցիկ խոլանգիոգրաֆիան:

Այս հետազոտություների շարքին պետք է ավելացնել նաև ՄՌ-խոլանգիոգրաֆիան, որը ախտորոշիչ առումով իր տեսակի մեջ եզակի մեթոդ է: Այս ծրագրով հագեցված են բոլոր այն ՄՌՏ սարքավորումները որոնց մագնիսական դաշտի հզորությունը պակաս չէ 1 Տեսլայից: Մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ հետազոտության ժամանակ չի կիրառվում կոնտրաստային նյութ: Կոնտրաստային նյութին փոխարինում է հենց լեղուղիներում առկա լեղին, որը ՄՌՏ-ի կողմից ընկալվում է որպես կոնտրաստային նյութ և ճնշելով հարակից հյուսվածքներից (լյարդ, լյարդի դրունքի ենթակառուցվածքներ, ենթաստամոքսային գեղձի գլխիկ) եկող ՄՌ ազդակները ամբողջությամբ առանձնացնում է լեղուղիները` հստակ տեսանելի դարձնելով դրանց լուսանցքները և դրանցում առկա խնդիրները (քարեր, պոլիպներ, թանձր լեղային զանգվածներ, տարբեր աստիճանի լուսանցքի նեղացումներ և այլն):

Ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան բավականաչափ տեղեկատվական մեթոդ է: Այնուամենայնիվ որոշ դեպքերում նրա կիրառումը դառնում է ոչ նպատակահարմար` մասնավորապես այն պացիենտների մոտ ովքեր տառապում են սիրտ-անոթային խնդիրներով: ՄՌ-խոլանգիոգրաֆիան կատարվում է որովայնի խոռոչի ՄՌՏ հետազոտության ժամանակ և տևում է 5-10 րոպե: Ի տարբերություն ՀՏ հետազոտության, ՄՌՏ հետազոտության ժամանակ չկան ռենտգեն պոզիտիվ կամ նեգատիվ երևույթներ, այստեղ տեսանելի են բոլոր այն լցման դեֆեկտները որոնք դառնում են բիլիար հիպերտենզիայի պատճառ, լինեն դրանք տարբեր ամրության քարեր, թանձր լեղային զանգված (սլաջ), թե լեղածորանների նորագոյացություններ:

ՄՌՏ հետազոտությունը լեղածորանների ուռուցքների ժամանակ առանձնանում է իր ինֆորմատիվությամբ թե ներլյարդային, և թե արտալյարդային խոլանգիոկարցինոմաների ախտորոշման հարցում: Մասնավորապես երբ խոսքը գնում է Կլացկինի նորագոյացության մասին, որը հիմնականում տեղակայված է լինում սեգմենտար լեղածորանների միացման հատվածում, լյարդի դրունքի շրջանում: ՄՌՏ հետազոտությունը օժտված լինելով բարձր միջհյուսվածքային տարբերակմամբ (երբ տարբեր խտություն ունեցող հյուսվածքներից ստանում ենք տարբեր ինտենսիվության ՄՌ ազդակներ): Կոնտրաստ նյութի կիրառմամբ հնարավոր է լինում փաստել ոչ միայն ուռուցքի առկայությունը այլ նաև չափել ստենոզի ենթարկված լեղածորանի պահպանված լուսանցքի տրամագիծը, ինչքան էլ, որ նա նեղացած լինի և չափել ստենոզի տարածվածության աստիճանը, որը պակաս կարևոր չէ հետագայում էնդոսկոպիկ մեթոդով լեղածորանի դրենավորման համար, ինչը և հաճախ իրականացվում է նմանատիպ գոյացությունների ժամանակ:

Պատկերը այլ է ներլյարդային լեղածորանների ուռուցքային ախտահարման ժամանակ, առավել ևս երբ գործ ունենք ինֆիլտրատիվ բնույթի ուռուցքների հետ: Սրանց ժամանակ ՄՌՏ հետազոտությունը ինչպես և մնացած այլ հետազոտության մեթոդները հայտնվում են բարդ իրավիճակում, երբ անհրաժեշտություն է առաջանում դիֆերենցել ախտահարումը մի շարք այլ հիվանդություննրից: Մասնավորապես առաջնային սկլերոզացնող խոլանգիտների ժամանակ դիտվող լեղուղիների անհամաչափ սեգմենտար ստրիկտուրաները գրեթե չեն տարբերվում ներլյարդային ինֆիլտրատիվ խլանգիոկարցինոմայից, եթե իհարկե բացակայում են առավելապես խոլանգիոկարցինոմայի մասին վկայող լյարդի դրունքի շրջանի լիմֆադենոպատիան կամ առավել արտահայտված դեպքերում պրոցեսի տարածումը դեպի հարակից անոթներ: Թերևս այս պարագայում որոշակի առավելություն ունի հետադարձ խոլանգիոպանկրեատոգրաֆիան, որի ժամանակ լեղածորանների դեֆորմացված լուսանցքներում կարող են նկատվել մանր պոլիպանման գոյացություններ: Նմանատիպ բարդ իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում համադրել մի քանի տարբեր հետազոտությունների տվյալներ, ինչպես նաև կլինիկո-լաբորատոր տվյալեր, ինչը առավելագույն կերպով կարող է մոտեցնել ճշգրիտ ախտորոշմանը:

Լեղու արտահոսքի խանգարման պատճառներից է նաև Ֆատերյան պտկիկի գոյացությունները, ինչպես նաև դրա այտուցը: Այս դեպքում 12-մատնյա աղիքի ադեկվատ լցվածության պարագայում նրա լուսանցքի մեջ նկատվում է էկզոֆիտ գոյացություն, որը դուրս է գալիս Ֆատերյան պտկիկի շրջանից և նրա ֆոնի վրա նկատելի են լայնացած ընդհանուր լեղածորանը և Վիրսունգյան ծորանը (симптом двойного протока): Ախտորոշումը էլ ավելի ճշգրիտ դարցնելու համար հաջորդիվ կատարվում է գաստրոդուոդենոսկոպիա Ֆատերյան պտկիկից նմուշի վերցմամբ հյուսվածաբանական հետազոտության համար:

ՄՌ-խոլանգիոգրաֆիան բավական տեղեկատվական է լեղուղիների բնածին հիվանդությունների ժամանակ (Կարոլիի հիվանդություն, լեղածորանների բնածին անևրիզմատիկ լայնացումներ), որտեղ նկատվում են ներլյարդային լեղուղիների մուլտիֆոկալ կամ անհատական պարկանման լայնացումներ: Այսպիսով բարձր գնահատելով մնացած հետազոտությունների դերը և նշանակությունը լեղուղիների հետազոտման գործում անհրաժեշտ եմ համարում առանձնացնել ՄՌՏ հետազոտության և ՄՌ-խոլանգիոգրաֆիա մեթոդի դերը և կարևորագույն նշանակությունը լեղուղիների հետազոտման մեջ, որը արդեն շուրջ երկու տարի է կատարվում է նաև Հայաստանում` ՄԻԲՍ Երևան ՄՌՏ-ախտորոշման կենտրոնում, որը հագեցած է Հայաստանում միակ 1,5 Տեսլա հզորությամբ ՄՌ տոմոգրաֆով: