Մարմնի ամբողջական ՄՌՏ-ի շնորհիվ հնարավոր է կրճատել քաղցկեղի ախտորոշման համար անհրաժեշտ ժամանակն ու ծախսվող գումարը

Հիմք ընդունելով կատարված հետազոտությունների արդյունքները՝ բրիտանացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մարմնի ամբողջական ՄՌՏ հետազոտությունն արդունավետ է քաղցկեղի վաղ հայտնաբերման և բուժման համար:

Streamline C- ի և Streamline L- ի փորձարկումները, որոնցում 16 հիվանդանոցներից ներգրավվել են մոտավորապես 500 պացիենտ, մարմնի ամբողջական ՄՌՏ-ի արդյունքները համեմատել են ախտորոշման պատկերավորման այլ մեթոդների հետ, որոնք ցուցված են կոլոռեկտալ և թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղով ախտորոշված պացիենտների վիճակը գնահատելու համար: 

 «Ներկայումս, չկան ծավալուն բազմակենտրոն ուսումնասիրությունների բավարար տվյալներ, ինչպիսին է, օրինակ, Streamline-ը, որում կիրառվում է մարմնի ամբողջական ՄՌՏ-ն։ Այդ պատճառով գործող ստանդարտները դեռևս առաջարկում են բուժման տարատեսակ մեթոդներ» - ասել է գիտական աշխատանքի գլխավոր հեղինակ, Լոնդոնի Համալսարական Քոլեջում բժշկական պատկերավորման պրոֆեսոր Ստյուարտ Թեյլորը։ Մինչ օրս մարմնի ամբողջական ՄՌՏ ներառող ուսումնասիրությունները բավականաչափ մասշտաբային չէին, իրականացվում էին միայն մեկ կամ երկու հիվանդանոցներում, իսկ ստացված պատկերների մեկնաբանման գործում ներգրավված էին քիչ թվով փորձառու ճառագայթաբաններ: Առողջապահության ոլորտի համար պատասխանատու մարմինները չեն կարող օգտագործել այս կարգի տվյալները, որպեսզի խորհուրդ տան մարմնի ամբողջական ՄՌՏ-ն։ Հուսանք, որ Streamline-ի փորձարկումները կփոխեն իրավիճակը»։

Քաղցկեղի բուժման ճիշտ նշանակում կատարելու համար բժիշկները պետք է իմանան ուռուցքի չափը և դրա տարածվածության մակարդակը մոտակա ավշային հանգույցներում և մարմնի այլ մասերում: Միացյալ Թագավորության Առողջապահության Ազգային Ծառայության ստանդարտ ուղեցույցները ներառում են պատկերավորման տարատեսակ մեթոդներ, ինչպիսիք են՝ ՀՏ, ՊԷՏ/ՀՏ (ПЭТ) կամ մարմնի որոշակի հատվածների ՄՌՏ, որոնց ճշգրտությունը կախված է ուսումնասիրվող օրգանից։ Այսպիսով, պացիենտին հետազոտելու համար հնարավոր է հարկավոր լինեն ախտորոշիչ մի քանի հետազոտություններ:

Մինչդեռ, ամբողջ մարմնի ՄՌՏ-ն կարող է սկանավորել ողջ մարմինը մոտավորապես մեկ ժամում, ինչն իր հերթին նվազեցնում է ուռուցքի չափը որոշելու ընթացքը։ Ինչպես նաև, կոլոռեկտալ քաղցկեղով պացիենտների համար կրճատում է հիվանդության տարածումը 5 օրով, իսկ թոքերի քաղցկեղով պացիենտների համար՝ 6 օրով: 

Չնայած նրան, որ մարմնի ամբողջական ՄՌՏ ախտորոշման ճշգրտությունը չի տարբերվում քաղցկեղի այս երկու տեսակների համար իրականացվող ստանդարտ հետազոտություններից, հարկ է նշել, որ այն ախտորոշիչ հետազոտության անցկացման ժամանակահատվածը կոլոռեկտալ քաղցկեղով պացիենտների համար նվազեցրել է 13-ից 8 օր, իսկ թոքերի քաղցկեղով պացիենտների համար՝ 23-ից 19 օր:   

Սակայն, ըստ Թեյլորի՝ ՄՌՏ հետազոտության մեծ պահանջարկի պատճառով ՄՌՏ սկաներները ավելի քիչ հասանելի են, քան մյուս մեթոդները։ Հետազոտության ընթացքում շատ հիվանդանոցներ չեն կարողացել ազատ ժամանակ տրամադրել, որպեսզի հետազոտությունը անցկացվի իրենց ՄՌՏ սարքերով, արդյունքում՝ պացիենտները ստիպված են եղել այլ հիվանդանոցներ դիմել։ Բացի այդ, ուսումնասիրություններին մասնակցող 16 հիվանդանոցներից 8-ը չունեին անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի կոլոռեկտալ քաղցկեղի ախտորոշման համար իրականացվեր մարմնի ամբողջական ՄՌՏ, իսկ թոքերի քաղցկեղի դեպքում 16 հիվանդանոցներից՝ 11-ը:  

Թեյլորը և նրա գործընկերները պլանավորում են շարունակել մարմնի ամբողջական ՄՌՏ ուսումնասիրութունները և արդեն դիմել են դրամաշնորհ ստանալու համար, որը կօգտագործվի այս տեխնոլոգիան կրծքագեղձի քաղցկեղի ուսումնասիրության և հիվանդության զարգացման աստիճանի որոշման ընթացքում կիրառելու համար։ Նրանք նախատեսում են ներգրավել նաև Լոնդոնի Կայսերական Քոլեջին, որպեսզի ստացված պատկերները նկարագրվեն արհեստական ինտելեկտի կարողությունների և մեքենայական ուսուցման օգնությամբ։

«Մարմնի ամբողջական ՄՌՏ-ն բաղկացած է բազմաթիվ պատկերներից։ Դրանց նկարագրելը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է։ Արհեստական ինտելեկտը և մեքենայական ուսուցումը թույլ կտան ճառագայթաբաններին ուշադրություն դարձնել անոմալ մասերին, նվազեցնել պատկերների նկարագրման համար անհրաժեշտ ժամանակահատվածը և բարձրացնել ախտորոշման ճշգրտությունը։

Միջգերատեսչական հանձնաժողովը մարմնի ամբողջական ՄՌՏ ախտորոշման ճշգրտությունը և արդյունավետությունը համեմատել է Առողջապահության Զարգացման Ազգային Ինստիտուտի (National Institute for Health and Care Excellence - NICE) կողմից առաջարկված բժշկական պատկերավորման ստանդարտ մեթոդների հետ:

Հետազոտությունների արդյունքում վերջնական որոշում կայացնելիս հաշվի են առնվել մարմնի ամբողջական ՄՌՏ-ի և ստանդարտ ախտորոշիչ մեթոդների արդյունքները, որից հետո պացիենտները 12 ամիսների ընթացքում գտնվել են վերահսկողության տակ: Սա թույլ է տվել գնահատել երկու մեթոդների ճշգրտությունը և որոշել, թե ինչպիսին պետք է լինի օպտիմալ բուժումը։

Մեթոդի ընտրության վերաբերյալ հանձնաժողովի վերջնական որոշումը եղել է հետևյալը` ստանդարտ մեթոդով և մարմնի ամբողջական ՄՌՏ-ով բուժման եղանակի ընտրությունը կոլոռեկտալ քաղցկեղով պացիենտների համար իրականացվել է 95% դեպքերում։ Իսկ թոքերի քաղցկեղի դեպքում արդյունքները, համապատասխանաբար, 99% և 98% էին։  

Փորձագետները նախազգուշացնում են, որ ստացված արդյունքները հնարավոր է կիրառելի չլինեն մարմնի այլ մասերի համար, քանի որ դրանք հատուկ են կոլոռեկտալ և թոքերի ոչ մանր բջջային քաղցկեղներին։

Հետազոտությունների արդյունքները հրատարակվել են Lancet Gastroenterology & Hepatology և The Lancet Respiratory Medicine ամսագրերում։