Հարցազրույց ՄԻԲՍ Երևանյան մասնաճյուղի տնօրենի հետ

Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է  ՄԻԲՍ բժշկական կենտրոնի Երևանյան մասնաճյուղի տնօրեն Արսեն Թորոսյանը

Թեմա- Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոն (ԿՀՄԻ ԲԱԿ) առողջապահական կազմակերպության մասնաճյուղն արդեն Երևանում

1. Որտեղի՞ց է սկիզբ առնում ԿՀՄԻ ԲԱԿ-ի պատմությունը և երբ է այդ կազմակերպության մասնաճյուղը բացվել Երևանում

ԿՀՄԻ ԲԱԿ-ը ստեղծվել է 2003թ.` մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Նրա գործունեության հիմնական ուղղությունը ախտորոշիչ կենտրոնների ցանցի ստեղծումն է ՌԴ-ում և հարևան երկրներում` բնակչությանը բարձր տեխնոլոգիական ախտորոշման և բուժման մեթոդներով ապահովելու նպատակով:

2003թ. օգոստոսին իր այցելուներին ընդունեց մագնիսա-ռեզոնանսային (ՄՌ) տոմոգրաֆիայի առաջին մասնավոր կենտրոնը ՌԴ-ում: Իսկ Հայաստանյան մեր մասնաճյուղը, որը գտնվում է “Երևան բժշկական կենտրոնի” տարածքում բացվել է սույն թվականի հուլիսի 2- ին: Կենտրոնն իր այցելուներին մատուցում է բժշկա-հետազոտական բարձրակարգ ծառայություններ և աշխատում է ճկուն համակարգով:

Մեր կենտրոն այցելող հիվանդները հետազոտությունից հետո հեռանում են առավելագույնս տեղեկացված, այսինքն մենք պացիենտներին ներկայացնում ենք կատարվող ՄՌ հետազոտության վերաբերյալ յուրաքանչյուր դետալ և համբերատար պատասխանում նրանց հուզող բոլոր հարցերին:
ՄՌ հետազոտության արդյունավետության և անվտանգության մասին ոչ միայն տեղեկացնում ենք մեր հիվանդներին, այլև կազմակերպվում են անհրաժեշտ և հետաքրքիր քննարկումներ տարբեր բժիշկ մասնագետների հետ, ովքեր դեռևս չեն օգտվել ՄՌ հետազոտությունից` չիմանալով դրա հնարավորությունների մասին:

2. Ի՞նչ գործունեություն է ծավալում ձեր ախտորոշիչ կենտրոնը

Մեր կենտրոնում իրագործվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌ) հետազոտություն, որը համարվում է ամենաարդունավետը Հայաստանում, քանի որ իրականացվում է Հայաստանում միակ բարձրադաշտ ՄՌ տոմոգրաֆի միջոցով (1.5 Տեսլա): Մնացած բոլոր տոմոգրաֆները ցածրադաշտ են (0,3-0,5 Տեսլա) և դրանց միջոցով պարզապես տեխնիկապես հնարավոր չէ ստանալ բարձր որակի և արդյունավետ ախտորոշում:
Մեր կենտրոնի 1,5 Տեսլա հզորությամբ բարձրադաշտ տոմոգրաֆը հնարավորություն է տալիս իրականացնել ՄՌ հետազոտությունը 2-3 անգամ ավելի արագ և ստանալ 3-4 անգամ ավելի բարձր որակի պատկերներ:

ՄՌ տոմոգրաֆի օգնությամբ մեր կենտրոնում կատարվում են տարբեր հետազոտություններ` որովայնի խոռոչի, գլխի, ողնաշարի տարբեր հատվածների, հոդերի, հետորովայնային տարածության, տղամարդկանց և կանանց փոքր կոնքի, ինչպես նաև ՄՌ անգիոգրաֆիաներ, որոնք լինում են կոնտրաստային և առանց կոնտրաստի:

Ցանկանցում եմ հատուկ շեշտել, որ մագնսիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ իսպառ բացակայում է ճառագայթումը (ի տարբերություն ռենտգենի և համակարգչային տոմոգրաֆիայի), քանի որ դրա ժամանակ կիրառվում է մագնիսական դաշտի միջոցով պատկերներ ստանալու մեթոդը, ինչը միանգամայն անվտանգ է օրգանիզմի համար, անգամ ցուցված է երեխաներին և հղիներին:

ՄՌՏ-ն հակացուցված է միայն այն մարդկանց, ովքեր իրենց օրգանիզմի մեջ կրում են կարդիոստիմուլյատորներ (սրտի ռիթմը կարգավորող սարքեր), ինչպես նաև նրանց, ում օրգանիզմում կան տարբեր մետաղական բեկորներ այնպիսի մետաղներից, որոնց վրա մագնիսական դաշտը կարող է ազդել (երկաթ, պողպատ և այլն): Մագնիսական դաշտի ազդեցությանը չենթարկվող մետաղական բեկորների կամ պրոթեզների դեպքում (տիտան, տանտալ, ոսկի և այլն), հակացուցումներ չկան:

Մեր կենտրոնում կատարվում են ոչ միայն ախտորոշիչ ծառայություններ, այլև մեզ մոտ ախտորոշված հիվանդներին հնարավորություն է ընձեռնվում ստանալու բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն Սանկտ Պետերբուրգի ուռուցքաբանական կենտրոնում, որտեղ հիվանդները բուժվում են ռադիովիրաբուժության և ռադիոթերապիայի միջոցով, ինչը Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի:

3. Ի՞նչ է իրենից ներկայացնում ռադիովիրաբուժությունը

Հիմնականում ռադիովիրաբուժությունը լայն տարածում ունի ԱՄՆ-ում, Ճապոնիայում, որոշ չափով նաև Եվրոպայում: ՌԴ-ում կա 2 ռադիովիրաբուժական կենտրոն, որոնցից մեկը գտնվում է Սանկտ Պետերբուրգում և ԿՀՄԻ ԲԱԿ-ի մի մասն է կազմում: ԿՀՄԻ ԲԱԿ ռադիովիրաբուժական կենտրոնի գները համեմատաբար մի քանի անգամ մատչելի են Եվրոպական երկրների համեմատ, իսկ որակը` ոչնչով չի զիջում նրանց:

Ռադիովիրաբուժությունը նորագոյացությունների բուժումն է` առանց վիրահատության, այսինքն շատ մեծ ճշգրտությամբ ճառագայթվում է միմիայն տվյալ գոյացությունը` չվնասելով հարևան հյուսվածքները: Շատ դեպքերում ռադիովիրաբուժության շնորհիվ բաց վիրահատության կարիք գրեթե չի լինում:

Սանկտ Պետերբուրգում ռադիովիրաբուժությունը իրագործվում է բարձրակարգ սարքավորումների միջոցով` գլխի համար նախատեսված Գամմա դանակի և ամբողջ մարմնի համար նախատեսված Կիբեր դանակի: Այս սարքավորումները ամենևին չունեն դանակի տեսք, պարզապես կոչվում են դանակ, քանի որ բուժում են ինչպես դանակը` վերջնականապես ոչնչացնելով ուռուցքային հյուսվածքը: Տվյալ դանակների օգնությամբ տարբեր դոզավորված ճառագայթները 1մմ ճշգրտությամբ սպանում են ուռուցքը, որը դադարում է աճել և ժամանակի ընթացքում հետզհետե փոքրանում է, բջիջները մեռնում են և վերածվում շարակցական հյուսվածքի:

Ռադիովիրաբուժությունից բացի Սանկտ Պետերբուրգի մեր կենտրոնում իրականցվում է նաև նորագոյացությունների ճառագայթային թերապիա VARIAN ֆիրմայի նորագույն Clinac 2100C գծային արագացուցիչով, ինչպես նաև քիմիոթերապիա` համաշխարհային բժշկագիտության վերջին ստանդարտներին համապատասխան:
Շուտով Սանկտ Պետերբուրգի մեր կենտրոնում կգործի նաև պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան` համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետ, որը հնարավորություն է տալիս կատարել նորագոյացությունների լիարժեք ախտորոշում (ներառյալ մետաստազները) ռադիոֆարմպրեպարատների միջոցով:

4. Երբևէ եղե՞լ են դեպքեր, երբ ռադիովիրաբուժությունը լիարժեք արդյունք չի տվել և բաց եղանակով վիրահատական միջամտություն կարիք է առաջացել

Նման դեպքերը լինում են շատ հազվադեպ, քանի որ ռադիովիրաբուժություն կատարելուց առաջ մանրամասն քննարկվում է հիվանդի մոտ հայտնաբերված ախտահարման բնույթը և հետո միայն որոշում կայացվում ռադիովիրաբուժություն կատարելու վերաբերյալ, ինչպես նաև, թե որ սարքավորման միջոցով առավելագույն արդյունք կապահովվի` Գամմա, թե Կիբեր դանակի: Այսինքն մենք չենք առաջնորդվում միայն բիզնես մոտեցումներով և լինում են նաև դեպքեր, երբ հիվանդներին մերժվում է ռադիովիրաբուժության անցկացումը: Մեծ մասամբ դեպքերում կարիք չի լինում նորից կատարել բուժում:

Ռադիովիրաբուժությունից հետո հիվանդը կլինիկայում մնում է ընդամենը երկու օր, որից հետո հիվանդի կյանքը ստանում է բնականոն ընթացք:
Այս բարձրակարգ բուժման մեթոդից հետո նվազագույնի են հասցվում կողմնակի հետևանքները, քանի որ ռադիովիրաբուժությունը սպանում է միայն ախտահարված մասը` չվնասելով առողջ օրգաններին և հյուսվածքներին:

5. Ձեզ մոտ հետազոտված հիվանդը արդյո՞ք կարողանում է ճիշտ գաղափար կազմել իր հիվանդության վերաբերյալ և ճիշտ ընտրություն կատարել համապատասխան մասնագետի ընտրության հարցում

ՄՌ հետազոտության միջոցով երբ հիվանդի օրգանիզմում բացահայտում ենք որևէ խնդիր, հիվանդին մանրակրկիտ բացատրում ենք մեր ստացված արդյունքները և յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար հիվանդին խորհուրդ ենք տալիս դիմել համապատասխան բժիշկ մասնագետին, իսկ բուժման մեթոդը որոշում է բուժող բժիշկը` հիվանդի հետ միասին:

Մեր արդունավետ աշխատանքի շնորհիվ մեր կենտրոնում արդեն նկատվում է այցելուների զգալի հոսք, որոնցից ոմանք արդեն պատրաստվում են մեկնել Սանկտ-Պետերբուրգ` ստանալու ռադիովիրաբուժական բարձրակարգ ծառայություն:

6. Ի՞նչ խորհուրդ կտայիք մեր ազգաբնակչությանը

Մեր ազգաբնակչությանը խորհուրդ կտայի հետևել իրենց առողջությանը, քանի որ դա իրենց ամենաթանկ բանն է: Առողջության հետ խնդիրներ ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկի, իսկ կարիքի դեպքում անցնել ախտորոշիչ հետազոտություն մեր կենտրոնում:

Եվ ինչպես մեր կենտրոնի նշանաբանն է ասում “Ձեր առողջությունն անգին է, դրա մասին տեղեկատվությունը` հասանելի”:

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի, ինչպես նաև շատ կարևոր տեղեկատվության համար: Հուսով եմ՝ մեր հանդիպումները և հարցազրույցները կկրեն շարունակական բնույթ:

Հարցազրույցը վարեց` Թեհմինե Նազարյանը: