Գլխուղեղի՝ Covid-19 վիրուսով պայմանավորված ախտահարման 3 փուլերը

Վերջերս Alzheimer Disease ամսագիրը հրապարակեց մի հոդված, որտեղ մանրամասն նկարագրված է COVID-19-ի ազդեցությունը նյարդային համակարգի վրա՝ ներկայացնելով կորոնավիրուսով պայմանավորված գլխուղեղի ախտահարման երեք փուլերը: Հեղինակներից մեկը՝ ԱՄՆ-ում հայտնի բժիշկ-նյարդաբան Մաջիդ Ֆոտուհին, ով Հյուսիսային Վիրջինիայի NeuroGrow Brain Fitness Center-ի տնօրենն է և մասնակցում է Ջոնս Հոփկինսի համալսարանի գործընկերային ծրագրերին, ներկայացնում է այդ եռաստիճան դասակարգումը և նշում, որ կորոնավիրուսով հիվանդացած և առողջացած հիվանդները հիվանդանոցից դուրս գրվելուց առաջ պետք է անցնեն գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն։ Բժիշկ Ֆոտուհին ԱՄՆ-ում հիշողության խնդիրների, Ալցհեյմերի հիվանդության, ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության խանգարման, ցնցումների և ցանկացած տարիքում ուղեղի կենսունակության բուժման բնագավառում մեծ հեղինակություն է վայելում։

«Հետազոտությունները ցույց են տվել, որ COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների զգալի մասն ունեն գլխուղեղի տարբեր աստիճանի վնասման ախտանիշներ: Բժիշկները պետք է հսկողության տակ պահեն այս հիվանդներին, քանի որ հետագայում հնարավոր են բարդացումներ՝ ճանաչողական ֆունկցիայի նվազում, ուշադրության պակաս, մթագնած գիտակցություն կամ Ալցհեյմերի հիվանդություն: Ուղեղի  վնասված հատվածները հնարավոր է վերականգնել, սակայն նախ և առաջ պետք է պարզել նյարդաբանական խանգարումների բնույթը և բարդության աստիճանը: Հիվանդներին անհրաժեշտ է անցնել ՄՌՏ հետազոտություն մինչև հիվանդանոցից դուրս գրվելը։ Ճիշտ ժամանակին արված հետազոտությունը  թույլ կտա  անցկացնել հիվանդի վիճակի դինամիկ մոնիթորինգ», - պարզաբանում է Ֆոտուհին:

 

Հոդվածում բժիշկ Ֆոտուհին և իր գործընկերները զգուշացնում են COVID-19 հաստատված հիվանդների մոտ նյարդաբանական խնդիրների ի հայտ գալու մասին՝ ցնցումներ, գիտակցության խանգարումներ, գլխապտույտ, կաթված և/կամ կոմա: Արդեն արձանագրվել են COVID-19-ի՝ գլխուղեղի վրա թողած բացասական ազդեցության երկու տասնյակից ավելի դեպքեր: Չինաստանի Ուհան քաղաքում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարդ ընթացող COVID-19 ունեցող հիվանդների 45%-ն ունեն լուրջ նյարդաբանական խանգարումներ: Ֆրանսիացի բժիշկների հետազոտությունները ցույց տվեցին, որ COVID-19 ինտենսիվ թերապիայի Վերակենդանացման բաժանմունքում բուժվող հիվանդների 84%-ի մոտ նյարդաբանական հետազոտության ընթացքում ի հայտ են եկել պաթոլոգիական շեղումներ, իսկ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխված հիվանդների 15%-ն ունեն գլխուղեղի մնացորդային նևրոզանման խանգարումներ, այդ թվում ՝ ուշադրության ցածր մակարդակ, վարքի կառավարման և որոշումների կայացման դժվարություններ:

Գիտական հոդվածում առաջարկվում է «NeuroCovid» դասակարգման եռաստիճան սխեման, որը կարող է հիմք հանդիսանալ ապագայում SARS-Cov2 և նյարդային համակարգին վերաբերող հետազոտությունների ու վարկածների համար։ Առանձնացվել են հետևյալ փուլերը․

  • NeuroCovid I․ Վիրուսի պատճառած վնասը սահմանափակվում է քթի և բերանի էպիթելային բջիջների ախտահարմամբ, իսկ հիմնական ախտանիշները ներառում են համի և հոտի ժամանակավոր կորուստ:
  • NeuroCovid II․ Վիրուսը առաջացնում է շղթայական բորբոքում, որը հայտնի է որպես ցիտոկինի փոթորիկ․ այն սկսվում է թոքերում և արյան միջոցով ախտահարում բոլոր օրգանները: Ցիտոկինի փոթորիկը հանգեցնում է անոթների խցանումների՝ առաջացնելով ուղեղի փոքր կամ մեծ կաթված:
  • NeuroCovid III․ Ցիտոկինի փոթորիկի պայթուցիկ մակարդակը վնասում է հեմատոէնցեֆալիկ պատնեշը՝ ուղեղի արյան անոթներում պաշտպանիչ-մեկուսիչ շերտը: Արդյունքում՝ արյան պարունակությունը, բորբոքային մարկերները և վիրուսային մասնիկները թափանցում են ուղեղ և հիվանդների մոտ առաջացնում ցնցումներ, գիտակցության խագարումներ, կոմա կամ էնցեֆալոպաթիա:

Բժիշկ Ֆոտուհին նշում է, որ սկզբում COVID-19 ունեցող շատ հիվանդների մոտ կարող են ի հայտ չգալ նյարդաբանական ախտանիշներ, այնուամենայնիվ, երբեմն նման ախտանշանները գրանցվում են նույնիսկ նախքան հիվանդի մոտ հիմնական նշանների երևան գալը՝ բարձր ջերմություն, հազ կամ դժվարացած շնչառություն: Նա շեշտում է, որ, բացի ՄՌՏ հետազոտությունից, հիվանդների վիճակը պետք է գնահատվի նաև հիվանդանոցային բուժումից մի քանի ամիս անց։ «Կորոնավիրուսների այլ տեսակների հետ ունեցած մեր փորձը ենթադրում է, որ երկարաժամկետ հեռանկարում հիվանդների մոտ  կարող է  զարգանալ ընկճախտ, անքնություն, Պարկինսոնի հիվանդություն, հիշողության կորուստ կամ ուղեղի արագացված ծերացում, - բացատրում է Ֆոտուհին:

- Այն հիվանդներին, ովքեր ունեցել են COVID-19, խորհուրդ եմ տալիս կանոնավոր ֆիզիկական վարժություններ կատարել, առողջ սնունդ օգտագործել, նվազեցնել սթրեսը և կարգավորել քունը: Սրանք այն կարևոր պայմաններն են, որոնց միջոցով նրանք կարող են երիտասարդացնել իրենց ուղեղը և նվազագույնի հասցնել հետագա ռիսկերը»:

Այս միջոցները, ուղեղի թիրախային մարզման և նյարդային հետադարձ կապի թերապիայի հետ մեկտեղ, բժիշկ Ֆոտուհիի կողմից մշակված Brain Fitness 12-շաբաթյա ծրագրի հիմնական կետերն են: Journal of Prevention of Alzheimer’s Disease ամսագրում (2016) հրապարակված հոդվածում կոգնիտիվ պրոցեսների խանգարում ունեցող տարեց մարդկանց 84%-ի մոտ, ովքեր անցել են այս վերականգնողական ծրագիրը, բարելավվել է ուղեղի գործունեությունը, և նրանցից շատերն ունեցել են  ուսուցման ու հիշողության համար պատասխանատու ուղեղի հատվածի աճ: Նմանատիպ արդյունքներ են նկատվել նաև այն հիվանդների մոտ, ովքեր անցել են կոմայից վերականգման ծրագիրը։ Այժմ այս ծրագիրը հատուկ հարմարեցվելու է COVID-19-ով առաջացած նյարդաբանական խնդիրներից տառապող հիվանդների համար։