Ի՞նչ է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան



Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան գործիքային ախտորոշման ժամանակակից մեթոդ է, որի միջոցով հնարավոր է մանրակրկիտ հետազոտել օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները, մասնավորապես, այն համարվում է ոսկե ստանդարտ գլխուղեղի, ողնուղեղի, ողնաշարի, հոդերի, որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների հետազոտման համար:
Մեզնից յուրաքանչյուրը շատ հաճախ լսում է հետևյալ արտահայտությունները՝ ՄՌՏ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային շերտագրում և Յամեռ (ЯМР):Եվ հաճախ պացիենտներին և բուժող բժիշկներին հետաքրքրում է, թե որն է տարբերությունը, օրինակ՝ ՄՌՏ-ի և Յամեռ-ի միջը: Պատասխանը հստակ է. տարբերություն չկա:

ՄՌՏ հետազոտությունը գործիքային ախտորոշման մեթոդ է, որի հիմքում ընկած է միջուկային մագնիսային ռեզոնանսի երևույթը, այսինքն՝ ռուսերեն այն կոչվում է Ядерно-магнитный резонанс (ЯМР): Սակայն, քանի որ ոմանց մոտ այդ միջուկային (ядерный) բառը առաջացնում էր ավելի սարսափազդու վիճակ, ապա որոշում կայացվեց այդ բառը հանել գործածությունից, և այժմ կիրառվում է ՄՌՏ տերմինը: Անգլերեն գրականության մեջ կարող է հանդիպել MRI տերմինը, որը նույնպես նշանակում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:

Տվյալ մեթոդն ունի բավականին բարդ կառուցվածք, սակայն կարճ կարելի է ներկայացնել այսպես: Հետազոտության ժամանակ պացիենտը պառկում է սարքավորման մեջ և ընթացքում լինում են հատուկ մագնիսական ալիքներ և իմպուլսներ, որոնց ի պատասխան ամեն մի հյուսվածք տալիս է իր արձագանքը, որն ընկալվում է հատուկ ընկալիչների միջոցով և բարդ վերամշակում անցնում համակարգչային ծրագրերի միջոցով: Արդյունքում ստացվում են տվյալ հատվածի եռաչափ պատկերները: Դրանք մանրամասն հետազոտելով՝ բժիշկ-ռադիոլոգները գրում են եզրակացությունը, որը հիմք է դառնում վերջնական ախտորոշման համար:

Այսպիսով՝ ՄՌՏ-ն ժամանակակից գործիքային հետազոտման անչափ ինֆորմատիվ մեթոդ է, որն անվնաս է օրգանիզմի համար: Այն հնարավորություն է տալիս հետազոտել օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները հաճախ հայտնաբերելով այնպիսի ախտաբանական պրոցեսներ, որոնք դեռ տեսանելի չեն հետազոտման այլ մեթոդների օգնությամբ:

Ինչու՞ է ամբողջ մարմինը տեղափոխվում սարքի մեջ, եթե հետազոտվում է միայն մեկ հատված



Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդի էությունը կայանում է նրանում, որ կիրառելով  բարձր հզորության մագնիսի հոմոգեն մագնիսական դաշտը, ստանանք մեզ հետաքրքիր հատվածների եռաչափ տոմոգրաֆիկ պատկերները:

Ինչպես գիտենք՝ ՄՌՏ-ի սարքը իրենից ներկայացնում է խոշոր գլան: Ամենահոմոգեն դաշտը ստեղծվում է գլանի կենտրոնում:
 
Հաշվի առնելով պացիենտների հասակը, հետազոտությունների յուրահատկությունները և սարքի ֆիզիկական չափսերը՝ ստացվում է այնպես, որ հետազոտությունների մեծամասնության դեպքում անհրաժեշտ պատկերը ստանալու համար  մարմինը ամբողջությամբ է տեղակայվում գլանի ներսում: Բայց կան որոշակի առանձնահատկություններ: Օրինակ՝ ստորին վերջույթների՝ սրունքի, ոտնաթաթի, ծնկան հոդի հետազոտությունների ժամանակ տոմոգրաֆի կենտրոնում գտնվում են հենց այդ հատվածները, և ստացվում է այնպես, որ գլուխը, պարանոցը և կրծքավանդակը գտնվում են գլանից դուրս:

Ինչո՞վ է բացատրվում ՄՌՏ սարքի բարձր աղմուկը:


Պացիենտների մոտ հաճախ է հարց առաջանում, թե ինչու է ՄՌՏ սարքը այդպիսի աղմուկով աշխատում և հնարավոր է արդյոք այդ աղմուկը ինչ-որ կերպ նվազեցնել: Ոչ, հնարավոր չէ:

ՄՌՏ-ի սարքը իրենից ներկայացնում է շատ մեծ հզորության մագնիս: Կա հիմնական մագնիս և ավելի փոքր մագնիսներ, որոնք կոչվում են գրադիենտային մագնիսներ: Դրանք անհրաժեշտ են մագնիսական դաշտում նուրբ փոփոխություններ անելու համար, որը հնարավորություն է տալիս տարբեր իմպուլսային հաջորդականությունների ժամանակ ստանալ մեզ անհրաժեշտ ազդակներ, որոնք հետագայում վերածվում են անհրաժեշտ պատկերների: Տարբեր իմպուլսային հաջորդականությունների ժամանակ իրենք կարող են միանալ սինխրոն և ասինխրոն: Հենց այդ փոխազդեցությունը փոքր մագնիսների և հիմնական մագնիսի միջև հանդիսանում է ձայների առաջացման  հիմնական պատճառը: Հետևաբար սարքը չի կարող անձայն աշխատել:

Ներկայումս մի շարք առաջատար արտադրողների կողմից տարվում են աշխատանքներ, որպեսզի ստեղծվեն ավելի ցածր ձայնով աշխատող մագնիսներ, որոնցում հետազոտվելը պացիենտների համար կլինի ավելի հարմարավետ:

ՄՌՏ-ի բացարձակ և հարաբերական հակացուցումները:



Ինչպես մնացած գործիքային հետազոտությունները, այնպես էլ ՄՌՏ-ն ունի որոշակի սահմանափակումներ:Այդ սահմանափակումները լինում են բացարձակ և հարաբերական:  Բացարձակ սահմանափակումներից ամենակարևորը հանդիսանում է մետաղների առկայությունը օրգանիզմում, ընդ որում, այնպիսի մետաղների, որոնք մագնիսական դաշտի ազդեցությամբ ձգվում են, օրինակ՝ անհայտ ծագման բեկորներ, մետաղական իմպլանտներ:

Բացարձակ հակացուցում են հանդիսանում նաև ականջում տեղակայված իմպլանտները և կարդիոստիմուլյատորները: Թեև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ  վերջերս ստեղծված կարդիոստիմուլյատորները հնարավորություն են տալիս պացիենտներին անցնել ՄՌՏ հետազոտություն:

Բացարձակ հակացուցումներից են հիվանդի չափսերը, քանի որ սարք արտադրող ընկերությունները որոշակի սահմանափակում են դրել պացիենտի քաշի և հասակի տեսանկյունից:

Հարաբերական հակացուցումներից է  կլաուստրաֆոբիան, հղիության առաջին եռամսյակը և հիվանդի ծանր վիճակը:

Ինչ վերաբերում է ատամի իմպլանտներին, ապա  դրանց առկայությունը ՄՌՏ հետազոտության անցկացման հակացուցում չի համարվում, բայց որոշ դեպքերում իմպլանտները կարող են լուրջ արտեֆակտներ առաջացնել, որոնց պատճառով նկարների որակը ցածր է լինում: Նույնը վերաբերում է նաև կորոնար զարկերակների ստենտերին: Այդ պատճառով նախքան հետազոտությունը հիվանդը պետք է ներկայացնի ստենտի անձնագիրը, որպեսզի գնահատվի երբ, որտեղ և քանի ստենտ է տեղադրվել և չի հանդիսանում արդյո՞ք այն հետազոտության անցկացման  հակացուցում:

Այսպիսով՝ նախքան հետազոտությունը սկսելը հիվանդը պետք է տեղեկացնի բժշկին իր օրգանիզմում առկա մետաղի մասին և դրանից հետո միայն պետք է համատեղ որոշեն հետազոտության նպատակահարմարությունը:

Ինչպե՞ս փորձել շրջանցել կլաուստրաֆոբիան ՄՌՏ հետազոտության ժամանակ



Կլաուստրաֆոբիան վախն է փակ, սահմանափակ տարածությունների նկատմամբ: Պացիենտները, ովքեր արդեն անցել են ՄՌՏ հետազոտություն շատ լավ են պատկերացնում, թե ինչ է դա իրենից ներկայացնում: Այն պացիենտները, ում մոտ շատ արտահայտված է կլաուստրաֆոբիան, չեն անցնում ՄՌՏ սարքավորման անգամ կեսը և փորձում են դուրս գալ  սարքից՝  չցանկանալով շարունակել հետազոտությունը: Այդպիսի պացիենտների հետազոտությունը սովորաբար կատարվում է անզգայացմամբ և նրանք ոչինչ չեն զգում:

Թույլ արտահայտված կլաուստրաֆոբիայով հիվանդների համար կան հատուկ սարքեր, որոնք մեղմում են կլաուստրաֆոբիայի հետ կապված երևույթները: Տարբեր անկյունների տակ դրված հայելիները տեղադրվում են պացիենտի գլխավերևում և պացիենտը պառկած վիճակում հնարավորություն է ունենում տեսնել իր առջև կանգնած մարդուն: Քանի որ հետազոտությունը անվտանգ է, պացիենտի հարազատներից մեկին թույլատրվում է մտնել հետազոտության սենյակ և հոգեբանորեն աջակցել պացիենտին, որպեսզի նա կարողանա հաղթահարել այդ հոգեբանական պատնեշը:

ՄՌՏ հետազոտության սարքը նման է երկու ծայրը բաց երկար խողովակի, որը տարբեր սարքերի դեպքում տարբեր տրամաչափի է: Հետևաբար այս խնդիրը առկա է կլաուստրաֆոբիա ունեցող բոլոր պացիենտների մոտ: Գիտության զարգազմանը համընթաց ստեղծվում են տարբեր տիպի հնարավորություններ, որպեսզի պացիենտները ավելի հարմարավետ պայմաններում անցնեն հետազոտությունը: Նույնիսկ կան մոնիտորներ, որոնք տեղադրվում են այդ սարքի մեջ և պացիենտը որոշ չափով շեղվում է այդ լարվածությունից:

Ընդհանուր առմամբ  կլաուստրաֆոբիան խնդիր է, որը եղել է, կա և կլինի, բայց գիտության զարգացմանը զուգընթաց այս խնդիրը մաքսիմալ վերահսկվում է՝ կիրառելով այս կամ այն տիպի սարքավորումներ:

Ինչպե՞ս են կատարում ՄՌՏ երեխաներին:


Երեխաներին հետազոտելիս հիմնական խնդիրը, որին կարող ենք հանդիպել շարժումներն են: ՄՌՏ-ի համար հիմնական նախապայմանը հանգիստ պառկելն է, իսկ երեխաների մի մասը՝ կախված տարիքից կամ վիճակից, ուղղակի անշարժ պառկել չեն կարողանում: Արդյունքում՝ պատկերները ստացվում են աղավաղված և քիչ ինֆորմատիվ:

Ի՞նչ է կատարվում մեր կենտրոնում: Ուսումնասիրելով թե՛ մեր անձնական, թե՛ միջազգային փորձը՝ երեխաներին հետազոտելիս կիրառում ենք յուրահատուկ աշխատելաոճ: Նախ և առաջ կատարվում է շատ լուրջ հոգեբանական աշխատանք: Մինչ հետազոտությունը սկսելը շփվում ենք երեխայի հետ ավելի անմիջական ձևով՝ վերացնելով վախը բժշկից և սպիտակ համազգեստից: Կենտրոնում ունենք նաև փոքրիկ տոմոգրաֆ, որը ցուցադրելով երեխաներին բացատրում ենք, թե ինչպիսի կառուցվածք ունի սարքը, ինչպես է պառկելու ներսում և այլն: Երբեմն բժիշկը մինչ հետազոտությունը երեխային ուղեկցում է հետազոտման սենյակ, որպեսզի նա տեսնի, թե ինչպես է իրականացվում  հետազոտությունը:

Ունենք վկայականներ, որոնց  վրա գրված է, որ տրվում է առ այն, որ պացիենտը դրսևորել է խիզախություն և գերազանց կատարել է բժշկի ցուցումները: Երբ երեխային ցույց է տրվում այդ վկայականը  և ասվում է, որ բժշկի հրահանգները ճիշտ կատարելու դեպքում, նրան նույնպես կտրվի այդպիսի վկայական, երեխաների մեծ մասը շատ հանգիստ և վստահ պառկում են կատարելու բժշկի ցուցումները:

Մեկ այլ «կաշառքի» ձև է պատվերով համերգը: Մեր կենտրոնում ՄՌՏ հետազոտության ժամանակ պացիենտին ականջակալների միջոցով մատուցում ենք երաժշտություն, որպեսզի որոշակիորեն մեղմենք սարքի աշխատանքային ձայները և ստեղծենք ավելի հաճելի միջավայր: Եթե հասուն պացիենտների դեպքում ունենք արդեն որոշված երգացանկ, ապա երեխաների դեպքում փորձում ենք գտնել և մատուցել նրա սիրած երգչի կամ երգչուհու կատարումներից: Բացատրում ենք, որ եթե անշարժ պառկի կմիացնենք իր ցանկացած երաժշտությունը, իսկ եթե շարժվի՝ մեկ այլ երաժշտություն: Երեխաների մեծ մասը հանգիստ պառկում է ՝ կատարելով մեր ցուցումները:

Այսպիսով՝ երեխաների ՄՌՏ հետազոտման դեպքում անհրաժեշտ է, որ ծնողները նախապես զրուցեն բժիշկ-ռադիոլոգի հետ, հարկ եղած դեպքում, զրույցին միանա նաև բուժող բժիշկը, և համատեղ ընտրեն հետազոտման ամենաօպտիմալ տարբերակը:

Հղիների և կերակրող մայրերի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա:


Ցավոք սրտի մեր բնակչության մի փոքր մասը դեռևս կարծում է, որ  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակ կիրառվում են իոնիզացնող ճառագայթներ: Ավելին՝ բժիշկների մի ստվար զանգվածը ևս ունի այդ թյուր կարծիքը: Անհրաժեշտ է մեկընդմիշտ հիշել, որ ՄՌՏ-ի ժամանակ չի կիրառվում ճառագայթում, և այն միանգամայն անվնաս է օրգանիզմի համար:

Այժմ անդրադառնանք հղիներին և կերակրող մայրերին ցուցված ՄՌՏ հետազոտության մասին: Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, չկա որևիցե հիմնավոր ապացույց կամ գիտական աշխատություն, որը կփաստի հղիների և կերակրող մայրերի հանդեպ ՄՌՏ-ի վտանգավոր ազդեցության մասին: Սակայն մեր մոտեցումը հետևյալն է՝ ինչպես բոլոր պացիենտներին, այնպես էլ հղիներին, ՄՌՏ-ն արվում է խիստ բժշկական ցուցումների առկայության դեպքում և հետազոտությունից առաջ խորհրդակցում ենք պացիենտի բուժող բժշկի հետ և որոշում՝ անել, թե չանել հետազոտություն, և անելու դեպքում, որ հետազոտությունը անել:

Լինում են դեպքեր, երբ ՄՌՏ հետազոտման միջոցով հղի կնոջ մոտ հայտնաբերվում է լուրջ պաթոլոգիա: Ճիշտ ախտորոշման և ճիշտ բուժման շնորհիվ կարողանում ենք խուսափել հետագա բարդություններից:

Միջազգային պրակտիկայում մեծ տարածում ունի հենց պտղի ՄՌՏ հետազոտությունը: Եթե ուլտրաձայնային հետազոտությամբ հայտնաբերվում է որոշակի փոփոխություններ պտղի մոտ, ապա առավել մանրակրկիտ հետազոտման համար կատարվում է պտղի ՄՌՏ հետազոտություն:

Ինչ վերաբերվում է կերակրող մայրերին, ապա նրանց կարող ենք հետազոտել ցանկացած պահի առանց որևէ սահմանափակման: Սակայն, եթե հետազոտման ընթացքում հայտնաբերվել է լուրջ խնդիր և պացիենտին ներարկվել է կոնտրաստ նյութ, ապա խորհուրդ է տրվում առնվազն 24 ժամ չկերակրել փոքրիկին, քանի որ կոնտրաստ նյութը կարող է ունենալ բացասական ազդեցություն նորածնի վրա:

Այսպիսով՝ թե հղիների, թե կերակրող մայրերի դեպքում  ՄՌՏ անելու հարցը պետք է քննարկվի բուժող բժշկի և ռադիոլոգի կողմից` ամեն անգամ ցուցաբերելով անհատական մոտեցում և ընտրելով օպտիմալ տարբերակը:

Ի՞նչ է համակարգչային տոմոգրաֆիան:


Համակարգչային տոմոգրաֆիան ներքին օրգանների հետազոտման ոչ ինվազիվ մեթոդ է, որի հիմքում ընկած է ռենտգեն ճառագայթների միջոցով օրգանների շերտավոր պատկերների ստացումը: Հետազոտման ժամանակ, ռենտգեն ճառագայթների հոսքը տարբեր անկյունների տակ ուղղվելով, պացիենտի հետազոտվող հատվածի վրա, տարբեր խտության հյուսվածքների կողմից ենթարկվում է մասնակի կամ ամբողջական կլանման, ինչը բերում է այդ ճառագայթների մասնակի կամ ամբողջական թուլացման: Այդ թուլացման տարբերությունը գրանցվում է համապատասխան դետեկտորների կողմից և ենթարկվում համակարգչային մշակման, ինչի արդյունքում ստացվում են պատկերներ: Ստացված պատկերները ռեկոնստրուկցիայի ենթարկելուց հետո հնարավորություն է ստեղծվում ստանալ համապատասխան օրգանի եռաչափ պատկերը:

Ի տարբերություն ռենտգեն հետազոտման, ՀՏ հետազոտության ժամանակ ռենտգեն ճառագայթների աղբյուրը՝ ռենտգեն խողովակը, և դետեկտորները պտտվում են պացիենտի հետազոտվող հատվածի շուրջ, ինչը հնարավոր է դարձնում ռենտգեն ճառագայթների թափանցումը օրգանիզմ տարբեր հարթություններով և հետագա 3D պատկերների ստացումը: Դրա արդյունքում խուսափում ենք ռենտգեն հետազոտության այնպիսի թերությունից, ինչպիսին պատկերների համադրումն է:

Ժամանակակից բազմապարույրային համակարգչային տոմոգրաֆները հնարավորություն են տալիս ստանալ առավել հստակ պատկերներ և նվազեցնում են ճառագայթման դոզան, ինչը համարվում է սովորական ՀՏ-ի թերությունը:

ՀՏ-ն համարվում է գլխուղեղի, կրծքավանդակի օրգանների՝ թոքերի և բրոնխների, միջնորմի օրգանների՝ սրտի և անոթների, որովայնի օրգանների՝լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի, երիկամների և մակերիկամների, աղիների, փոքր կոնքի օրգանների՝ միզապարկի, շագանակագեղձի, արգանդի և հավելումների և ոսկրային համակարգի հետազոտման մեթոդ:

Ո՞րն է ՄՌՏ-ի և ՀՏ-ի տարբերությունը:


Թե՛ պացիենտները, թե՛ որոշ բժիշկներ երբեմն շփոթում են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան համակարգչային տոմոգրաֆիայի հետ: Այս երկու մեթոդները համարվում են գործիքային ախտորոշման տարբերակներ և ունեն որոշակի նմանություններ: Այնուամենայնիվ, սրանք լիովին տարբերվում են պատկերների ստացման եղանակով:

ՀՏ-ի ժամանակ կիրառվում են ռենտգենյան ճառագայթներ, որոնք տարբեր կերպ են կլանվում տարբեր խտություն ունեցող միջավայրերում: Որքան խիտ և պինդ է այս կամ այն օրգանը, այնքան ավելի մեծ քանակով ռենտգենյան ճառագայթներ է այն կլանում և հակառակը՝ օդակիր օրգանները ավելի թափանցելի են: Այս է պատճառը, որ ոսկրերի և թոքերի հետազոտման համար նախընտրելի է համակարգչային տոմոգրաֆիան:

ՄՌՏ հետազոտության ժամանակ, ի տարբերություն  ՀՏ հետազոտության, չեն կիրառվում իոնիզացնող ճառագայթներ: ՄՌ տոմոգրաֆիայի հիմքում ընկած է միջուկամագնիսային ռեզոնանսի երևույթը: Մագնիսական դաշտում տեղակայված ատոմների միջուկները սկզբում կլանում, ապա արձակում են էներգիա, որը գրանցվում է սարքի կողմից: Սարքերը հիմնված են ջրածնի պրոտոններից ստացված էներգիայի հաշվարկման վրա, քանի որ այն մեծ քանակով է պարունակվում մարդու օրգանիզմում:

Այսպիսով, ՄՌՏ-ն այժմ համարվում է անվնաս ախտորոշման մեթոդ և  ազատորեն կիրառվում է երեխաների և հղիների հետազոտության համար:

Բացի պատկերների ստացման ֆիզիկական հիմունքների տարբերություններից, ամեն գործիքային հետազոտման եղանակ ունի իր հստակ ցուցումները և ավելի լավ է ցույց տալիս այս կամ այն օրգանը: ՄՌՏ-ով հստակ երևում են այն օրգանները, որտեղ կա շատ հեղուկ ՝ գլխուղեղ, փափուկ հյուսվածքներ և այլն: ՀՏ-ով ավելի լավ են երևում ոսկրերը և օդակիր օրգանները՝ թոքեր, ստամոքս, աղիներ:

ՄՌՏ-ի տևողությունը կախված է հետազոտվող հատվածի չափերից, կիրառվող ծրագրերից, սարքի պարամետրերից, և մեկ հատվածի հետազոտությունը տևում է միջինում 15-20 րոպե: ՀՏ-ն ավելի արագ է կատարվում և տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե:

Այսպիսով, ցանկացած հետազոտությունից առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ՝ օպտիմալ հետազոտման մեթոդ ընտրելու համար:

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է անցնել համակարգչային տոմոգրաֆիա:


Հաշվի առնելով,  որ համակարգչային տոմոգրաֆիան ճառագայթային հետազոտություն է՝ պացիենտներին շատ հաճախ հուզում է այն հարցը, թե ինչ հաճախականությամբ կարելի է կատարել այս հետազոտությունը: Միանշանակ պատասխանել այս հարցին հնարավոր չէ, քանի որ հաճախականությունը որոշվում է  խիստ անհատականորեն:

Գոյություն ունի ճառագայթման միջազգային սանդղակ, ըստ որի՝ տարբեր օրգանների հետազոտման ժամանակ պետք է կիրառվի համապատասխան ճառագայթային դոզա: Օրինակ՝ թոքերի հետազոտման ճառագայթային դոզան տարբերվում է որովայնի կամ մեկ այլ հատվածի հետազոտման ժամանակ կիրառվող դոզայից: Թույլատրելի օպտիմալ ճառագայթային դոզան տարեկան մոտ 15 միլիզիվերտ է: Հետևաբար տարվա ընթացքում մեկ հետազոտությունը թույլատրելի է և առողջությանը որևիցե վտանգ չի սպառնում:

Այս մոտեցումը չի վերաբերում դինամիկ հսկողությամբ հիվանդներին, այսինքն՝ քրոնիկ հիվանդություններով տառապող պացիենտներին: Տվյալ դեպքում անհրաժեշտություն է լինում կատարել 4-6 ամիսը մեկ՝ իրենց բուժող բժշկի ցուցմամբ:

ՀՏ հետազոտությունը հակացուցված է հղիության ժամանակ, որի դեպքում հետազոտությունը փորձում ենք փոխարինել ՄՌՏ կամ սոնոգրաֆիկ հետազոտությամբ: Սակայն  այս մեթոդների անարդյունավետության և կյանքին վտանք սպառնացող դեպքերում կատարվում է ՀՏ հետազոտություն՝ նույնիսկ հղիության ժամանակ: Երեխաների դեպքում ևս համակարգչային տոմոգրաֆիան կատարվում է խիստ անհրաժեշտության և կյանքին վտանգ սպառնացող դեպքերում: Այդ պատճառով հետազոտությունը կատարելուց առաջ կապ է հաստատվում պացիենտի բուժող բժշկի հետ, որպեսզի ընտրվի հետազոտման ամենաօպտիմալ տարբերակը:

Ինչքա՞ն է սովորաբար տևում ՄՌՏ-ն և ինչպե՞ս նախապատրաստվել դրան



Շատ պացիենտներ երբեմն հարցնում են, թե ինչքան է տևում ՄՌՏ հետազոտությունը: Իրականում ՄՌՏ հետազոտության տևողությունը կախված է, թե պացիենտի ինչ հատված է հետազոտվում: Քանի որ ՄՌՏ հետազոտությունը կատարվում է հատվածներով, ամեն մի հետազոտվող հատված ունի իր հետազոտման համար անհրաժեշտ ժամանակը: Օրինակ՝ գլխուղեղի, ողնաշարի առանձին հատվածների հետազոտությունը տևում է մոտ 20 րոպե, հոդերի հետազոտությունը՝ 30-40 րոպե, իսկ որովայնի և փոքր կոնքի հետազոտությունը կարող է տևել  40-45 րոպե: Սակայն, ելնելով որոշակի հանգամանքներից հետազոտությունների տևողությունը կարող է որոշ չափով երկարել:

Հետազոտության երկարելու առաջին պատճառը կոնտրաստ նյութի կիրառումն է: Եթե հետազոտության ժամանակ կոնտրաստ նյութի կիրառման կարիք է լինում, ապա հետազոտությունը երկարում է 15-20 րոպեով, որի ժամանակ կատարվում է ներերակային ներարկում, որից հետո կատարվում են մի քանի հետկոնտրաստային նկարներ տարբեր հարթությունների վրա:

Հետազոտությունը կարող է երկար տևել նաև, եթե պացիենտը հետազոտության ժամանակ կատարում է տարբեր անկանոն շարժումներ: Այդ շարժումները ՄՌՏ հետազոտության թշնամիներն են և բերում են նկարների որակի վատացման, ինչի պատճառով բժիշկը պետք է կրկնի որոշ ծրագրեր, որն էլ բերում է հետազոտության ժամկետի երկարացման: Ինչքան պացիենտը լսի և կատարի բժշկի և օպերատորի հրահանգները, այնքան հետազոտությունը կսահմանափակվի հստակ ասված ժամկետների մեջ: Հետազոտությունը կարող է նաև երկարել կախված առկա խնդրի բարդությունից: Եթե հետազոտության ժամանակ հետազոտվող հատվածում հայտնաբերվում են խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ավելի խորը ուսումնասիրել, կիրառվում են ծրագրեր, որոնք կարող են երկարացնել հետազոտությունը:

Ընդհանուր առմամբ կան արագացված ծրագրեր, որոնք կիրառվում են այն պացիենտների համար, ովքեր չեն կարողանում պառկել երկար ժամանակ: Դրանք որակային քիչ տարբերությամբ, բայց բավական արագ ծրագրեր են, որոնք գրեթե լիարժեք պատասխանում են առաջադրված հարցերին:

Իրականում լուրջ սահմանափակումներ պացիենտների մոտ գլխուղեղի, ողնաշարի, փափուկ հյուսվածքների և հոդերի հետազոտությունների ժամանակ չեն դրվում: Որոշակի սահմանափակումներ կան որովայնի խոռոչի և փոքր կոնքի հետազոտությունների ժամանակ: Օրինակ, որովայնի խոռոչի հետազոտման ժամանակ պացիենտը պետք է հստակ կատարի մի քանի հրահանգներ, որոնք տալիս է օպերատորը: Կատարվում են խորը շնչման և շունչը պահելու մի քանի ակտեր, որի ժամանակ կատարվում է հետազոտությունը: Այս ակտը հետազոտության ընթացքում անհրաժեշտ է կատարել 10 և ավելի անգամ: Ինչքան հստակ պացիենտը կարողանա կատարել այս հրահանգները, այնքան հետազոտությունը արագ կանցկացվի:

Փոքր կոնքի օրգանների հետազոտման ժամանակ կանանց մոտ պետք է պարզել, թե ցիկլի որերորդ օրն է: Ցանկալի է  անել հետազոտությունը ցիկլի առաջին փուլի օրերին: Պահանջվում է ներկայանալ կիսալիքը միզապարկով և աղիները հոգնաներով մաքրած: Աղիների պերիստալտիկան որոշակիորեն ճնշելու համար խորհուրդ է տրվում հետազոտությունից  2-3 ժամ առաջ օգտագործել Նոշպայի 1-2 հաբ: Սրանք են նախապայմանները, որոնք անհրաժեշտ են որովայնի և փոքր կոնքի օրգանների հետազոտման համար:

Վնասակար է արդյո՞ք հաճախակի ՄՌՏ հետազոտություն անցնելը:


Շատ պացիենտների հետաքրքրում է, թե անվտանգ  է արդյո՞ք ՄՌՏ հետազոտությունը:  Պատասխանը միանշանակ է՝ այո,՛ անվտանգ է: Համեմատած այն հետազոտությունների հետ, որոնք կատարվում են ճառագայթների ազդեցությամբ, ՄՌՏ հետազոտությունը անվտանգ է, քանի որ կատարվում է մագնիսական դաշտի ազդեցության տակ: Այսինքն՝ այն պացիենտները, ովքեր կարիք ունեն կարճ ժամանակահատվածում մի քանի անգամ անցնել ՄՌՏ հետազոտություն, ոչ մի սահմանափակում չունեն: Այն պացիենտները, ովքեր ունեցել են այս կամ այն տիպի խնդիրներ, վիրահատվել են, կամ ստացել են տարբեր տիպի բուժական միջոցառումներ, կարիք ունեն կրկնակի կամ եռակի հետազոտությունների՝ անցած բուժման կուրսի արդյունավետությունը գնահատելու համար, կրկին սահմանափակում չունեն:

Չկան նաև լուրջ սահմանափակումներ կոնտրաստային նյութի կիրառման դեպքում: Եթե համեմատական անցկացնենք ՀՏ կամ ռենտգեն հետազոտության ժամանակ կիրառվող կոնտրաստ նյութերի հետ, ապա ՄՌՏ հետազոտության դեպքում կիրառվող կոնտրաստ նյութը առավել անվտանգ է: Խնդիրները կոնտրաստ նյութից առաջանում են այն ժամանակ, երբ կիրառվում են յոդ պարունակող կոնտրաստ նյութեր: ՄՌՏ հետազոտության ժամանակ կիրառվող կոնտրաստ նյութը յոդ չի պարունակում: Հետևաբար խուսափում ենք բոլոր այն բարդություններից, որոնք առաջանում են յոդ պարունակող կոնտրաստի կիրառման դեպքում:

Առհասարակ ՄՌՏ հետազոտությունը այնքան անվտանգ է, որ նույնիսկ պացիենտի հետազոտման ժամանակ  ցանկության դեպքում հարազատներից որևէ մեկը կարող է լինել պացիենտի կողքին:

Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ, որևէ ապացուցված գիտական փաստ չկա ՄՌՏ հետազոտութան վտանգավորության մասին:

Ի՞նչ է կոնտրաստ նյութը, որը կիրառվում է ՄՌՏ-ի ժամանակ

ՄՌՏ հետազոտությունների ժամանակ  հաճախ ենք հանդիպում կասկածելի տեղամասերի՝ ուռուցքի  կամ կասկածելի օջախների տեսքով: Այդ դեպքում կիրառվում է կոնտրաստային նյութ, որը ներարկելով ներերակային ճանապարհով, հետևում ենք կոնտրաստի կուտակմանը տվյալ կասկածելի օջախներում:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում կոնտրաստային նյութը:

Դա հատուկ նյութ է, որը սինթեզվել է գադոլինիում կոչվող մետաղի հիման վրա: Այն ունի պաթոլոգիկ տեղամասերում կուտակվելու յուրահատկություն: Կախված նրանից, թե կոնտրաստը ինչպես է կուտակվում, մենք լրացուցիչ ինֆորմացիա ենք ստանում տվյալ կասկածելի օջախի չափերի, կուտակման առանձնահատկությունների մասին, ինչը  մեծ ինֆորմացիա է տալիս տարբերակիչ ախտորոշման համար: Ամենակարևորը՝ ՄՌՏ հետազոտության ժամանակ կիրառվող կոնտրաստ նյութը յոդ չի պարունակում, ի տարբերություն՝ համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ կիրառվող կոնտրաստ նյութի: Այսինքն՝ այն պացիենտները, ովքեր ունեն ալերգիա յոդից կարող են հանգիստ անցնել այս հետազոտությունը կոնտրաստային ուժեղացմամբ:

Ո՞ր օրգանները հիմնականում չեն հետազոտվում ՄՌՏ հետազոտությամբ

Իրականում այն օրգան-համակարգերի շարքը, որոնք ենթակա են  ՄՌՏ հետազոտության, բավական մեծ է: Սակայն կան նաև օրգան-համակարգեր, որոնք ՄՌՏ հետազոտությամբ քիչ ինֆորմատիվ են: Դրանց մեջ առաջնահերթ կրծքավանդակի օրգաններից թոքերի հետազոտությունն է, որի ՄՌՏ հետազոտությունը լուրջ կիրառություն չունի: Գիտության մեջ, իհարկե, կատարվում են աշխատանքներ այդ ուղղությամբ, որպեսզի հետագայում մենք հնարավորություն ունենանք ՄՌՏ հետազոտությամբ պարզելու նաև թոքերի վիճակը: Սակայն այս պահի դրությամբ աշխարհում թոքերի հետազոտման ոսկե ստանդարտ համարվում է համակարգչային տոմոգրաֆիան:

ՄՌՏ հետազոտությամբ չեն հետազոտվում նաև աղեստամոքսային տրակտի օրգանները, այսինքն՝ խոռոչավոր օրգանները (կերակրափող, բարակ աղիներ, հաստ աղիքի մեծ մասը՝ բացառությամբ ուղիղ աղիքի):

ՄՌՏ հետազոտությունը իր տեղը զիջում է ՀՏ-ին ոսկրային համակարգի հետազոտության ժամանակ: Սակայն այստեղ կան որոշակի առանձնահատկություններ: Պետք է նշել, որ կան նոր սկսվող պրոցեսներ ոսկրերում՝ մասնավորապես տրաբեկուլյար այտուցները, ասեպտիկ նեկրոզի վաղ շրջանները, որոնք վաղաժամ կարելի է հայտնաբերել միայն ՄՌՏ հետազոտությամբ՝ կիրառելով հատուկ ծրագրեր:  Մնացած բոլոր դեպքերում ՄՌՏ հետազոտությունը բավականին ծանրակշիռ դեր ունի օրգան-համակարգերի հետազոտության մեջ:

Ո՞ր օրգաններն են հետազոտում ՄՌՏ մեթոդով

ՄՌՏ-ն հանդիսանում է դիագնոստիկայի ամենաժամանակակից և բարդ մեթոդներից մեկը, որն օրեցօր զարգանում և կատարելագործվում է: Գլխուղեղի և ողնուղեղի, հոդերի, փափուկ հյուսվածքների հետազոտման համար այն իսկապես անփոխարինելի մեթոդ է և իր ինֆորմատիվությամբ զգալիորեն գերազանցում է գործիքային հետազոտության մյուս մեթոդներին: ՄՌՏ-ի նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է հետազոտել  որոշ օրգանների նյութափոխանակության առանձնահատկությունները: Ֆունկցիոնալ ՄՌՏ-ի միջոցով յուրաքանչյուր անհատի մոտ կարող ենք պարզել, թե գլխուղեղի որ հատվածն է պատասխանատու վերջույթների շարժումների և զգացողության համար, որոշել խոսքի, լսողական և տեսողական կենտրոնների տեղադրությունը:

ՄՌՏ-ով,առաջին հերթին, առավել մանրակրկիտ հետազոտում են գլխուղեղը, քանի որ կան հիվանդություններ, որոնք այլ ախտորոշման եղանակներով հնարավոր չէ հայտնաբերել: Դրանք են՝ որոշ ուռուցքներ և զարգացման արատներ, բորբոքային հիվանդություններ և հետտրավմատիկ փոփոխություններ: Իշեմիկ ինսուլտի տարբերակման համար նույնպես ՄՌՏ-ն անփոխարինելի է, քանզի  ստանդարտ հետազոտությամբ, կիրառելով դիֆուզիոն ծրագրեր, հնարավոր է տեսնել մեկ ժամվա թարմությամբ փոփոխությունները, իսկ հատուկ պերֆուզիոն ՄՌՏ ծրագրով՝ անգամ մի քանի րոպե թարմությամբ իշեմիկ ինսուլտը: Իսկ, ինչպես գիտենք, ինսուլտի պարագայում ամեն րոպեն կարևոր է:

Մեր հասարակության մեջ տարածված է թյուր կարծիք, թե ՄՌՏ-ն ունիվերսալ մեթոդ է և ամբողջ մարմինը հետազոտելով հնարավոր է ստանալ բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանը: Սակայն դիագնոստիկ ամեն եղանակ ունի իր առավելությունները, և պետք չե թերագնահատել ՀՏ հետազոտության կամ սոնոգրաֆիայի  հնարավորությունները: Օրինակ՝ թոքերի հետազոտության լավագույն մեթոդ է համարվում ՀՏ-ն, իսկ վահանագեղձի կառուցվածքը  ուսումնասիրելու համար նախընտրելի է սոնոգրաֆիան:

Հաճախ պետք է լինում համադրել տարբեր մեթոդներով ստացված տվյալները հիվանդության ամբողջական պատկերը ստանալու և ճշգրիտ ախտորոշման համար, որը հետագայում հնարավորություն կտա արդյունավետ բուժում նշանակել:

Որո՞նք են ՄՌՏ առավելությունները և փոխարինում է արդյո՞ք ՄՌՏ-ն հետազոտման այլ մեթոդներին


ՄՌՏ-ն ամենից հաճախ հետազոտում է կենտրոնական նյարդային համակարգի օրգանները, այսինքն՝ գլխուղեղը և ողնուղեղը, ինչպես նաև ողնաշարը: Այս օրգանների հետազոտման համար ՄՌՏ-ն համարվում է ոչ ինվազիվ ամենաինֆորմատիվ և ամենաանվտանգ մեթոդը, որը թույլ է տալիս առանց կտրվածքներ կատարելու ստանալ օրգանների լավագույն կառուցվածքային պատկերները:

Կան գլխուղեղի և ողնուղեղի որոշակի ախտահարումներ, որոնք այլ հետազոտման մեթոդներով պարզապես անտեսանելի են: Հետևաբար այս օրգանների հետազոտման ժամանակ ՄՌՏ-ն պետք է լինի առաջին ընտրության հետազոտման մեթոդ:

ՄՌՏ-ն նաև առավելագույն տեղեկություն է տալիս բոլոր հոդերի ներքին կառուցվածքների մասին: Այն շատ է օգտագործվում կոնքազդրային և ծնկան հոդի, ուսահոդի, դաստակի, սրունքթաթային հոդերի հետազոտման նպատակով: ՄՌՏ-ն լավագույն մեթոդ է հանդիսանում քունքստործնոտային հոդի հետազոտման համար, որի միջոցով մենք կարող ենք տեսնել ներհոդային այնպիսի կառուցվածքներ, որոնք հետազոտման այլ տարբերակներով բացարձակապես անտեսանելի են: Այս հոդի հետազոտման ժամանակ մենք ստանում ենք նաև դինամիկ պատկերներ, ինչը թույլ է տալիս ուսումնասիրել հոդի և իր բաղադրիչների շարժունակությունը:Այս ամենը շատ կարևոր է ճիշտ ախտորոշման և հետագա արդյունավետ բուժման համար:

Ժամանակակից ՄՌՏ սարքավորումները թույլ են տալիս հետազոտել գրեթե բոլոր օրգանները: Որոշ սահմանափակում են հանդիսանում օդ պարունակող օրգանները: Դրանք են՝ թոքերը և մարսողական համակարգի օրգանները՝ կերակրափողը, ստամոքսը, աղիները: Սակայն ներկայումս ամբողջ աշխարհում տարվում են աշխատանքներ այդ սահմանափակումների վերացման ուղղությամբ:

Կարելի է արդյո՞ք անցնել ՄՌՏ հետազոտություն առանց բուժող բժշկի ուղեգրման

Քանի որ ՄՌՏ-ն համարվում է անվնաս հետազոտություն, հետևաբար ցանկացած մարդ կարող է անցնել այն, նույնիսկ առանց բուժող բժշկի ուղեգրման: Պարզապես, հետազոտությունն ավելի արդյունավետ է, եթե ի սկզբանե կա ճիշտ ուղեգրում: Օրինակ՝ պացիենտի գանգատների և կլինիկական հետազոտությունների  հիման վրա կասկածվում է հիվանդությունների այսինչ շարքը: Դա թույլ է տալիս բժիշկ-ռադիոլոգին շատ ավելի մանրակրկիտ  և թիրախային հետազոտություն անցկացնել և նախապես պլանավորել հետազոտության ընթացքը՝ անհրաժեշտության դեպքում դուրս գալ ստանդարտ հետազոտության սահմաններից և կիրառել  մեզ մոտ առկա հարյուրից ավելի ծրագրերից` տվյալ դեպքում առավել տեղեկատվականը:

Կախված բուժող բժշկի նախնական ախտորոշումից, երբեմն անհրաժեշտ է լինում անհատական նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Բուժող բժշկի և ռադիոլոգի համագործակցությունը շատ կարևոր է ճիշտ ախտորոշման և հետագա արդյունավետ բուժման համար:

Հաճախ պացիենտները ուզում են կանխարգելիչ նպատակով անցնել ամբողջ մարմնի ՄՌՏ հետազոտություն: Տեխնիկապես դա իհարկե հնարավոր է իրականացնել, բայց ո՛չ բժշկական, և ո՛չ էլ ֆինանսական տեսանկյունից հիմնավորված չէ: Ամեն ախտորոշիչ մեթոդ ունի իր առավելությունները և հարկավոր է գրագետ ընտրել այս կամ այն օրգանի համար առավել ինֆորմատիվ հետազոտման մեթոդը:

Եթե ցանկանում եք, այնուամենայնիվ, ինքնուրույն հետազոտություն անցնել, հոգ չէ, պարզապես պետք է մանրամասն և առանց որևէ փաստ թաքցնելու ներկայացնել առկա գանգատները հետազոտությունն անցկացնող բժշկին և եզրակացությունը ստանալուց հետո  դիմել համապատասխան մասնագետի:

Արդյո՞ք տոմոգրաֆիկ հետազոտության եզրակացությունը տալիս է սարքը

Սարքը վերամշակում և տրամադրում է բժիշկ-ռադիոլոգին  միայն պատկերները: Որոշ բարդ դեպքերում անգամ ամեն նկար ստանալու համար բժիշկ–ռադիոլոգը հետևում է հետազոտության ընթացքին և անհատական փոփոխություններ կատարում:  Պատկերները ստանալուց հետո սկսվում է ամենաբարդ և պատասխանատու աշխատանքը՝ բուն դիագնոստիկան: Ռադիոլոգը մանրամասն զննում է հարյուրավոր, իսկ երբեմն՝ հազարավոր նկարներ, գտնում անգամ ամենաաննշան փոփոխությունները և, հիմնվելով իր գիտելիքների և փորձի վրա, հասկանում, թե  ինչ փոփոխություններ կարող են դրանք լինել և արդյո՞ք դա նորմայի տարբերակ չէ:

Հաճախ բժիշկները պատկերները ենթարկում են վերամշակումների և ստանում դրանց եռաչափ պատկերները, իսկ որոշ դեպքերում թվային արժեքները, որոնք նույնպես  օգտագործվում են ճշգրիտ ախտորոշման համար: Գրավոր եզրակացության մեջ ընդգրկված է լինում այդ մանրակրկիտ աշխատանքի արդյունքը:

Երբեմն եզրակացության պատրաստման համար քիչ ժամանակ է անհրաժեշտ լինում,  բայց եթե հետազոտող բժիշկը ասում է, որ հետազոտության եզրակացությունը կլինի մի քանի օրից, ապա անհանգստանալու կարիք չկա՝ պարզապես բժիշկ-ռադիոլոգը ուզում է առավել մանրամասն ուսումնասիրել բոլոր պատկերները, ինչը բխում է պացիենտի շահերից:

Որոշ հիվանդություններ կարող են միանման տեսք ունենալ: Այս դեպքում պետք է ստացված տվյալները համադրել այլ գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքների հետ:

Այսպիսով՝ հետազոտության եզրակացությունը տրամադրում է բժիշկ-ռադիոլոգը՝ ստացված պատկերների մանրամասն հետազոտման արդյունքում: Եթե պացիենտի մոտ կան այլ հետազոտությունների արդյունքներ, ապա դրանք պետք է տրամադրել ռադիոլոգին համեմատությունների և համադրության համար: Եվ եթե բժիշկը ասում է, որ վերջնական եզրակացության համար ժամանակ է հարկավոր, անհանգստանալու կարիք չկա: Դա արվում է պացիենտի շահերից ելնելով:

Գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա

Առհասարակ գլխուղեղի հիվանդությունների հայտնաբերման համար աշխարհում ընդունված ամենաինֆորմատիվ մեթոդը ՄՌՏ հետազոտությունն է: Շնորհիվ ՄՌՏ հետազոտության միջհյուսվածքային բարձր տարբերակման՝ մենք ստանում ենք բավական ինֆորմատիվ պատկերներ, որը հնարավոր է դարձնում մանրակրկիտ հետազոտել գլխուղեղի կառուցվածքը և առկա փոփոխությունները: Եթե ՄՌՏ հետազոտության ժամանակ կիրառվում են հատուկ ծրագրեր և կոնտրաստ նյութ, ապա մեր ստացած ինֆորմացիան դառնում է էլ ավելի կարևոր և ճշգրիտ:

Կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք հայտնաբերվում են միայն ՄՌՏ հետազոտությամբ: Օրինակ՝ ցրված սկլերոզը, սուր և սրագույն փուլերում գտնվող  իշեմիկ խանգարումները, ինչպես նաև բնածին և ձեռքբերովի այլ արատներ:

Ընդհանուր առմամբ՝գլխուղեղը, լինելով բավական զգայուն օրգան-համակարգ, նույնիսկ չնչին փոփոխությունների դեպքում որոշակի  ազդակներ է տալիս մարդուն, որպեսզի մարդը որոշակիորեն հասկանա, թե որտեղից և ինչ տեսկի խնդիր է առկա: Ազդակները կարող են լինել գլխապտույտների, գլխացավերի, ուշադրության շեղման, կոորդինացիայի և տեսողության խանգարումների ձևով: Այսպիսի ազդակները չի կարելի անտեսել, և դրանց առկայության դեպքում պացիենտը պետք է շտապ դիմի նյարդաբանի: Նյարդաբանի  հետ խորհրդակցելուց հետո շատ հաճախ անհրաժեշտ է լինում կատարել ՄՌՏ հետազոտություն:

ՄՌՏ հետազոտությամբ, նույնիսկ առանց կոնտրաստ նյութի կիրառման, հնարավոր է հետազոտել գլխուղեղի  կենտրոնական անոթները, որոնց միջոցով հնարավոր է հայտնաբերել տարբեր տեսակի անևրիզմաներ, անոթային մալֆորմացիաներ և այլ տեսակի անոթային խնդիրներ:

Ողնաշարի ՄՌՏ-ի ցուցումները

Ողնաշարի կառուցվածքից ելնելով՝ նստակյաց դիրքի, տարաբնույթ ծանրաբեռնվածությունների, վնասվածքների և ընդհանրապես սխալ ապրելակերպի պատճառով, սովորաբար առաջանում է մեծ ծանրաբեռնվածություն հենց գոտկասրբանային հատվածի վրա, և ճողվածքները շատ հաճախ հենց այստեղ են առաջանում: Տվյալ հատվածի ճողվածքը կարող է առաջացնել ինչպես տեղային, այնպես էլ դեպի ոտքեր, փոքր կոնքի օրգաններ, աճուկային շրջան ճառագայթող ցավ, իսկ բարդ դեպքերում նաև թուլություն և թմրածություն ոտքերում: Հաճախ պացիենտները գանգատվում են նաև պարանոցի, կրծքավանդակի և թիկունքի  հատվածի ցավերից, որտեղ ևս կարող են առաջանալ ճողվածքներ: Նույնիսկ փոքր ճողվածքները կարող են արտահայտվել բավականին լուրջ ցավային ախտանիշով, ոտքերի և ձեռքերի թմրածությամբ: Եթե ունենք ողնուղեղի սեղմվածություն (կոմպրեսիա), ապա կարող են լինել շատ ավելի լուրջ ախտանիշներ:

ՄՌՏ-ի դերն անգնահատելի է նաև ողնուղեղի ու ողնաշարի բազմաթիվ այլ հիվանդությունների ախտորոշման հարցում: Օրինակ՝ բորբոքային հիվանդություններ, բարորակ և չարորակ նորագոյացություններ, դեմիելինիզացնող պրոցեսներ (ցրված սկլերոզ) և այլն:

Անհնար է կարճ ժամանակում ներկայացնել այս բոլոր պաթոլոգիաները և բնութագրել  ՄՌՏ-ի անգնահատելի դերը  տվյալ հիվանդությունների ախտորոշման գործում: Սակայն  մեզնից յուրաքանչյուրը պետք է հիշի մի քանի պարզ, չգրված օրենք, այն է ՝ անհրաժեշտ է վարել ճիշտ ապրելակերպ, հրաժեշտ տալ նստակյաց դիրքին: Իսկ եթե ունենք ցավ, թմրածություն կամ թուլություն ձեռքերում, ոտքերում կամ ողնաշարում, ապա պետք է դիմել նյարդաբանի և մինչ բուժում սկսելը անցնել ՄՌՏ հետազոտություն, քանի որ կան բազմաթիվ պաթոլոգիաներ, որոնք անհնար է հայտնաբերել առանց ՄՌՏ հետազոտության: Արդյունքում, մենք կունենանք վաղ և ճշգրիտ ախտորոշում և հետևաբար նաև արդյունավետ բուժում:

Ողնաշարի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա

Մեզնից յուրաքանչյուրը վաղ թե ուշ առնչվում է մի մեծ խնդրի՝ ողնաշարի այս կամ այն հատվածի ցավին, որի պատճառները կառող են լինել բազմաբնույթ, օրինակ՝ օստեոխոնդրոզ կամ դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ (ինչպես պացիենտներն են ասում՝ աղերի կուտակում), տարբեր վնասվածքներ, ուռուցքային և բորբոքային փոփոխություններ:

Որպես կանոն՝ ողնաշարի հատվածում առկա ցավերի դեպքում, թե՛ պացիենտների, թե՛ բուժող բժիշկների մեծ մասը առաջին հերթին փորձում է ժխտել կամ հաստատել ողնաշարի միջողային սկավառակի ճողվածքները: Սեղմելով տվյալ հատվածում առկա նյարդարմատներին՝ ճողվածքը առաջացնում է ցավ կամ զգացողության խանգարում ողնաշարում և վերջութներում՝ այրոց, թմրածություն, թուլություն:

Ճողվածքի հայտնաբերման և ուսումնասիրման համար ժամանակակից գործիքային ախտորոշման մեթոդներից ամենաինֆորմատիվը ՄՌՏ հետազոտությունն է: Այն անվնաս հետազոտություն է: Ի տարբերություն ռենտգեն հետազոտության կամ համակարգչային տոմոգրաֆիայի՝ ՄՌՏ հետազոտության ժամանակ չեն կիրառվում իոնիզացնող ճառագայթներ: Բացի այդ, ռենտգեն հետազոտությամբ հնարավոր չէ պարզել ճողվածքի առկայությունը, քանի որ նրա միջոցով երևում են ոսկրային կառուցվածքները, իսկ միջողային սկավառակը, նյարդային արմատիկները և ողնուղեղը չեն երևում:

Ինչ վերաբերում է համակարգչային տոմոգրաֆիային, ապա ճողվածքի հայտնաբերման համար ՄՌՏ-ն շատ ավելի ինֆորմատիվ մեթոդ է: ՀՏ-ն կատարվում է, եթե ունենք ողնաշարի ոսկրային կառուցվածքների կոտրվածքի կասկած, կամ անհրաժեշտ է կատարել ոսկրային հյուսվածքի կառուցվածքի ավելի մանրամասն հետազոտություն:

ՄՌՏ-ի միջոցով ստացված եռաչափ պատկերները ուսումնասիրելով կարող ենք հստակ գնահատել ողնաշարի, մասնավորապես, միջողային սկավառակների կառուցվածքը, հայտնաբերել ճողվածքները, գնահատել դրանց չափը, ազդեցությունը հարակից հյուսվածքների և նյարդերի վրա: ՄՌՏ-ի եզրակացությունը բուժող բժշկին հնարավորություն է տալիս ինչպես ճիշտ ընտրություն կատարել բուժման տարբեր մեթոդների միջև, այնպես էլ հետագայում գնահատել բուժման արդյունավետությունը:

ՄՌՏ-ի դերը էպիլեպսիայի ժամանակ

Էպիլեպսիան ամենատարածված նյարդաբանական հիվանդություններից մեկն է: Ամբողջ աշխարհում էպիլեպսիայով տառապում է մոտ 50մլն մարդ: Ամեն տարի էպիլեպսիա է ախտորոշվում մոտ 2,4մլն մարդու մոտ:

Տվյալ հիվանդությունը ունի բազմաբնույթ դասակարգումներ: Տարբերում ենք իդիոպաթիկ էպիլեպսիա, որի անմիջական պատճառը հայտնի չէ, և երկրորդային էպիլեպսիա, որի պատճառները բազմաբնույթ են, օրինակ՝ գլխուղեղի ուռուցքներ, վնասվածքներ, բնածին արատներ, ինսուլտի հետևանքներ, տարբեր օջախային ախտահարումներ, կեղևային դիսպլազիաներ և այլն:

Պետք է հիշել, որ ամեն մի ուշագնացություն կա ցնցում էպիլեպսիայի դրսևորում չէ: Եվ հակառակը՝ միշտ չէ, որ էպիլեպսիայի ժամանակ լինում է ուշագնացություն, ցնցում կամ բերանից փրփրանման զանգվածի արտադրություն:

Էպիլեպսիայի կասկածի դեպքում, առաջին հերթին, պետք է բացառել գլխուղեղում առկա  ախտաբանական պրոցեսները: Այդ հարցում իր անգնահատելի դերն ու նշանակությունը ունի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան:

Հարցին, թե հիվանդի մոտ կա արդյո՞ք էպիլեպսիա, կարող է պատասխանել միայն նյարդաբանը, ով, ուսումնասիրելով  բոլոր հետազոտությունների տվյալները և հաշվի առնելով անամնեզը, կարող է ասել՝ հիվանդի մոտ առկա է էպիլեպսիա, թե՝ ոչ: Բժիշկ-ռադիոլոգը ՄՌՏ-ի միջոցով կարող է միայն ասել, թե կա արդյո՞ք գլխուղեղում էպիլեպսիայի հավանական պատճառ հանդիսացող կասկածելի օջախ կամ փոփոխության ենթարկված հատված:

Երկրորդային էպիլեպսիայով տառապող պացիենտներին ստանդարտ ՄՌՏ կատարելով՝ միայն 50% դեպքերում է հնարավոր հայտնաբերել էպիլեպտոգեն օջախը: Սակայն քիչ չեն նաև այն դեպքերը, երբ էպիլեպտոգեն օջախը մի քանի մմ մեծությամբ փոքր տեղամաս է, որը հայտնաբերել ստանդարտ ՄՌՏ հետազոտությամբ ուղղակի անհնար է:  Այդ պատճառով վերջերս ստեղծվեց ՄՌՏ-ի էպիլեպսիայի պրոտոկոլը, որի ժամանակ կիրառվում են նորագույն ռեժիմներ և ծրագրեր: Արդյունքում՝ ստացվում են շատ բարակ, մինչև  0.8 մմ հաստությամբ շերտերի եռաչափ  պատկերներ, որոնք մանրամասն ուսումնասիրելով հնարավոր է պարզել էպիլեպսիայի պատճառ հանդիսացող փոքր օջախները:

Այժմ մենք կարողանում ենք հայտնաբերել այնպիսի փոքր, նուրբ փոփոխություններ, որոնք հնարավոր չէր հայտնաբերել ստանդարտ ՄՌՏ հետազոտությամբ:

Կրծքագեղձի ՄՌՏ հետազոտություն


Կրքագեղձի գործիքային հետազոտման առավել տարածված եղանակներն են ռենտգեն-մամոգրաֆիան և ուլտրաձայնային հետազոտությունը: Դրանք կիրառվում են նաև որպես սկրինինգային հետազոտություններ:

Սակայն այսօր ամբողջ աշխարհում կրքագեղձի ոչ ինվազիվ հետազոտման  ամենահավաստի և  անվնաս մեթոդը համարվում է ՄՌՏ-ն (ՄՌ մամոգրաֆիան): Այն գործիքային ախտորոշման մեթոդ է, որի ժամանակ չեն կիրառվում իոնիզացնող ճառագայթներ: ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս ստանալ կրծքագեղձի շերտավոր եռաչափ պատկերներ, որը թույլ է  տալիս հայտնաբերել ամենափոքր նույնիսկ 1մմ տրամագծով օջախները: ՄՌՏ-ի միջոցով հնարավորություն ենք ունենում ոչ միայն պարզել այլ հետազոտություններով հայտնաբերված խնդիրների բնույթը, այլ նաև հայտնաբերել այնպիսի խնդիրներ, որոնք չեն երևում ռենտգեն-մամոգրաֆիայով կամ սոնոգրաֆիայով:

ՄՌՏ-ն ցուցված է կիրառել կրծքագեղձում առկա բարորակ կամ չարորակ նորագոյացությունների առկայության դեպքում: Այն շատ ինֆորմատիվ է նաև բորբոքումների, մաստոպաթիաների ախտորոշման հարցում:

ՄՌՏ-ն լավագույն մեթոդն է երիտասարդ կանանց կամ աղջիկների կրծքագեղձերի մանրակրկիտ հետազոտման համար, քանզի, օգտագործելով հատուկ ծրագրեր, կարողանում ենք հայտնաբերել այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղակի չեն երևում այլ մեթոդներ կիրառելիս:

ՄՌՏ-ն ունի իր անգնահատելի դերը կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման և բուժման արդյունավետությունը գնահատելու հարցում: Շատ հաճախ սոնոգրաֆիայի կամ մամոգրաֆիայի արդյունքում հայտնաբերվում է կասկածելի օջախ, որի բնույթը ավելի հստակ ճշտելու համար խորհուրդ է տրվում կատարել բիոպսիա. տվյալ հատվածից վերցվում է հյուսվածք, որը ուսումնասիրելով պարզվում է՝ կան արդյո՞ք այնտեղ ուռուցքային բջիջներ: Մասնագետները խորհուրդ են տալիս մինչ բիոպսիան կատարել ՄՌՏ հետազոտություն, որպեսզի առավել մանրակրկիտ ուսումնասիրվի տվյալ տեղամասը և ավելի հստակ պատկերացում կազմվի գոյացության  տեղակայման և բնույթի մասին:

ՄՌՏ-ն լայն կիրառում ունի նաև էսթետիկ բժշկության մեջ, օրինակ՝ կրքագեղձերի իմպլանտների  հետազոտման մեջ: Այն հնարավորություն է տալիս գնահատել տեղադրված իմպլանտների կառուցվածքը, ձևը, չափսը, ինչպես նաև  ուսումնասիրել հարակից հյուսվածքների վիճակը:

Այսպիսով՝ նշելով ՄՌՏ-ի այս բոլոր առանձնահատկությունները, պետք չէ թերագնահատել ռենտգեն-մամոգրաֆիայի կամ ուլտրաձայնային հետզոտության նշանակությունը կրծքագեղձի հետազոտման գործում, որոնց մատուցած ինֆորմացիան անչափ կարևոր է: Այդ իսկ պատճառով բուժող բժիշկը պետք է համադրի գործիքային հետազոտման այս բոլոր մեթոդների արդյունքները, որպեսզի  ընտրած բուժման տարբերակը լինի առավել արդյունավետ:

Սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա


Գոյություն ունեն մի շարք մեթոդներ, որոնցով կարելի է հետազոտել սիրտը, օրինակ՝ սոնոգրաֆիա, ՀՏ և այլն: Վերջերս սկսել են կիրառել նաև սրտի ՄՌՏ հետազոտությունը:

ՄՌՏ հետազոտության առավելություններից է, որ այն ոչ ինվազիվ հետազոտության մեթոդ է, որը հնարավորություն է տալիս մանրակրկտորեն գնահատել սրտամկանի հյուսվածքի վնասման աստիճանը, ինչպես նաև գնահատել ֆունկցիոնալ պարամետրերը (վերջնական սիստոլիկ և դիաստոլիկ չափսերը ու ծավալները), գնահատել սիրտ մտնող և նրանից դուրս եկող անոթների չափսերը, վիճակը, կալցինատների առկայությունը,  գնահատել փականային ապարատի վիճակը, անոմալիաների առկայությունը: Հաշվի առնելով ոչ ինվազիվությունը՝ բավական արդյունավետ մեթոդ է սրտամկանի զարգացման արատների գնահատման տեսանկյունից: Կիրառվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ մանուկների մոտ:

Հաճախ բժիշկների և պացիենտների մոտ հարց է առաջանում, թե հնարավոր է արդյո՞ք սրտի ՄՌՏ հետազոտության միջոցով գնահատել պսակաձև անոթների խցանման աստիճանը: Ո՛չ հնարավոր չէ: Կորոնար անոթների վիճակը գնահատելու, պատի նեղացումները, հաստացումները, կալցինատների կուտակումը հայտնաբերելու նպատակով  կատարվում է սելեկտիվ անգիոգրաֆիա կամ ԿՏ անգիոգրաֆիա:

Սրտի ՄՌՏ հետազոտությամբ մեծ տեղեկություն ենք ստանում կորոնար անոթների խցանման հետևանքով գոյացած ինֆարկտի զոնայի չափերի, տեղակայման և վերջնական ֆիբրոզի գոյացման մասին: Ինչպես նաև  հատուկ ծրագրերի կիրառմամբ կարողանում ենք կոնկրետ հաշվարկել ֆիբրոզի տոկոսայնությունը մկանի ծավալից:

Սրտի ՄՌՏ հետազոտության անցկացումը ունի մի շարք առանձնահատկություններ: Առաջինը՝ պացիենտը ոչ միայն պետք է անշարժ պառկի, այլ նաև պետք է կատարի որոշակի հրահանգներ: Պետք է հետազոտությունից 6 ժամ առաջ չսնվի: Եթե տղամարդ է, անհրաժեշտ է սափրել էլեկտրոդների միացման վայրերը:

Հետազոտության տևողությունը կարող է տարբեր լինել 40 րոպեից մինչև 1ժամ 10 րոպե՝ կախված պաթոլոգիայի տեսակից և առիթմիաների առկայությունից կամ բացակայությունից:

Հետազոտությունը պետք է կատարվի կոնտրաստ նյութի ներմուծմամբ, քանի որ սրտամկանի պերֆուզիայի աստիճանը  առանց կոնտրաստի ներարկման հնարավոր չէ գնահատել: Բացի այդ կոնտրաստ նյութի կուտակումից հետո ֆիբրոզացված տեղամասերում գնահատվում է սպիացված օջախների  առկայությունը:

Կան հիվանդներ, ովքեր ունեն չպարզված ծագման առիթմիա: Շատ հաճախ նմանատիպ առիթմիաների պատճառ կարող են լինել թաքնված բորբոքային պրոցեսները՝ միոկարդիտը: Սրտի ՄՌՏ-ն հանդիսանում է եզակի մեթոդներից մեկը, որը մեծ ճշգրտությամբ թույլ է տալիս բացառել կամ հաստատել միոկարդիտի առկայությունը, ինչպես նաև գնահատել հիվանդության փուլը:

Սրտի ՄՌՏ մեթոդի դերն անգնահատելի է նաև շատ հազվադեպ հանդիպող սրտամկանի ուռուցքների հայտնաբերման գործում: Այն թույլ է տալիս գնահատել ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը, տեղակայումը և գնահատել արդյոք գոյություն ունի հոսքի խանգարում և ինչքանով է այդ խանգարումը ազդում սրտի աշխատանքի վրա:

Այսպիսով՝ սրտամկանի ՄՌՏ-ն թույլ է տալիս ոչ միայն գնահատել հետազոտման այլ մեթոդներով հաստատված  պաթոլոգիաները, այլև հայտնաբերել պաթոլոգիաներ այն դեպքում  երբ մնացած հետազոտման մեթոդները անզոր են:

Որովայնի խոռոչի ՄՌՏ և խոլանգիոգրաֆիա

Որովայնի խոռոչի օրգանները հետազոտվում են տարբեր մեթոդներով՝ ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգչաֆիա և ՄՌՏ հետազոտություն: Այս բոլոր հետազոտությունները ունեն իրենց առանձնահատկությունները:

ՄՌՏ հետազոտությունը բավական արդյունավետ է լյարդի հետազոտման համար՝ լյարդի ցիռոզի, նորագոյացությունների, բնածին անոմալիաների, լեղածորանների այս կամ այն պաթոլոգիաների ժամանակ, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի հետազոտման ժամանակ:

Որովայնի խոռոչի օրգանների հետազոտման ամեն մեթոդ ունի իր առավելություններն ու թերությունները: ՄՌՏ հետազոտության առավելությունը որովայնի խոռոչի օրգանների, մասնավորապես՝ լյարդի և լեղածորանների հետազոտման համար ակնհայտ է: Այն պայմանավորված է ՄՌՏ-ում կիրառվող ՄՌՏ-խոլանգիոգրաֆիա պրոտոկոլով: Սա իրականում ոչ ինվազիվ մեթոդ է, որը բավական ինֆորմատիվ ձևով հետազոտում է  լեղածորանները: Արտաքին միջավայրից որևէ այլ օտարածին նյութերի ներարկման կարիք չկա, քանի որ լեղածորաններում առկա լեղին ինքը արդեն համարվում է կոնտրաստ նյութ: Սարքը կլանում է այդ հեղուկից ստացված ազդակները, որպես կոնտրաստ նյութ և հստակ ցույց է տալիս լեղածորանները ամբողջ երկարությամբ: Այդ լեղածորանների ծառը, որը առկա է լյարդում, սկսած ամենափոքր տրամագծի լեղածորաններից, վերջացրած մինչև խոլեդոխի վերջնահատվածով, հնարավոր է ՄՌՏ խոլանգիոգրաֆիայի միջոցով հստակորեն տեսնել: Այս հետազոտության ժամանակ հնարավոր է հայտնաբերել ցանկացած տիպի խնդիրներ կապված լեղածորանների հետ՝ քարեր, ուռուցքային բնույթի կամ հետբորբոքային ստենոզներ:

Առավելություններից մեկը կայանում է նրանում, որ, ինչպես նշվեց, որևիցե կոնտրաստ նյութ չի կիրառվում: Պացիենտը ուղղակի պառկում է հետազոտության: Հետազոտության միայն խոլանգիոգրաֆիայի մասը կարող է տևել  5-7 րոպե և կարելի է  ստանալ բավական լուրջ ինֆորմացիա լեղածորանների հետ կապված:

Կանանց փոքր կոնքի ՄՌՏ

Կանանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ հետազոտությունը յուրահատուկ տեղ և դերակատարում ունի, քանի որ առավելագույն ինֆորմացիա կարելի է ստանալ հենց  այս հետազոտության միջոցով:

Եթե մի պահ պատկերացնենք, ապա կտեսնենք, որ փոքր տարածության մեջ տեղակայված են մի քանի օրգաններ, որոնք հիմնականում սերտ հպված են մեկը մյուսին:Ամեն մի հետազոտություն չէ, որ հնարավորություն ունի տարանջատել նրանց  մեկը մյուսից: Իսկ խնդիրը ավելի է բարդանում, երբ այդ փոքր տարածության մեջ, իրար շատ մոտ տեղակայված օրգաններում առկա է լինում այս կամ այն տիպի ախտաբանական փոփոխություն:

Ունենալով բավականին մեծ միջհյուսվածքային տարբերակման հնարավորություն՝ ՄՌՏ  հետազոտությունը հնարավորություն է ընձեռում հստակ տարանջատել օրգանները, հայտնաբերել առկա խնդրի սկզբնաղբյուրը և հարաբերակցությունը հարակից օրգանների հետ:

ՄՌՏ հետազոտությամբ հնարավոր է հայտնաբերել արգանդի, ձվարանների, միզապարկի, ուղիղ աղիքի հիվանդությունները, մասնավորապես, օնկոլոգիական բնույթի, ինչպես նաև բնածին արատները: Մասնավորապես, ՄՌՏ-ն արդյունավետ է էնդոմետրոիդ կիստաների հայտնաբերման համար՝ ինչպես ձվարանում տեղակայման, այնպես էլ էքստրագենիտալ տեղակայման ժամանակ: Ինֆորմատիվ է նաև արգանդի վզիկի քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման համար և այլն:

Այսպիսով՝ ՄՌՏ-ն, իր մեծ ինֆորմատիվությամբ, իր կարևորագույն տեղն է զբաղեցնում կանանց փոքր կոնքի օրգանների հետազոտության ժամանակ:

Տղամարդկանց փոքր կոնքի ՄՌՏ

Տղամարդկանց փոքր կոնքի ՄՌՏ հետազոտությունը հնարավորություն է տալիս մանրամասն հետազոտել փոքր կոնքի բոլոր օրգանները: Մեթոդն անչափ ինֆորմատիվ է օրինակ՝ շագանակագեղձի  հետազոտման համար: ՄՌՏ-ի միջոցով կարողանում ենք շագանակագեղձում հայտնաբերել թե՛ բորբոքային, թե՛ ուռուցքային պրոցեսներ: Իսկ օգտագործելով հատուկ ծրագրեր և ռեժիմներ, կարողանում ենք միմյանցից դիֆերենցել սուր և քրոնիկ բորբոքումենրը, բարորակ և չարորակ ուռուցքային պրոցեսները:

Վերջին տարիներին աշխարհում մեծ տեղ գտավ շագանակագեղձի մուլտիպարամետրիկ ՄՌՏ հետազոտությունը: Այն հնարավորություն է տալիս ստանալ ավելի բարակ շերտերով պատկերներ և առավել մանրակրկիտ հետազոտել գեղձը: Վերջերս այդ մեթոդը ներդրվեց նաև մեր երկրում՝ լիովին նոր մակարդակի վրա դնելով շագանակագեղձի ՄՌՏ հետազոտությունը: Այժմ մենք կարողանում ենք հայտնաբերել ամենափոքր՝ նույնիսկ մի քանի մմ տրամագծով ուռուցքային պրոցեսները:

ՄՌՏ հետազոտության միջոցով հստակ կարողանում ենք հայտնաբերել նաև  շագանակագեղձի բարորակ նորագոյացությունները, որոնք բնակչությանը առավել հայտնի են ադենոմա անվամբ: Տվյալ մեթոդով կարողանում ենք հայտնաբերել նաև բորբոքային պրոցեսները՝ պրոստատիտը:

Սակայն պետք է նաև նշենք, որ տղամարդու փոքր կոնքում բացի շագանակագեղձից կան նաև այլ օրգաններ, օրինակ՝ միզապարկը, որում առկա քարերը, ուռուցքները, բորբոքային պրոցեսները ևս  հստակ կարող ենք հայտնաբերել ՄՌՏ հետազոտությամբ:

ՄՌՏ հետազոտությունը իր անգնահատելի դերն ունի նաև սեռական օրգանների և լիմֆատիկ հանգույցների մանրակրկիտ հետազոտման հարցում:

Շատ հաճախ պացիենտները ընտրում են ՄՌՏ հետազոտությունը, որպես առաջնային ախտորոշման միջոց: Այսօր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ՄՌՏ հետազոտությունը համարվում է փոքր կոնքի օրգանների հետազոտման ոսկե ստանդարտ, քանզի այն անվնաս և անչափ ինֆորմատիվ հետազոտման տեսակ է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել հիվանդությունները վաղ փուլերում՝  թույլ տալով իրականացնել առավել ճիշտ և արդյունավետ բուժում:

Ուղիղ աղիքի ՄՌՏ

Առհասարակ ՄՌՏ հետազոտությունը աղեստամոքսային տրակտի համար բավական քիչ ինֆորմատիվություն ունի: Բացառություն է կազմում միայն ուղիղ աղիքի ՄՌՏ հետազոտությունը, որը բավական ինֆորմատիվ և կարևոր հետազոտություն է` մասնավորապես ուղիղ աղիքի քաղցկեղի հետազոտման ժամանակ:

Ուղիղ աղիքի քաղցկեղը հաստ աղիքի ուռուցքների շարքում ամենահաճախ հանդիպողն է և կազմում է հաստ աղիքի ուռուցքների 40-45%-ը: Մարդկանց մոտ ուռուցքային հիվանդությունների շարքում այն գրավում է երրորդ տեղը՝ կանանց մոտ զիջելով միայն կրծքագեղձի ուռուցքներին, իսկ տղամարդկանց մոտ՝ ստամոքսի և թոքի քաղցկեղներին: Չնայած ուռուցքի այսպիսի տարածվածությանը՝ վաղաժամ հայտնաբերման դեպքում գրանցվում են հիվանդության բուժման հետ կապված բավական լուրջ հաջողություններ, որը  հաճախ հանգեցնում է ուռուցքի ռեգրեսիայի՝ հետաճման, ինչն էլ  բերում է հիվանդի կյանքի որակի լավացմանը:

Այս հիվանդությունը վաղաժամ հայտնաբերվում է հիմնականում պրոֆիլակտիկ զննումների ժամանակ կամ պատահականորեն, քանի որ վաղ շրջանում արտահայտված կլինիկական դրսևորումներ չի ունենում: Իսկ պրոգրեսիվող ուռուցքները ունեն վառ արտահայտված կլինիկական դրսևորումներ, որոնք արտահայտվում են ցավերով, կեղծ կանչերով, արյունահոսությամբ և առհասարակ աղիների գործունեության խանգարմամբ:

Հաստ աղիքի նորագոյացությունների հայտնաբերման հիմնական եղանակը կոլոնոսկոպիան է, սակայն ուռուցքի հայտնաբերումից հետո անհրաժեշտ է պարզել նրա աղիքից դուրս տարածվածությունը, քանի որ հիմնականում հենց դրանից է կախված բուժման արդյունավետ ձևի ընտրությունը:

Ժամանակակից ուռուցքաբանության մեջ ուղիղ աղիքի քաղցկեղի արտահայտվածության աստիճանը որոշելու ոսկե ստանդարտ է համարվում ՄՌՏ հետազոտությունը: Այն հնարավորություն է տալիս մանրամասն գնահատել ուռուցքի չափը, տեղակայումը, աղիքի պատի ախտահարման խորությունը, գնահատել հարակից օրգանների և լիմֆատիկ հանգույցների վիճակը:

Կոլոնոսկոպիան դիտում է գոյացությունը աղիքի ներսից, իսկ աղիքից դուրս ուռուցքի տարածվածության մասին որևէ ինֆորմացիա չի տալիս: Այդ մասին առավելագույն ինֆորմացիա տալիս է ՄՌՏ հետազոտությունը և նրան համարժեք այլընտրանքային տարբերակ այսօր գոյություն չունի:

ՄՌՏ հետազոտության անցկացման հիմնական նպատակը այս դեպքում ուռուցքի տարածվածության մասին ինֆորմացիայի ստացումն է:

Ուղիղ աղիքի քաղցկեղի ժամանակ ՄՌՏ հետազոտության խնդիրն է պատասխանել մի քանի կարևոր հարցերի, որոնցից ելնելով ընտրվում է բուժման առավել հարմար տարբերակը.

1. նկարագրել ուռուցքի սահմանները և աղիքի պատերի ներգրավածությունը շերտերով,
2. նկարագրել ուղիղ աղիքի հարակից ճարպաբջջանքի ախտահարման աստիճանը ուռուցքի արտաաղիքային տարածման դեպքում,
3. նկարագրել ուռուցքի հեռավորությունը մեզոռեկտալ փակեղից, կամ մեզոռեկտալ փակեղի ներգրավվածությունը պրոցեսի մեջ, եթե իհարկե այն առկա է,
4. պարզել, թե առկա է արդյոք ուռուցքի տարածում հարակից մկաններ և օրգաններ,
5. հայտնաբերել ախտահարված լիմֆատիկ հանգույցներ՝ նշելով նրանց չափերը և քանակը:

Այս բոլոր կետերի հստակ նկարագրության արդյունքում մենք ստանում ենք մի պատկեր, որը թույլ է տալիս հասկանալ, թե կոնկրետ, որ փուլում է գտնվում ուռուցքը: Հենվելով ստացված տվյալների վրա մասնագետները ընտրում են բուժման համապատասխան տարբերակը:

Այսպիսով՝ ՄՌՏ հետազոտությունը ուղիղ աղիքի քաղցկեղների ժամանակ հանդիսանում է պարտադիր պայման` բուժման առավել ճիշտ տարբերակի ընտրության հարցում, որի արդյունքում հնարավոր է դառնում խուսափել տեղային ռեցիդիվներից և ստանալ ավելի գոհացուցիչ արդյունքներ:

Ի տարբերություն որովայնի և կոնքի մյուս օրգանների հետազոտության, ուղիղ աղու հետազոտությունը հատուկ նախապատրաստական աշխատանքներ չի պահանջում, իսկ ներերակային կամ ներաղիքային կոնտրաստավորումներ չեն կատարվում, քանզի հետազոտության ինֆորմատիվությունը դրանից էապես չի փոխվում:

Ծնկան և ուսային հոդերի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան գործիքային հետազոտման նորագույն մեթոդներից  է, որը չափազանց ինֆորմատիվ է  հոդերի հետազոտման  պարագայում:

Ինչպես գիտենք, ոսկրային հյուսվածքի վնասվածքների ուսումնասիրման ժամանակ առաջին ընտրության հետազոտության  մեթոդ են հանդիսանում ռենտգենյան մեթոդները, այսինքն՝ ռենտգենոգրաֆիան և ՀՏ-ն:

Ինչ վերաբերում է ներհոդային կառուցվածքների և շրջակա փափուկ հյուսվածքների, այդ թվում, մկանների հետազոտությանը՝ ՄՌՏ-ի ինֆորմատիվությունը մի քանի անգամ գերազանցում է ոչ ինվազիվ հետազոտության մնացած մեթոդներին:

ՄՌՏ-ով շատ լավ են երևում բոլոր՝ թե՛ մանր, թե՛ խոշոր հոդերը: Բայց ամենից հաճախ պացիենտները դիմում են ծնկան հոդի ախտահարումների հետ կապված:

Կարճ ներկայացնենք հետազոտության ընթացքը: Մինչ հետազոտության սենյակ անցնելը պացիենտին խնդրում են հանել իր մոտ առկա բոլոր մետաղական առարկաները: Եթե հագուստի վրա կան մետաղական մասեր, ապա անհրաժեշտ է հանել այն և հագնել մեկանգմայա օգտագործման խալաթ, իսկ ոտքերին՝ բախիլներ: Այնուհետև բժիշկ-ռադիոլոգը մանրամասն զրուցում է պացիենտի հետ և ծանոթանում է բոլոր գանգատների հետ, որպեսզի հետազոտությունը առավել թիրախային լինի:

ՄՌՏ հետազոտության անցկացման նախապայման է անշարժությունը, քանի որ շարժումների դեպքում նկարները աղավաղվում են: Ծնկան հոդի հետազոտությունը տևում է մոտ 30 րոպե: Քանի որ սարքի կենտրոնում պետք է տեղակայված լինի ուսումնասիրվող տեղամասը, պացիենտը մտնում է սարքի մեջ ոտքերով դեպի առաջ՝ հասակից կախված, մոտավորապես, մինչև գոտկատեղ: Գլուխը բաց է մնում: Սարքի աշխատանքային աղմուկը մեղմելու համար պացիենտին տալիս ենք ականջակալներ՝ մեղմ և հաճելի երաժշտությամբ, այնպես որ նա կարող է անգամ  հանգիստ քնել:

Ամեն հոդ հետազոտելու համար ընտրվում է առավել օպտիմալ անատոմիական դիրք: Ուսահոդի հետազոտությունը մի փոքր ավելի բարդ է ընթանում: Պացիենտը պառկում է մեջքի վրա՝ գլխով առաջ ուղղված մտնում է ՄՌՏ սարքի մեջ: Հետազոտվող ձեռքը շրջվում է ափով դեպի վեր, արմունկը բացվում է, իսկ ափի մեջ դրվում է հատուկ ծանրոց՝ դիրքը ֆիքսելու նպատակով: Ուսահոդի շուրջ փաթաթվում է հատուկ սարք, որը ավելացնում է համասեռ մագնիսական դաշտին գրադիենտ մագնիսական ազդեցություն և թույլ է տալիս իրականացնել տեղային, մանրակրկիտ հետազոտություն: Այս հետազոտությունը կարող է տևել մինչև 30-40 րոպե: Եթե պացիենտին որևէ բան է անհանգստացնում և կարիք է լինում հետազոտությունը ընդհատել, ապա դա հնարավոր է իրականացնել ազդանշանային տանձիկի միջոցով:

Հոդերի հաճախ հանդիպող ախտահարումներից են վնասվածքները: Ծնկան հոդում հաճախ լինում են մենիսկների և կապանների պատռվածքներ, աճառային շերտի վնասումներ և մկանային վնասվածքներ: Կարող ենք հանդիպել հոդաշապիկի զանազան ախտահարումների՝ սկսած արտափքումներից՝ հեղուկ պարունակությամբ կիստաների առաջացմամբ, վերջացրած՝ ուռուցքային որոշակի ախտահարումներով: Չնայած՝ կոտրվածքների դեպքում նախընտրելի է համակարգչային տոմոգրաֆիան, կան ոսկրային բազմաթիվ հիվանդություններ, որոնց դեպքում ՄՌՏ-ն անփոխարինելի է  վաղ ախտորոշման համար: Դրանցից են, օրինակ՝ ասեպտիկ նեկրոզը, բորբոքային  և որոշ ուռուցքային ախտահարումներ: Երբեմն անգամ մանր կոտրվածքների հայտնաբերման հարցում նույնպես ՄՌՏ-ն նախընտրելի է:

Այսպիսով, ՄՌՏ-ն չափազանց տեղեկատվական մեթոդ է համարվում բոլոր հոդերի հետազոտության համար: Այն իր ինֆորմատիվությամբ գերազանցում է ռենտգենյան և ուլտրաձայնային հետազոտությամբ ստացված արդյունքներին և ունակ է հայտնաբերել անգամ ամենաաննշան փոփոխությունները, հետևաբար՝ հայտնաբերում է հիվանդությունները վաղ շրջաններում:

Ինչպե՞ս նախապատրաստվել ՀՏ հետազոտությանը

Համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտման նախապատրաստումները հիմնականում կատարում են որովայնի խոռոչի հետազոտման դեպքում: Ցանկալի է դիետիկ սննդի օգտագործում 2 օրվա ընթացքում: Հակառակ դեպքում կարող է առաջանալ տեսանելիության նվազում, քանի որ աղեգալարների գերլցվածությունը երբեմն դժվարեցնում է հետագա ախտորոշումը:

Մեր կենտրոնում հենց գրանցման ժամանակ լսում ենք պացիենտի խնդիրները և պարզում ուղեգրող բժշկի՝ մեր առջև դրած հարցադրումները, նախքան հետազոտության տեսակը որոշելը: Ապա, անհրաժեշտության դեպքում, նշանակվում է դեղորայք, որը պացիենտը պետք է ընդունի հետազոտության գալուց 1-2 օր առաջ, որպեսզի աղիները լինեն հնարավորինս դատարկված: Այդ ժամանակ հետազոտության արդյունքները ավելի ճշգրիտ են լինում և բժիշկ- ռադիոլոգը տեսանելիության հետ կապված ոչ-մի խնդիր չի ունենում:

Երբեմն կոնտրաստ նյութի խմելու անհրաժեշտություն է լինում: Այս դեպքում տալիս ենք գրաֆիկ, ըստ որի նշված ժամերին պացիենտը պետք է խմի կոնտրաստ նյութը և կոնկրետ նշանակված ժամին մոտենա կլինիկա՝ անցնելու հետազոտությունը:

Շտապ դեպքերում, երբ հնարավոր չի լինում նախօրոք նախապատրաստվել հետազոտությանը, օրինակ՝ տրավմաների ժամանակ, կատարվում է անհապաղ ԿՏ հետազոտություն՝ առանց նախապատրաստման:

Համակարգչային տոմոգրաֆիայի կոնտրաստ նյութը հակացուցված է բարձր կրեատինին ունեցող պացիենտներին: Այս դեպքում պացիենտը ուղեգրվում է համապատասխան մասնագետների մոտ՝ կրեատինինի մակարդակը իջեցնելու, ինչից հետո միայն կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա: Նույնը վերաբերում է նաև ալերգիկներին և վահանագեղձի խնդիրներ ունեցողներին, քանի որ նրանց ևս հակացուցված է յոդ պարունակող կոնտրաստը:

Ի՞նչ է կոնտրաստ նյութը, որը կիրառվում է ՀՏ-ի ժամանակ

Կոնտրաստը նյութ է, որն ապահովում է օրգանների տեսանելիության բարձրացումը  հետազոտության ռադիոլոգիական մեթոդների  ժամանակ:

Տաբերվում են պեր օրալ և ներերակային կոնտրաստ նյութեր: Պեր օրալ կոնտրաստ նյութերը խմելու միջոցով օգտագործվող կոնտրաստներն են, որոնք օգտագործվում են հիմնականում աղեստամոքսային համակարգի օրգանների հետազոտման համար: Այդ կոնտրաստ նյութերը պարունակում են հիմնականում բարիում:

Ներերակային կենտրաստ նյութերը յոդ պարունակող ոչ իոնիզացնող  նյութեր են (յոդը օժտված է ռենտգեն ճառագայթներ կլանելու բարձր ունակությամբ): Այս նյութերը օրգանիզմ են ներմուծվում ներերակային բոլյուս ինժեկտորի միջոցով, որը սարք է, որն ապահովում է մեծ արագությամբ՝ 4-5մլ/վ , և հաշված վայրկյանների ընթացքում նյութի ներմուծումը օրգանիզմ:
Կախված օրգան-համակարգում կոնտրաստի կուտակման առանձնահատկությունից, տարբերում ենք ախտաբանական և ոչ ախտաբանական վիճակներ: Այն օգտագործվում է առավելապես ուռուցքային և անոթային պաթոլոգիաների հայտնաբերման համար:

Կոնտրաստ նյութի կիրառման դեպքում գոյություն ունեն բացարձակ և հարաբերական հակացուցումներ: Քանի որ նյութը պարունակում է յոդ, բացարձակ հակացուցում հանդիսանում է յոդի նկատմամբ ալերգիան:

Կոնտրաստի կիրառման հարաբերական հակացուցումներին են պատկանում երիկամային անբավարարությունը, բրոնխիալ ասթման, ծանր շաքարային դիաբետը, վահանագեղձի հիվանդությունները՝ մասնավորապես հիպերթիրեոզը և ուռուցքները, ռադիոակտիվ յոդով բուժումը և հիվանդի ընդհանուր ծանր վիճակը:

Բոլոր նշված հարաբերական հակացուցումների դեպքում  ևս կարելի է կատարել կոնտրաստ նյութի կիրառմամբ ՀՏ հետազոտություն՝ միայն համապատասխան դեղորայքային պատրաստում իրականացնելուց հետո:

Համակարգչային տոմոգրաֆիայի հակացուցումները


Համակարգչային տոմոգրաֆիան բացարձակ հակացուցումներ չունի: Այն հնարավոր է իրականացնել ցանկացած վիճակում գտնվող պացիենտի և նույնիսկ այն պացիենտներին, ովքեր գտնվում են կոմատոզ վիճակում կամ միացված են արհեստական շնչառության սարքին:

ՀՏ-ի անցկացման համար հարաբերական հակացուցում է հանդիսանում հղիությունը՝ առավելապես առաջին եռամսյակը: Սակայն հղիության ժամանակ ևս կյանքի ցուցումով կարելի է իրականացնել այն:

Քանի որ մեթոդը օժտված է ժառագայթային բարձր ծանրաբեռնվածությամբ, հետևաբար երեխաներին և կերակրող մայրերին ՀՏ հետազոտություն անցկացնելիս պետք է ադեկվատ գնահատել դրա իրականացման անհրաժեշտությունը և հնարավորության դեպքում փոխարինել հետազոտման այլ մեթոդներով:

Առանձին քննարկման են ենթարկվում ներերակային կոնտրաստ նյութով իրականացվող հետազոտությունները: Քանի որ կոնտրաստ նյութը պարունակում է յոդ, այսպիսի հետազոտման համար բացարձակ հակացուցում է հանդիսանում յոդի նկատմամբ ալերգիան: 

Հարաբերական հակացուցում է հանդիսանում երիկամային անբավարարությունը, որի հիմնական ցուցանիշ է հանդիսանում կրեատինինը: Կրեատինինի մակարդակը արյան մեջ 130մկմոլ/լ-ից բարձր լինելու դեպքում, կոնտրաստ նյութի ներմուծումը իրականացվում է միայն համապատասխան դեղորայքային պատրաստումից հետո կամ կյանքի ցուցումով:

Հարաբերական հակացուցում են հանդիսանում նաև վահանագեղձի հիվանդությունները, մասնավորապես՝ հիպերթիրեոզը և վահանագեղձի ուռուցքները:

Հարաբերական հակացուցումներ են համարվում բրոնխիալ ասթման և ծանր շաքարային դիաբետը: Պացիենտները, ովքեր ընդունում են մեթֆորմին պարունակող հակադիաբետիկ դեղորայք, պետք է հետազոտությունից 48-72ժամ առաջ և հետո դադարեցնեն դեղորայքի ընդունումը:

Հարաբերական հակացուցումներ են նաև հիվանդի ընդհանուր ծանր վիճակը և ռադիոակտիվ յոդով բուժումը:

Նշված բոլոր հարաբերական հակացուցումների դեպքում ևս հնարավոր է իրականացնել հետազոտություն կոնտրաստ նյութի ներարկմամբ, միայն համապատասխան դեղորայքային պատրաստում անցնելուց հետո:

Ինսուլտների ախտորոշումը համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով


Ինսուլտը կամ գլխուղեղի կաթվածը կենտրոնական նյարդային համակարգի գործունեության հանկարծակի դադարումն է՝ պայմանավորված գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներով, որը բերում է նյարդային բջիջների վնասման և հետագա մահվան:

Տարբերվում են ինսուլտների երկու հիմնական տեսակներ՝ իշեմիկ և հեմոռագիկ: Հեմոռագիկ ինսուլտները զարգանում են, երբ ինչ-ինչ պատճառներով արյունը արյունատար անոթներից անցնում է կամ ուղեղանյութի մեջ, որի ժամանակ զարգանում են ներուղեղային հեմատոմաներ, կամ ուղեղանյութը շրջապատող թաղանթների (մենինգեալ թաղանթների) միջև՝ սուբարախնոիդալ արյունազեղումներ:

Հեմոռագիկ ինսուլտների հայտնաբերման առավել ինֆորմատիվ և առաջնային ընտրության մեթոդ է համարվում համակարգչային տոմոգրաֆիան: Մեթոդը հնարավորություն է տալիս հաստատել կամ ժխտել հեմատոմայի առկայությունը ուղեղանյութում կամ մենինգեալ տարածությունում: Ստացված եռաչափ պատկերները ուսումնասիրելով՝ հնարավոր է դառնում ճշգրիտ որոշել արյունազեղման տեղակայումը, տարածվածությունը, ծավալը, գնահատել ուղեղանյութի այտուցի արտահայտվածության աստիճանը, դիսլոկացիայի առկայությունը և դրա աստիճանը: Քանի որ այս հիվանդներն ունեն առավել ծանր ստատուս և հիմնականում գտնվում են կոմատոզ վիճակում, ուստի մեծ նշանակություն ունի թե հիվանդին կրկնակի տրավմայի չենթարկելը, թե արագ հետազոտելը:

Համակարգչային տոմոգրաֆիայի հիմնական առավելությունները այն են, որ մեթոդը համարվում է ոչ ինվազիվ, անցավ է, հետազոտությունը տևում է հաշված րոպեներ և առավել հասանելի է ու մատչելի:

Քթի հարակից խոռոչների ՀՏ

Քթի և հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիան բավականին արագ հետազոտություն է՝ մոտավորապես 5-8 րոպե տևողությամբ և ունի ցածր ճառագայթային դոզա:

Ի տարբերություն ռենտգեն հետազոտության, որի դեպքում ստանում ենք մեկ պատկեր, ՀՏ-ի ժամանակ ունենում ենք շերտավոր նկարներ, որոնց միջոցով հնարավոր է լինում մանրամասն զննել քթի բոլոր հարակից խոռոչները: Իսկ հատուկ՝ 3D ռեկոնստրուկցիաների  շնորհիվ, կարողանում ենք ստանալ էլ տարածական պատկերներ:

ՀՏ շնորհիվ հնարավորություն ենք ունենում հայտնաբերել հեղուկի կուտակումներ, կիստաներ, պոլիպներ, գոյացություններ, ոսկրերի կոտրվածքներ կամ դեֆեկտներ, ինչպես նաև նաև տեսանելի են դառնում լորձաթաղանթի հաստացումները:

ՀՏ հետազոտությունը հնարավորություն է տալիս կատարել դենսիտոմետրիկ չափում: Այսինքն, հայտաբերելով պաթոլոգիկ կոմպոնենտ, կարողանում ենք որոշել վերջինիս խտությունը և տարբերակել՝ այն հեղուկային է, թե հյուսվածքային:

Համակարգչային տոմոգրաֆիան կատարում ենք քթի հարակից խոռոչներում բորբոքումների,  լորձաթաղանթի հաստացման հայտնաբերման համար: Օրինակ՝ ալերգիկ պացիենտների մոտ շատ դեպքերում հայտնաբերվում են լորձաթաղանթի հաստացումներ: Երբեմն ԼՕՌ բժիշկների ուղեգրմամբ, անատոմիական առանձնահատկությունների գնահատման համար, օրինակ՝ միջնապատի թեքումների հայտնաբերման նպատակով նույպես կատարվում է ՀՏ հետազոտություն:

Համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա

Անգիոգրաֆիան համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով անոթների հետազոտման ոչ ինվազիվ մեթոդ է, որի հիմքում ընկած է ռենտգեն ճառագայթների միջոցով անոթների շերտավոր պատկերների ստացումը: Ստացված պատկերները մշակման ենթարկելուց հետո հնարավորություն է ստեղծվում  ստանալ համապատասխան անոթի եռաչափ պատկերները: Հետազոտությունը կատարվում է ներերակային կոնտրաստ նյութով: Այն թույլ է տալիս գնահատել անոթների նեղացումները և խցանումները, լայնացումները, պաթոլոգիկ ոլորումները, այդ պաթոլոգիաների տեղակայումը, տարածվածությունը, կոլատերալ հոսքի առկայությունը և այլ պաթոլոգիաներ:

Անգիոգրաֆիան ցուցված է այնպիսի անոթային պաթոլոգիաների համար,  ինչպիսիք են՝ ստենոզները, թրոմբոզները, անևրիզմաները, անոթների շերտազատումը, անոթային անոմալիաները՝ արտերիվենոզ մալֆորմացիաները, անգիոմաները,  ինչպես նաև անոթների հավելյալ ոլորումները և ասիմետրիաները ախտորոշելու համար:

Անգիոգրաֆիան առավելապես կիրառվում է գլխուղեղի և պարանոցի, աորտայի ու նրա ճյուղերի և վերջույթների անոթների հետազոտման համար:

Գլխուղեղի անգիոգրաֆիան ցուցված է այնպիսի անոթային պաթոլոգիաների համար, ինչպիսիք են անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումը և ստենոզը:

Աորտայի անգիոգրաֆիայով ախտորոշում ենք այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են աորտայի անևրիզման ու նրա պատռումը   և աորտայի շերտազատումը: Նշված բոլոր վիճակները համարվում են անհետաձգելի վիճակներ:

Անգիոգրաֆիայով ախտորոշում ենք նաև աորտայի և նրա ճյուղերի աթերոսկլորոտիկ ախտահարումը, ստենոզների առկայությունը և աստիճանը, թրոմբոզների առկայությունը: Կիրառվում է հատկապես այնպիսի անհետաձգելի վիճակի դեպքում, ինչպիսին մեզենտերիալ անոթների թրոմբոզն է: Անգիոգրաֆիայով կարող ենք ախտորոշել նաև աորտայի զարգացման արատները, ինչպես նաև ստենտավորումից և պրոթեզավորումից հետո որոշել ստենտի և պրոթեզի անցանելիությունը:

Ինչպես նշեցինք անգիոգրաֆիան կիրառվում է նաև վերջույթների անոթների պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Վերջույթների անգիոգրաֆիայով ախտորոշում ենք այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումը, որոշում ենք  ստենոզի և օկլյուզիայի աստիճանը, ինչպես նաև ստենտավորումից և պրոթեզավորումից հետո ստենտի և պրոթեզի անցանելիությունը:

Թոքերի համակարգչային տոմոգրաֆիա

Թոքերի ՀՏ հետազոտությունը ներկայումս համարվում է թոքերի առավել ինֆորմատիվ և մանրակրկիտ զննման մեթոդ: Այս հետազոտությունը ցուցված է խրոնիկ ծխողներին և թոքային գանգատներ ունեցող պացիենտներին:   

Թոքերի ՀՏ հետազոտություն անցնելուն ցուցված սիմպտոմներ պետք է համարել արյան հետքերը խորխում, ջերմության բարձրացումը, քաշի կտրուկ նվազումը: Եթե նշված սիմպտոմներից թեկուզ մեկը առկա է, ապա անհապաղ պետք է դիմել համապատասխան մասնագետի:

Հետազոտության տևողությունը  10 րոպե է: Անհրաժեշտության դեպքում, եթե հայտնաբերվում է գոյացություն կամ մեծացած ավշային հանգույցներ միջնորմում, կատարվում է բոլյուսային կոնտրաստավորում՝ բուժման տակտիկան և հետագա վիրահատությունը պլանավորելու նպատակով: Ստացվում են 3D ռեկոնստրուկցիաներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում մանրակրկիտ զննել անոթների վիճակը, հերքել կամ հաստատել աորտայի անևրիզմաները (լայնացումները), գնահատել ավշային հանգույցների վիճակը, անոթների լուսանցքում հայտնաբերել նույնիսկ փոքր թրոմբոտիկ զանգվածների առկայությունը, հայտնաբերել հեղուկ պլևրալ խոռոչում կամ սրտապարկում, թոքաբորբեր և տուբերկուլյոզային ախտահարում: Տրավմաների ժամանակ երբեմն հայտնաբերվում է արյունազեղում հենց թոքային հյուսվածքում: Իսկ հիմնականում  երեխաների մոտ  հաճախ տեսնում ենք օտար մարմնի առկայություն վերին շնչուղիներում:

Թոքերի հետազոտման համար շատ հաճախ հիվանդները դիմում են ռենտգեն հետազոտության: Սակայն ՀՏ հետազոտության առավելությունը կայանում է նրանում, որ  դրա միջոցով ստացվում են բազմաթիվ պատկերներ, որոնց 3D ռեկոնստրուկցիաները հնարավորություն են տալիս ստանալ ավելի տարածական պատկեր և կատարել ավելի հստակ ախտորոշում:

Որովայնի խոռոչի համակարգչային տոմոգրաֆիա

Ամենահաճախ կատարվող հետազոտություններից է որովայնի խոռոչի համակարգչային տոմոգրաֆիան: Շերտավոր նկարների և 3D ռեկոնստրուկցիաների միջոցով հնարավորություն ենք ունենում ստանալ որովայնի ամբողջական պատկեր: Այն բավականին արագ կատարվող հետազոտություն է: Ցուցված է, երբ կան գանգատներ որովայնի օրգանների՝ ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, բարակ և հաստ աղիների  կողմից: Գանգատները կարող են լինել ցավի, ծակոցների, ջերմության բարձրացման և քաշի կտրուկ կորստի տեսքով: ՀՏ ցուցված է նաև այն դեպքում, երբ կատարվել է այլ հետազոտություն, օրինակ՝ սոնոգրաֆիա, և հայտնաբերվել է գոյացություն կամ կասկածելի զոնա, որը ավելի մանրամասն զննման կարիք ունի:

Հետազոտության ընթացքում կասկածելի հատված կամ գոյացություն հայտնաբերելու դեպքում կատարվում է բոլյուսային կոնտրաստավորում: Կոնտրաստը բժիշկ-ռադիոլոգին օգնում է տարբերակել գոյացության ծագումը, առավել մանրակրկիտ զննել դրա անատոմիական առանձնահատկությունները և ավելի հստակ որոշել տեղակայումը, որպեսզի հետագայում վիրաբույժների կողմից իրականացվելիք  վիրահատությունների ընթացքում ինչ որ խնդիրներ չառաջանան:

Երիկամների համակարգչային տոմոգրաֆիա

Երիկամների համակարգչային տոմոգրաֆիա կատարվում է քարերի հայտնաբերման, դրանց տեղակայման ճշգրտման , որովայնի օրգանների տրավմաների ժամանակ, ինչպես նաև, երբ կա նորագոյացությունների, տարբեր բնույթի բորբոքային գոյացությունների՝ աբսցեսների և կիստաների կասկած:

Հետազոտման այս ձևը թույլ է տալիս գնահատել ոչ միայն երիկամների, այլև մակերիկամների ձևը և  չափերը:

Բոլյուսային կոնտրաստավորման՝ ուրոգրաֆիայի ժամանակ կարողանում ենք գնահատել երիկամների ֆունկցիան, տեսնել միզածորանները ողջ երկարությամբ: Ուշացած փուլում կոնտրաստ նյութը լցվում է միզապարկ, ինչի միջոցով տեսնում ենք միզապարկի պատերի վիճակը, կան արդյո՞ք գոյացություններ, թե ոչ: Կոնտրաստ նյութի միջոցով զննում ենք նաև անոթների վիճակը:

Հետազոտության տևողությունը 25-30 րոպե է և  բացարձակ անցավ:

Երիկամների ՀՏ հետազոտությունը ցուցված է այն պացիենտներին, ովքեր ունեն ցավեր երիկամների շրջանում, արյան հետքեր մեզում, մեզի անալիզների շեղումներ, քարերի առաջացման հակվածություն և բարձր ճնշման հետ կապված խնդիրներ: Եթե ի հայտ է գալիս նշված ախտանիշներից թեկուզ  մեկը, խորհուրդ է տրվում անհապաղ դիմել համապատասխան մասնագետի:

Բարդ կոտրվածքների համակարգչային տոմոգրաֆիա

Նախքան բարդ կոտրվածքների համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտությանն անցնելը պարզաբանենք, թե որ կոտրվածքներն են համարվում բարդ:

Բարդ են համարվում այն կոտրվածքները, երբ կան ոսկրերի բեկորներ, ոսկրերի տեղաշարժ և  ծայրատների հեռացում միմյանցից:

Ոսկրերի համար լավագույն հետազոտության մեթոդ է համարվում ռենտգեն հետազոտությունը: Քանի որ համակարգչային տոմոգրաֆիան հնարավորություն է տալիս ստանալ շերտավոր պատկերներ, հետևաբար բարդ տիպի կոտրվածքների դեպքում առավել նախընտրելի է իրականացնել հենց այս հետազոտությունը: ՀՏ-ի  շնորհիվ բժիշկ-ռադիոլոգը հնարավորություն է ստանում տեսնել նույնիսկ շատ փոքր ոսկրային բեկորները, որոշել դրանց չափերը, տեղաշարժի աստիճանը և  անկյունը:

Համակցված տրավմաների ժամանակ համակարգչային տոմոգրաֆիան առավել նախըտրելի մեթոդ է, քանի որ բացի կոտրվածքներից հնարավորություն ենք ունենում գնահատել նաև մնացած օրգան-համակարգերի վիճակը՝ բացառելով ներքին արյունահոսությունները:

3D ռեկոնստրուկցիաների միջոցով ստացվում են նույնիսկ գունավոր պատկերներ, որոնք ավելի հեշտ տեսանելի են և՛ վնասվածքաբանների, և՛ վիրաբույժների համար: Հետազոտությունը հնարավորություն է տալիս տեսնել անգամ մանր ճաքերը, որոնք բավական բարդ է տեսնել ռենտգենյան մեկ կամ երկու պատկերների վրա:

Վիրտուալ կոլոնոսկոպիա

Միջազգային չափանիշներով ընդունված է 5-7 տարին մեկ անգամ անցնել կոլոնոսկոպիկ հետազոտություն: Վիրտուալ կոլոնոսկոպիան շատ երկրներում, որպես սկրինինգային հետազոտություն, կատարվում է տարին մեկ անգամ:

Հայտնի է, որ հաստ աղիքի քաղցկեղով ավելի շատ հիվանդանում են 50-75 տարեկան տղամարդիկ: Իր տարածվածությամբ այն երկրորդ տեղում է՝ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղից հետո: Վաղ ախտորոշման դեպքում բավականին մեծ է հիվանդներին օգնելու հավանականությունը:

Այս հետազոտությունը ավելի քիչ տրավմատիկ է, քան ավանդական կոլոնոսկոպիան: Վիրտուալ կոլոնոսկոպիայի ժամանակ ուղիղ աղիքից օդ է ներմուծվում  նախապես լավ մաքրված աղիների մեջ՝ աղիքի գալարները ավելի լավ բացելու նպատակով: Այս հետազոտությամբ  հնարավոր է հայտնաբերել ինչպես գոյացություններ, այնպես էլ մանր պոլիպներ լուսանցքի ներսում: Հետազոտության տևողությունը 10-15 րոպե է: Նախքան հետազոտությունը պետք է խորհրդակգել բժիշկ-ռադիոլոգի հետ, որպեսզի ստանալ  հետազոտությանը նախապատրաստվելու հետ կապված կոնկրետ ցուցումներ:

Ռիսկի գոտում են այն պացիենտները, ովքեր ունեն հաստ աղիքի քաղցկեղով տառապող հարազատներ, ինչպես նաև՝ ովքեր ունեն կամ ունեցել են հաստ աղիքի պոլիպներ:

Վաղ ախտանիշներից են արյան հետքերը կղանքում, մարսողության խանգարումները՝ լուծ, փորկապություն: Այս ախտանիշների  առկայության դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ դիմել համապատասխան մասնագետի:

Վիրտուալ կոլոնոսկոպիայի ժամանակ գոյացություն կամ պոլիպ հայտնաբերվելու դեպքում պացիենտը ուղեգրվում է ավանդական կոլոնոսկոպիայի, որպեսզի տեղում հեռացվի պոլիպը և կատարվի բիոպսիա: