Գլխուղեղի ՄՌՏ

Պացիենտների մոտ ամենահաճախ հանդիպող գանգատը գլխացավն է: Գլխուղեղի ՄՌՏ-ն իրականացվում է բացառելու գլխացավի ամենավտանգավոր պաճառները` գլխուղեղի  ուռուցքները, օջախային գոյացությունները, լիկվորային համակարգի շեղումները, բորբոքային և դեմիելինիզացնող փոփոխությունները:  Սույն մեթոդը թույլ է տալիս բացահայտել և մանրազննին գնահատել գլխուղեղի զարգացման շեղումները, գլխուղեղի արյան շրջանառության տարբեր շեղումները, գլխուղեղի տրավմատիկ փոփոխությունները, դեգեներատիվ պրոցեսները: Հատուկ ծրագիրը (ՄՌ անգիոգրաֆիա առանց կոնտրաստային նյութի ներարկման) հնարավորություն է տալիս նաև գնահատել գլխուղեղի գլխավոր անոթները և բացառել դրանց հիվանդությունները, որոնք վտանգավոր են կյանքի և առողջության համար:

Հիպոֆիզի և ակնակապիճի հետազոտության հատուկ ծրագրերը հնարավորություն են տալիս բացահայտելու այդ համակարգերի ախտաբանական նվազագույն փոփոխությունները:

Կոնտրաստ նյութի կիրառումը գլխուղեղի հետազոտության ժամանակ օգնում է ոչ միայն պարզել և մանրամասն ուսումնասիրել ախտաբանական փոփոխությունները, այլ նաև բացահայտել այնպիսի փոփոխությունները, որոնք չէին երևացել ստանդարտ հետազոտության ժամանակ:

Այժմ մեր բժիշկներն իրենց ձեռքի տակ ունեն ժամանակակից, առավել բարդ մեթոդներ գնահատելու ոչ միայն գլխուղեղի կառուցվածքը, այլ նաև ֆունկցիան (դիֆուզիա, պերֆուզիա, տրակտոգրաֆիա, սպեկտրոսկոպիա): Այդ մեթոդների կիրառման անհրաժեշտությունը որոշում է բուժող բժիշկը կամ ՄՌՏ ախտորոշման բժիշկը:

Գլխուղեղի բարձրադաշտ ՄՌՏ հնարավորությունները՝

Մարդու նյարդային համակարգը միշտ եղել է ամենանուրբ կազմակերպված նյութը և այժմ դժվար է պատկերացնել, որ դեռևս դարի սկզբին նյարդաբանի արսենալը զգայունությունը ստուգելու համար մուրճիկն ու ասեղն էին և այդ ոչ խորամանկ գործիքների միջոցով և իր փորձի հիման վրա բժիշկն ախտորոշում էր հիվանդությունը: Ժամանակակից բժշկությունը չի հրաժարվում իր նախկին օգնականներից: Սակայն նյարդաբանական ախտորոշման ատրիբուտ է դարձել ժամանակակից սարքավորումը, որն հնարավորություն է տալիս «շոշափել» գլխուղեղի «ամենախորքերը»: Այսօր գոյություն ունեն գլխուղեղի բազմաշերտ տոմոգրաֆիկ մի քանի հետազոտություններ՝ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), պոզիտրոն-էմիսսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ) և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), որը վերջերս դարձել է մարդու նյարդային համակարգի հետազոտման ստանդարտ մեթոդ:

Գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան կամ գլխուղեղի ՄՌՏ-ն հանդիսանում է առանց ռենտգեն ճառագայթների և ռադիացիայի կիրառման պատկերներ ստանալու մեթոդ: Հիվանդին տեղավորում են ուժեղ մագնիսական դաշտում, որը բերում է նրան, որ ջրածնի բոլոր ատոմները մարմնում դիրքավորվում են մանգիսական դաշտի ուղությամբ զուգահեռ: Այդ պահին սարքն ուղարկում է էլեկտրոմագնիսական ազդանշան ուղղահայաց մագնիսական հիմնական դաշտին: Ջրածնի ատոմները, որոնք ունեն միևնույն հաճախականությունն ազդանշանի հետ, «գրգռվում են» և առաջացնում են իրենց ազդանշանը, որը սարքը որսում է: Հյուսվածքի տարբեր տեսակներ (ոսկրեր, մկաններ, անոթներ և այլն) ունեն ջրածնի ատոմների տարբեր քանակ և այդ իսկ պատճառով դրանք առաջացնում են տարբեր բնույթի ազդանշաններ: ՄՌ տոմոգրաֆը որսում է այդ ազդանշանները պատկերների տեսքով:

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան իրականացվում է տարբեր հարթություններում, որը հարավորություն է տալիս ստանալ ոչ միայն աքսիալ, այլև նաև ֆրոնտալ, սագիտալ և նույնիսկ թեք պատկերներ: Ամենակարևորն այն է, որ ՄՌՏ-ն լիովին անվնաս է, քանի որ հետազոտությունը կապված չէ ճառագայթման հետ: Հաշվի առնելով վերը նշված առավելությունները՝ գլխուղեղի հիմնական քրոնիկ և սուր ախտահարումների դեպքում անհրաժեշտ է գլխուղեղի հետազոտությունը սկսել հենց ՄՌՏ-ից:

Գլխուղեղի ՄՌՏ նշանակում են գլխուղեղի տարբեր հիվանդությունների ժամանակ՝ օրինակ բնածին արատներ, թրքական թամբի, հիպոֆիզի, ակնակապիճի պաթոլոգիա և այլն:

Ներքևում նշված են մի քանի կլինիկական դեպքեր

 

Պացիենտ Պ., 38 տարեկան: Գանգատ՝ տեսողության կտրուկ վատացում: ՄՌ սագիտալ պատկերի վրա (1,5 Տեսլա) թրքական թամբի հատվածում երևում է մեծ ուռուցք արյունազեղման առկայությամբ՝ հիպոֆիզի մակրոադենոմա: Կատարվել է հաջող վիրահատություն, նկատվում է տեսողական ֆունկցիայի վերականգնում:

 

 

 

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ակտիվ կիրառվում է ցրված սկլերոզ և այլ դեմիելինիզացնող հիվանդություններ ունեցող պացիենտներին հետազոտելու համար: ՄՌՏ մեթոդները հատուկ նշանակություն ունեն ուռուցքաբանության մեջ՝ գլխուղեղի առաջնային ուռուցքների և մետաստազների հետազոտության համար:

 

Պացիենտ Պ., 38 տարեկան: Հիմնական հիվանդությունը՝ կրծքագեղձի ուռուցք: Նատիվ և հետկոնտրաստային ՄՌՏ նկարներում երևում են բազմաթիվ գոյացություններ ուղեղանյութում՝ այտուցով շրջապատված մետաստազներով: Պացիենտն ուղարկվել է ռադիովիրաբուժության (Գամմա-դանակ):

 

 

Պացիենտ Կ., 58 տարեկան, բնութագրվում է ոչ ադեկվատ վարքով, այսպես կոչված «ճակատային փսիխիկա» ախտանիշով: Հոտառության կորստի գանգատներ: ՄՌՏ նկարներում գանգափոսի դիմային հատվածում երևում է բավականին ծավալուն գոյացություն, որը սեղմում է  ուղեղի հարակից կառուցվածքը մենինգիոմա: Կատարվել է բարեհաջող վիրահատություն, ուռուցքն ամբողջովին հեռացվել է:

     

Գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ինֆորմատիվ է նաև բորբոքային պրոցեսների հայտնաբերման համար, մասնավորապես ՁԻԱՀ-ով հիվանդների գլխուղեղի ախտահարման դեպքում:

Սույն մեթոդի հնարավորություններն այնքան մեծ են, որ առանց կոնտրաստ նյութի կիրառման հնարավոր է ստանալ նույնիսկ մագիստրալ անոթների՝ զարկերակների և երակների (անգիոգրաֆիա) պատկերներ: ՄՌ անգիոգրաֆիայի մեթոդը հնրավարություն է տալիս բացառել այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսին են անևրիզմաները և արտերիովենոզ մալֆորմացիաները:

  

Պացիենտ Կ, 46 տարեկան: Առանց կոնտրաստ նյութի ներարկման մագնիսա-ռեզոնանսային անգիոգրամմաներում պատկերված է ձախ ներքին քնային զարկերակի հսկայական անևրիզմա: Հիվանդին խորհուրդ է տրվել նյարդավիրաբույժի կոնսուլտացիա:

 

 

Այսպիսով գլխուղեղի բարձրադաշտ ՄՌՏ-ն հնարավորություն է տալիս ստանալ ախտորոշիչ պատկերներ, որոնք անհարժեշտ են նյարդավիրաբուժության և նյարդաբանության մեջ բուժման մեթոդի ընտրության համար:

Գլխուղեղի ՄՌՏ հետազոտությունը չի պահանջում հատուկ նախապատրաստություն հետազոտության համար։ Կոնտրաստ նյութի ներարկումը նույնպես չունի սահմանափակումներ, քանի որ չի առաջացնում ալերգիա: