Ինչո՞ւ է ՄՌՏ–ն անհրաժեշտ ուղիղ աղիքի քաղցկեղի բուժումը ճիշտ իրականացնելու համար

Ուղիղ աղիքի քաղցկեղը հաստ աղիքի ուռուցքներից ամենահաճախ հանդիպողն է  եւ կազմում է հաստ աղիքի ուռուցքների գրեթե 40-45%–ը: Ուռուցքային հիվանդությունների շարքում այն գրավում է 3–րդ տեղը՝ կանանց մոտ զիջելով միայն կրծքագեղձի, իսկ տղամարդկանց մոտ` թոքի եւ ստամոքսի ուռուցքներին: Աշխարհում ամեն տարի հայտնաբերվում է ուղիղ աղիքի քաղցկեղի մոտ 1.000.000 դեպք, որից 600.000-ը մահանում են ուռուցքի հայտնաբերումից հետո 1 տարվա ընթացքում:

Չնայած ուռուցքի նման տարածվածությանը, դրա վաղ հայտնաբերման դեպքում գրանցվում են հիվանդության բուժման բավական լուրջ հաջողություններ՝ ուռուցքի ռեգրես (հետաճ) եւ պացիենտի կյանքի որակի լավացում: Այս հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերվում է հիմնականում կանխարգելիչ զննումների ժամանակ, կամ պատահական, քանի որ վաղ շրջանում այս հիվանդությունը արտահայտված կլինիկական դրսեւորումներ կամ չունի, կամ դրանք շատ թույլ են եւ շատ հաճախ մարդիկ դրանք անտեսում են: Իսկ ահա զարգացող ուռուցքներն ունեն կլինիկական դրսեւորումներ, որոնք արտահայտվում են ցավերով, արտաթորելու կեղծ ցանկությամբ, արյունահոսությամբ եւ առհասարակ աղիների աշխատանքի խանգարումներով: Հաստ աղիքի նորագոյացությունների հայտնաբերման հիմնական մեթոդը կոլոնոսկոպիան է, սակայն ուռուցքի հայտնաբերումից հետո անհրաժեշտ է որոշել դրա՝ աղիքից դուրս տարածվածության աստիճանը (TNM), քանի որ հիմնականում հենց դրանից է կախված բուժման առավել արդյունավետ ձեւի ընտրությունը:

Ժամանակակից ուռուցքաբանության մեջ ուղիղ աղիքի քաղցկեղի տարածվածության աստիճանը որոշելու համար ոսկե ստանդարտ է համարվում ՄՌՏ հետազոտությունը: Այն հնարավորություն է տալիս մանրամասն գնահատել ուռուցքի չափը, տեղակայումը, աղիքի պատի ախտահարման խորությունը,  հարակից օրգանների եւ ավշային հանգույցների վիճակը: Կոլոնոսկոպիան զննում է գոյացությունը աղիքի ներսից, բայց աղիքից դուրս դրա տարածվածության մասին ինֆորմացիա չի տալիս: Այդ մասին առավելագույն ինֆորմացիան տալիս է միայն ՄՌՏ հետազոտությունը, եւ դրան համարժեք այլընտրանքային տարբերակ այսօր ուղղակի գոյություն չունի: ՄՌՏ հետազոտության իրականացումը այս պարագայում ինքնանպատակ չէ, այն հստակ խնդիր է լուծում՝ պատասխանելով մի քանի կարեւոր հարցերի, որոնցից ելնելով էլ ընտրվում է բուժման առավել արդյունավետ տարբերակը:

ՄՌՏ հետազոտությունը թույլ է տաիս.

1. Կատարել ուռուցքի սահմանների եւ աղիքի պատերի ներգրավվածության շերտային ուսումնասիրություն;

2. Ուռուցքի արտաաղիքային տարածման դեպքում նկարագրել ուղիղ աղիքի հարակից ճարպային բջջանքի ախտահարման աստիճանը:

3. Նկարագրել ուռուցքի հեռավորությունը մեզոռեկտալ փակեղից, կամ մեզոռեկտալ փակեղի ներգրավվածությունը պրոցեսի մեջ (եթե այն առկա է):

4 Պարզել՝ առկա է արդյոք ուռուցքի տարածում դեպի հարակից օրգաններ եւ մկաններ:

5 Հայտնաբերել ախտահարված ավշային հանգույցները` նշելով դրանց չափերը եւ քանակը:

Այս բոլոր կետերի հստակ նկարագրության արդյունքում ստացվում է մի պատկեր, որը թույլ է տալիս հասկանալ, թե կոնկրետ որ փուլում է ուռուցքը (TNM), եւ հենվելով ստացված տվյալների վրա՝ ընտրել բուժման համապատասխան տարբերակը: Այսպիսով ՄՌՏ հետազոտությունը ուղիղ աղիքի քաղցկեղների ժամանակ պարտադիր պայման է բուժման առավել ճշգրիտ տարբերակի ընտրության համար, ինչի արդյունքում հնարավոր է դառնում խուսափել տեղային ռեցիդիվներից եւ ստանալ ավելի գոհացուցիչ, երկարաժամկետ արդյունքներ:

Այս հետազոտությունը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է բարձրադաշտ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ (1.5 տեսլա եւ ավելի մագնիսական դաշտի ինդուկցիայով): Ի տարբերություն որովայնի եւ կոնքի մնացած օրգանների ՄՌՏ հետազոտության՝ ուղիղ աղիքի ՄՌՏ հետազոտությունը հատուկ նախապատրաստական աշխատանքներ չի պահանջում, իսկ ներերակային կամ ներաղիքային կոնտրաստավորում հիմնականում չի կատարվում (միայն հատուկ անհրաժեշտության դեպքում), քանզի հետազոտության ինֆորմատիվությունը դրանից էապես չի փոխվում:

 

Հեռ` 011421111, 010428311

Վեբ-կայք` www.mibs.am