Ո՞րն է հեմոռագիկ ինսուլտի ախտորոշման առավել ինֆորմատիվ մեթոդը. պարզաբանում է մասնագետը

Չնայած ժամանակակից բժշկության արագընթաց զարգացմանը` մեր օրերում հեմոռագիկ ինսուլտները հանդիպում են բավականին հաճախ եւ ունեն մահացության բարձր աստիճան: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների մահացության ցուցանիշով  ինսուլտները զբաղեցնում են  2-րդ տեղը  սրտամկանի իշեմիայից հետո: Հեմոռագիկ ինսուլտների ախտորոշման ժամանակակից  մեթոդների մասին NEWS.am-Medicine-ի թղթակիցը  զրուցել է ՄԻԲՍ կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Մարինե Գրիգորյանի հետ:

Ի՞նչ է ինսուլտը եւ ինսուլտների ի՞նչ տեսակներ են տարբերում:

Ինսուլտը (գլխուղեղի կաթված) կենտրոնական նյարդային համակարգի գործունեության հանկարծակի դադարումն է, պայմանավորված գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներով, որը բերում է նյարդային բջիջների վնասման եւ մահվան: Տարբերում են ինսուլտների 2 հիմնական տեսակներ` իշեմիկ  եւ հեմոռագիկ:

Ի՞նչ է հեմոռագիկ ինսուլտը եւ որո՞նք են հեմոռագիկ ինսուլտների առաջացման հիմնական պատճառները:

Հեմոռագիկ ինսուլտը զարգանում է, երբ ինչ-ինչ պատճառներով արյունը արյունատար անոթներից անցնում է ուղեղանյութի մեջ (ներուղեղային հեմատոմաներ) կամ ուղեղանյութը շրջապատող թաղանթների (մենինգեալ թաղանթներ) մեջ (հիմնականում սուբարախնոիդալ արյունազեղումներ): Հեմոռագիկ ինսուլտները հանդիպում են բավականին հաճախ, հիվանդացությունը կազմում է մոտ 35 մարդ 100.000 բնակչությանը, եւ կազմում են բոլոր ինսուլտների 18-20%-ը:  Ինսուլտների այս տեսակին բնորոշ է ամենածանր ընթացքը եւ մահացության ու հաշմանդամության ամենաբարձր աստիճանը: Առաջին 3 ամիսների ընթացքում մահացությունը կազմում է մոտ 60%, իսկ հիվանդների 2/3-ը ունենում են հաշմանդամություն: Հեմոռագիկ ինսուլտների զարգացման հիմնական պատճառ հանդիսանում է արյան բարձր ճնշումը (զարկերակային հիպերտենզիան), ինչը ունի մեծ տարածվածություն մեր հանրապետությունում: ՀՀ-ում ազգաբնակչության գրեթե յուրաքանչյուր 3-րդը տառապում է զարկերակային հիպերտենզիայով: 

Ո՞ր հետազոտությունն է համարվում առավել ինֆորմատիվ հեմոռագիկ ինսուլտների ախտորոշման համար:

Հեմոռագիկ արյունազեղումների հայտնաբերման առավել ինֆորմատիվ եւ առաջին ընտրության մեթոդ է համարվում համակարգչային  տոմոգրաֆիան (ՀՏ կամ KT-компьютерная томография): Մեթոդը հնարավորություն է տալիս հաստատել կամ ժխտել հեմատոմայի առկայությունը ուղեղանյութում կամ մենինգեալ տարածություններում, ստացած եռաչափ պատկերները ուսումնասիրելով հնարավոր է դառնում ճշգրիտ որոշել արյունազեղման տեղակայումը, տարածվածությունը, ծավալը, գնահատել ուղեղանյութի այտուցի արտահայտվածության աստիճանը, տեղաշարժման առկայությունը եւ աստիճանը:

Որո՞նք են ՀՏ-ի առավելությունները այս պարագայում:

Քանի որ այս պացիենտները ունենում են առավել ծանր ստատուս եւ հիմնականում գտնվում են կոմատոզ վիճակում, ուստի մեծ նշանակություն ունի թե՛ պացիենտի կրկնակի տրավմայի չենթարկելը, եւ թե՛ հնարավորինս արագ հետազոտելը: ՀՏ-ի հիմնական առավելություններից է այն, որ մեթոդը ոչ ինվազիվ է, անցավ,  հետազոտությունը տեւում է հաշված րոպեներ, եւ ինչու չէ` ավելի հասանելի է եւ մատչելի:

Բացի զարկերակային հիպերտենզիայից այլ ի՞նչ պատճառներ կարող են առաջացնել հեմոռագիկ արյունահոսություն:

Զարկերակային հիպերտենզիայից բացի ներուղեղային հեմատոմաների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ տրավմաները, բնածին եւ ձեռքբերովի անոթային դեֆեկտները, ինչպիսիք են արտերիավենոզ մալֆորմացիաները (ԱՎՄ), անեւրիզմաները, անգիոմաները, արյան մակարդելիության խանգարումները եւ հակամակարդիչների ընդունումը, տարբեր համակարգային հիվանդությունները եւ ուռուցքները: Նշված պաթոլոգիաների դեպքում նույնպես ախտորոշման առաջնային մեթոդ է համարվում ՀՏ-ն: Հետագայում, ըստ անհրաժեշտության, ստացված տվյալները կարող են համադրվել ՄՌՏ կամ ԿՏ-անգիոգրաֆիայի տվյալների հետ:

Իսկ իշեմիկ ինսուլտների դեպքում ո՞ր ախտորոշիչ մեթոդն է առավել ինֆորմատիվ:

Իշեմիկ ինսուլտների դեպքում եւս հիվանդի հետազոտությունը սկսվում է ՀՏ-ից: Գոյություն ունեն վաղ նշաններ, որոնց միջոցով հնարավոր է հստակ ախտորոշել իշեմիայի առկայությունը եւ  լոկալիզացիան` սահմանափակվելով միայն ՀՏ տվյալներով:   Սակայն, շատ դեպքերում,  կախված ախտահարման տեղակայումից եւ չափերից մինչեւ 12ժ.,  իսկ երբեմն 24ժ. ընթացքում ՀՏ-ն կարող է լինել ոչ ինֆորմատիվ: Այդ դեպքում առավել ինֆորմատիվ մեթոդ է համարվում ՄՌՏ (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) հետազոտությունը, որը կարող է հայտնաբերել նույնիսկ ամենափոքր իշեմիայի օջախը ամենավաղ փուլում:

Վերջում ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին:

Այն բոլոր պացիենտները, ովքեր հատկապես տառապում են զարկերակային հիպերտենզիայով, եթե կունենան հանկարծակի սուր գլխացավ, առավել եւս համակցված խոսքի եւ շարժողական խանգարումներով   կամ գիտակցության կորստով,  խորհուրդ կտամ անհապաղ դիմել բժշկի եւ անցնել համակարգչային տոմոգրաֆիա:  Իսկ մեր ազգաբնակչությանը  խորհուրդ կտամ հետեւել իրենց առողջությանը եւ ապրել առողջ:

ՄԻԲՍ-Երեւան

Հասցե` ՀՀ, ք. Երեւան, Բագրատունյաց 1

Հեռ` 011 42-11-11, 010 42-83-11

Վեբ-կայք` www.ldc.am