Ինչի՞ համար է անհրաժեշտ թոքերի սքրինինգ հետազոտությունը

Սքրինինգ հետազոտությունը կանխարգելիչ գործողություն է՝ ուղղված բացահայտելու հիվանդությունները նախքան դրանց ախտանիշների ի հայտ գալը, այսինքն՝ վաղ փուլերում: Թոքերի քաղցկեղը ճակատագրական է ավելի քան 90% դեպքերում: Ընդ որում, թոքերի I փուլի քաղցկեղի բուժումից հետո 5 տարվա ապրելիությունը կազմում է 70%, իսկ IV փուլի՝ 5%-ից պակաս: Հետեւաբար, վաղ փուլերում հիվանդության ախտորոշումը բարելավում է բուժման արդյունքները եւ նվազեցնում է մահերի թիվը: Թոքերի հիվանդությունների սքրինինգի մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Բերեզինի անվան բժշկական ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի բժիշկ-ռադիոլոգ Կալինա Կիրակոսյանի հետ:

Ու՞մ է ցուցվում թոքերի հիվանդությունների սքրինինգը, ովքե՞ր են ռիսկի խմբում

Մարդիկ, որոնք 30 տարի ծխել են օրական առնվազն մեկ տուփ սիգարետ, պետք է թոքերի քաղցկեղի սքրինինգ անցնեն. սա Ամերիկյան օնկոլոգիական ընկերության ցուցումն է: Նույնիսկ նախկին ծխողներին, որոնք հրաժարվել են վնասակար սովորությունից 15 տարի առաջ, խորհուրդ է տրվում հետազոտվել: Ամերիկյան օնկոլոգիական ընկերության ցուցումները հիմնված են թոքերի ախտորոշիչ հետազոտությունների արդյունքերի վրա, որոնք վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հրապարակվել են գիտական ամսագրերում: Մասնագետները համարում են, որ նախկին եւ ներկայիս մոլի ծխողները պետք է անցնեն համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) ցածրդոզային հետազոտություններ՝ թոքերի սքրինինգի համար:

Հետազոտությունը հատկապես ի՞նչ եղանակով է կատարվում եւ ի՞նչ է իրենից ներկայացնում

Այցելուն կարող է նախապես գրանցվել հեռախոսով եւ նշանակված ժամին գալ կլինիկա: Հետազոտությունը տեւում է մի քանի րոպե, այցելուն պառկում է սեղանին (սովորաբար մեջքի վրա), բժշկի խնդրանքով՝ հարկավոր է մի քանի վայրկյան պահել շնչառությունը: Մեկ ժամվա ընթացքում կենտրոնի բժիշկը մշակում է տվյալները: Հետազոտության ավարտից եւ արդյունքները ստանալուց հետո կարելի է անցնել առօրյա գործերին. պաթոլոգիայի բացակայության դեպքում՝ հաջորդ սքրինինգը կկատարվի մեկ տարի անց:

Ինչու՞ է հետազոտությունը կոչվում ցածր դոզային

Հետազոտությունը համարվում է ցածր դոզային, քանի որ ճառագայթման չափը կազմում է 0,5-ից 1մ. Sv, բայց չնայած դրան՝ մենք ստանում ենք թոքերի 3D պատկեր՝ բարձր որակի: Հարկ է նշել, որ տարեկան թույլատրելի չափաբաժինը 10մ. Sv է: Համակարգչային բազմագալար տոմոգրաֆիաները թույլ են տալիս 5-10 անգամ նվազեցնել ճառագայթային ծանրաբեռնվածությունը մարդու օրգանիզմի վրա:

Ինչպիսի՞ փոփոխություններ կարելի է տեսնել ՀՏ շերտավոր նկարների վրա՝ սքրինինգ հետազոտությունների ժամանակ

Համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ կարելի է հայտնաբերել այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են բարորակ եւ չարորակ ուռուցքները, բորբոքային պրոցեսները (պնեվմոնիա), միջորմնային ավշային հանգույցների պաթոլոգիկ մեծացում, լիմֆոմաներ: Ինչպես նաեւ՝ կարելի է հայտնաբերել թոքերի երկրորդային ախտահարումներ՝ մետաստազներ:

Հաճախ հայտնաբերվում են նաեւ այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են բրոնխների, թոքային զարկերակի, սիներակների նեղացումը: Բացի այդ՝ պարզ երեւում են տուբերկուլոզի կամ պնեւմոնիայի սպիները, օրգանների կառուցվածքում բնածին շեղումներ: Վնասակար արտադրություններում աշխատող մարդկանց մոտ հաճախ հայտնաբերվում են մասնագիտությամբ պայմանավորված թոքերի հիվանդություններ, ինչպիսիք են սիլիկոզը, աբսեստոզը եւ այլն: Օրգաններում միջնապատերի հետազոտության ժամանակ կարող են հայտնաբերվել հետկրծոսկրային խպիպ, զարկերակի անեվրիզմներ եւ կերակրափողի լայնացում:

Հետազոտության եւ բուժման հետագա ընթացքը ինչպե՞ս է կազմակերպվում, եթե սքրինինգ հետազոտությամբ հայտնաբերվում են պաթոլոգիկ փոփոխություններ

Անհրաժեշտության դեպքում մեր պացիենտներին առաջարկում ենք բոլյուսային կոնտրաստավորում. դա յոդ պարունակող կոնտրաստ նյութերի ներմուծումն է մեխանիկական եղանակով կառավարվող ներարկիչի միջոցով, պրեպարատի ներարկման՝ մեր կողմից սահմանվող ցանկալի արագությամբ: Բոլյուսային կոնտրաստավորումը հիմնականում առաջարկվում է զարկերակի ավելի հստակ տեսանելիության համար, եթե անհրաժեշտ է հերքել կամ հաստատել թրոմբների առկայությունը խոշոր անոթներում կամ հետազոտել ավելի մանրամասն եւ բարելավել զարկերակի տեսանելիությունը: Արդյունքների մշակումն ավարտելուց հետո, անհրաժեշտության դեպքում մենք պացիենտին ուղարկում ենք մասնագետի մոտ հետագա բուժման համար:

Թոքերի ՀՏ անցկացման ի՞նչ հակացուցումներ եւ սահմանափակումներ կան

Երեխաների եւ հղի կանանց համակարգչային տոմոգրաֆիա անցկացվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ խոսքը պացիենտի կյանքին եւ առողջությանը սպառնացող լուրջ վտանգի մասին է: Կան բոլյուսային հետազոտության հակացուցումներ, ինչպիսիք են երիկամային անբավարությունը եւ յոդի նկատմամբ ալերգիկ ռեակցիան:

Ի՞նչ կցանկանայիք խորհուրդ տալ պացիենտներին, որոնք այս կամ այն պատճառով չեն համարձակվում անել թոքերի համակարգչային տոմոգրաֆիա

Ամենագլխավորը՝ մտածեք ծխելու վնասակարության մասին եւ թե որքան մահացու սովորություն է այն: Թոքերի ՀՏ սքրինինգը ներկայումս ընձեռում է մի շարք ծանր հիվանդությունների վաղ հայտնաբերման լավագույն շանսերը:

ՄԻԲՍ-Երեւան

Հասցե` ՀՀ, ք. Երեւան, Բագրատունյաց 1

Հեռ` 011 42-11-11, 010 42-83-11

Վեբ-կայք` www.ldc.am