Նոր համալիր ծառայություն «Օնկոզննում»

«Օնկոզննում» համալիր հետազոտության կամ քաղցկեղի հայտնաբերման ծրագրի նպատակը ուռուցքաբանական հիվանդությունների վաղ բացահայտումն է: Այն հանդիսանում է ճառագայթային ախտորոշման նորագույն և առավել ինֆորմատիվ մեթոդների՝ ՄՌՏ-ի և ԲՊՀՏ-ի միջոցով, հիմնական օրգանների և համակարգերի ուռուցքաբանական հիվանդությունների բացահայտման հետազոտություն: Այս հետազոտությունների ընդհանուր նպատակը կարճ ժամանակում առավելագույն ճշգրտությամբ տեղեկատվություն ստանալն է այնպիսի ախտաբանական փոփոխությունների վերաբերյալ, որոնք բնորոշ են ուռուցքաբանական պրոցեսներին:

Տվյալ ծրագրի ցուցումներն են:

1.    Օրգաններում և համակարգերում օնկոպաթոլոգիայի բացահայտումը ռիսկային անամնեզի դեպքում (ծխելու սովորույթ, քրոնիկ հիվանդություններ, պրոֆպաթոլոգիա և այլն), հիվանդությունների ժառանգական բնույթի դեպքում (արյունակից բարեկամների մոտ օնկոպաթոլոգիայի առկայություն) կամ կանցերոֆոբիայի դեպքում (վախ քաղցկեղից),
2.   Պրոցեսի տարածվածության գնահատումը արդեն հաստատված ախտորոշման դեպքում,
3.   Բուժման արդյունավետության գնահատումը պրոցեսի տարածվածության առումով,
4.   Բարդ ախտորոշիչ դեպքերում, երբ անհրաժեշտ է բացահայտել պաթոլոգիկ պրոցեսի առաջնային տեղակայումը օրգանիզմում:

ՄՌՏ և ԲՊՀՏ համալիր հետազոտությունների միջոցով օնկոզննման դեպքում գնահատվում է նորագոյացությունների առկայությունը (0,5սմ շրջանագծից մեծ) հետևյալ օրգան-համակարգերում.

1.   Գլխուղեղ:
2.   Պարանոցի փափուկ հյուսվածքներ, վեր- և ստորանրակային, անութային հատվածներ, սկանավորման գոտում հայտնված ողնաշար և ողնուղեղ:
3.  Կրծքավանդակի օրգաններ` թոքեր, միջնորմ, սկանավորման գոտում հայտնված ոսկրերը:
4.  Որովայնի խոռոչի օրգաններ` լյարդ, ենթաստամոքսային գեղձ, լեղատար ուղիներ, փայծախ:
5.  Հետորովայնային տարածության օրգաններ` երիկամներ, մակերիկամներ, հետորովայնային տարածքի փափուկ հյուսվածքներ, սկանավորման գոտում հայտնված ողնաշար և ողնուղեղ:
6.   Կանացի փոքր կոնքի օրգաններ` արգանդ, ձվարաններ, միզապարկ, սկանավորման գոտում հայտնված ողնաշար և ողնուղեղ:
7.   Տղամարդկանց փոքր կոնքի օրգաններ` շագանակագեղձ,  սերմնաբշտեր, միզապարկ, սկանավորման գոտում հայտնված ողնաշար և ողնուղեղ:
8.  Սկանավորման գոտում հայտնված կմախքի ոսկորներ:

Չեն գնահատվում.

1.   Կոկորդը և ըմպանը:
2.  Վահանաձև և հարվահանաձև գեղձը:
3.  Կրծքագեղձերը:
4.  Կերակրափողը, ստամոքսը և աղիները:
5.  Վերին և ստորին վերջույթների ոսկրերը և փափուկ հյուսվածքները:

Հետազոտության ընթացքում պացիենտը գտնվում է բարձր մագնիսական դաշտ ունեցող 1,5 Տեսլա հզորությամբ տոմոգրաֆի (մարդու օրգանիզիմի համար լիովին անվտանգ) և բազմապարույր համակարգչային տոմոգրաֆի մեջ:

ՄՌՏ դեպքում պացիենտի մարմնի վրա տեղադրվում են հատուկ մագնիսական կծիկներ, որոնք հնարավորություն են տալիս պատկերել հետազոտության գոտում գտնվող բոլոր օրգանները և հյուսվածքները՝ գլխուղեղ, պարանոցի փափուկ հյուսվածքներ, որովայնի խոռոչի և հետորովայնային տարածության, փոքր կոնքի օրգաններ, սկանավորման զոնայում գտնվող կմախքի ոսկրեր: Հետազոտությունը տևում է 1,5 ժամ և ավել:

ՄՌՏ հատուկ նախապատրաստում չի պահանջում: Նախընտրելի է հետազոտությունից 5-6 ժամ առաջ բացառել սնունդի ընդունումը, մեկ օր առաջ բացառել սննդից կոպիտ թաղանթանյութը, սև հացը, գազավորված ըմպելիքները և կաթնա-թթվային մթերքները, հետազոտությունից առաջ միջին չափով լցնել միզապարկը՝ առավելագույնս արտածման համար:

Կրծքավանդակի օրգանների ԲՊՀՏ դեպքում իրականացվում է պացիենտի կրծքավանադակի օրգանների նշանակետային հետազոտություն, որը թույլ է տալիս մանրամասն գնահատել թոքերի և միջնորմի օրգանների վիճակը: Հետազոտությունը տևում է 15 րոպե:

Եթե օնկոզննում համալիր հետազոտության ժամանակ բացահայտվեն ախտաբանական այնպիսի փոփոխություններ, որոնք պահանջում են փոփոխությնների առավել խորը տարբերակիչ ախտորոշում, ապա պացիենտին կարող է անրաժեշտ լինել մեկ կամ  մի քանի հատվածների ՄՌՏ և ԲՊՀՏ նշանակետային հետազոտություն, այդ թվում` կոնտրաստային ուժեղացմամբ:

Քաղցկեղի հայտնաբերման յուրաքանչյուր համալիր հետազոտությունից հետո պացիենտին անհրաժեշտ է ուռուցքաբանի խորհրդատվություն: